Ռուսաստանը Հայաստանից որևէ խնդրանք չի ստացել Շիրակից իր ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ և շարունակում է այն համարել հանրապետության և Հարավային Կովկասի անվտանգության կարևոր տարր, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք հայկական կողմից որևէ հարցում չենք ստացել Շիրակում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ։ Մենք շարունակում ենք հավատալ, որ դա Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է», – ասաց դիվանագետը։
Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանի ռազմական ներկայության թեման ներկայումս ակտիվորեն քննարկվում է Հայաստանի սոցիալ-քաղաքական տարածքում, սակայն Մոսկվան դեռևս իրական այլընտրանք չի տեսնում։
«Շատերը բավականին իրավացիորեն հարցնում են. ո՞րն է այլընտրանքը։ Մեր կարծիքով՝ այս պահին ոչ մի այլընտրանք չկա։ Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, օրինակ, ֆրանսիացի զինվորներին այս դերում։ Թեկուզ միայն Ֆրանսիայի և Հայաստանի աշխարհագրական հեռավորության պատճառով», – նշեց փոխարտգործնախարարը։
Կարդացեք նաև
Գալուզինը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է նաև քննարկել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության շարունակականությունը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկվող երկկողմ հարաբերությունների «ինվենտարիզացիայի» շրջանակներում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր զորքերը Հայաստանից, եթե Երևանը խնդրի դա։ Փաշինյանը հետագայում հայտարարել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե Մոսկվան ինքը կայացնի այդ որոշումը։


















































