Արժե հիշել, որ ավելի վաղ՝ հատկապես 2021-2022 թվականներին, երբ Ադրբեջանը կազմակերպում էր առաջին դիվանագիտական այցերը դեպի Շուշի, զարգացավ մեծ քաղաքական սկանդալ։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները բազմիցս դեմ են արտահայտվել և հրաժարվել մասնակցել Բաքվի կողմից կազմակերպված պաշտոնական ուղևորություններին դեպի Շուշի։ Որոշ այցերից հրաժարվել էր նաև Ռուսաստանի դեսպանը։ Այս փաստը չափազանց կարևոր է, քանի որ ցույց է տալիս, որ միջազգային հանրության զգալի մասը (առնվազն սկզբնական շրջանում) գիտակցում էր այս այցերի քաղաքական բնույթը և չէր ցանկանում դառնալ Բաքվի քարոզչական խաղի գործիք։
Սակայն ժամանակի ընթացքում տեղի ունեցավ նուրբ փոփոխություն. դիվանագիտական դիմադրությունը թուլացավ, բոյկոտի գիծը խզվեց, և այսօր արդեն 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչները մասնակցում են այցերին, որոնցից մի քանի տարի առաջ հրաժարվում էին աշխարհի առաջատար պետությունների դեսպանները։ Հարց է ծագում՝ ի՞նչ փոխվեց։ Թերևս փոխվեց այն, որ Ադրբեջանը հետևողականորեն և համակարգված կերպով շարունակեց իր աշխատանքը, իսկ հայկական կողմի դիմադրությունն ու միջազգային գործընկերների հետ աշխատանքը գործնականում դադարեցին գոյություն ունենալ։ Դիվանագիտության մեջ վակուումը երբեք չի մնում վակուում. այն լցվում է ավելի ակտիվ ու ավելի նպատակաուղղված կողմի «ձեռքով», և այսօր մենք հենց սրա ականատեսն ենք։
Հատկապես ցայտուն է այդ աշխատանքի բովանդակային կողմը։ Այս անգամ Գանձասարում ունեցած իր ելույթում Հիքմեթ Հաջիևը վանքը հռչակեց որպես «Կովկասյան Աղվանքի» մշակութային ժառանգություն։ Նա հայտարարեց, թե իբր հայկական կողմն անցած տարիներին «ձևափոխել է» հուշարձանի իրական տեսքը։ Այստեղ մենք հանդիպում ենք ադրբեջանական պատմական քարոզչության ամենախորունկ և ամենավտանգավոր հատվածին։ Գանձասարը, որը հայկական ճարտարապետության բացառիկ մարգարիտներից է, որի արձանագրությունները, խաչքարերն ու շինարարական շերտը դարեր շարունակ փաստել են իր հայկական ծագումը, հանկարծակի հայտարարվում է «աղվանական»։
Այս մեթոդը նորություն չէ. այն կիրառվել է տասնամյակներ շարունակ Նախիջևանի հին Ջուղայի խաչքարերի, Արցախի հարյուրավոր եկեղեցիների ու վանական համալիրների նկատմամբ։ Եվ դրա տրամաբանությունը պարզ է. եթե հնարավոր չէ ժխտել հուշարձանի գոյությունը, ապա պետք է փոխել նրա պատկանելությունը։ Սա մշակութային յուրացման դասական սխեմա է, որն ուղղված է ապագայի համար իրավական և պատմական «հիմքեր» ստեղծելուն։ Վաղը չէ մյուս օրը հարց է ծագելու, թե ո՞ւմ է պատկանում այս ժառանգությունը, իսկ Բաքուն արդեն պատրաստված պատասխան կունենա, որը տարիներ շարունակ արմատավորվել է դիվանագետների, լրագրողների և միջազգային կարծիք ձևավորողների գիտակցության մեջ։ Դեպքը, սակայն, հասնում է անգամ ծայրահեղ աբսուրդի։ Համացանցում տարածված տեսանյութերի համաձայն, Հաջիևը դիվանագետներին է ներկայացրել թանգարանային վերատպության մի գիրք (մուլյաժ), որի դատարկ էջերը փորձել է մատուցել որպես «հայերի կողմից պատմությունը կեղծելու» կամ «պատմություն չունենալու» ապացույց։
Կարդացեք նաև
Ադրբեջանի այսպիսի կեղծարարության դեմ կան առանձին մասնագետների, գիտնականների, հասարակական կազմակերպությունների և համացանցային ակտիվիստների ջանքերը, սակայն դրանք չեն կարող փոխարինել պետության ռեսուրսին, պետության դիվանագիտական ապարատին, պետության համակարգված ռազմավարությանը։ Հայ պատմաբանները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և մշակութային ժառանգության պահպանման կազմակերպությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի այս քաղաքականությունը։ Նրանք ահազանգում են, որ Բաքուն պետական մակարդակով փորձում է ջնջել Արցախի հայկական հետքը՝ եկեղեցիները ներկայացնելով աղվանական, իսկ մյուս կոթողները, օրինակ՝ Շուշիի պատմական գերեզմանատունը կամ Ստեփանակերտի տաճարը, հիմնովին ավերելով։ Այս ահազանգերը հիմնավորված են, փաստարկված են և արձանագրված են բազմաթիվ լուսանկարներով, արբանյակային պատկերներով և դիտորդական զեկույցներով։ Սակայն ահազանգը, որն արձագանք չի ստանում պետական մակարդակով, չի վերածվում միջազգային քաղաքական նախաձեռնության, չի հասնում միջազգային դատարաններ, չի դառնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ Եվրոպայի խորհրդի հաստատական օրակարգ, մնում է օդում կախված ձայն, որը աստիճանաբար խլանում է։
Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը՝ որպես պետություն։ ՀՀ իշխանությունների կողմից պետական մակարդակով ոչ մի նախաձեռնողականություն, հակադարձում չկա. միայն ԱԺ նախագահը «ձեռքի հետ» մի ձևակերպում արեց, այն էլ՝ այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հարց ուղղեց այդ թեմայով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































