Լրահոս
Օրվա լրահոսը

Երեսպաշտ դրոշակակիրներն ու Հայաստանի ուժը

Սեպտեմբեր 15,2026 10:00 Share

Օկուպացված Արցախում տեղի ունեցած ցինիկ դրսեւորման կապակցությամբ Հայաստանի հասարակությունը արդարացիորեն քննադատում է դրա ականատես եւ Հաջիեւի լկտի «հնարամտությամբ» զվարթացած եվրոպացի ու ամերիկացի դիվանագետներին։ Նրանք օկուպացված Արցախում ըստ էության բառի բուն եւ պատկերավոր իմաստով խրախճանք էին անում համամարդկային արժեքների մոխիրների վրա, որոնք արցախահայության դեմ ադրբեջանական ագրեսիայի ու էթնիկ զտման հետեւանքն են։

Իհարկե, դժվար է սառնասրտորեն նայել, թե ինչպես է, օրինակ, Բաքվում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը պարում մի բլոգեր կոչվածի հետ, որը պաշտոնական Բաքվի ակնառու հովանավորությամբ զբաղված է հայատյացությամբ։

Բայց, այդուհանդերձ, իրավիճակը պահանջում է իրողություններին մոտենալ սառնասրտորեն։ Սա չի հակասում այդ դիվանագետներին իրենց հասանելիք կոշտ քննադատությունը առատորեն ներկայացնելու արդարացի պահանջին։ Բայց, դրանով հանդերձ, պետք է նաեւ արձանագրենք, որ դիվանագետներին մեծ հաշվով բացարձակապես մեկ է այդ ամենը։ Նրանց ուղենիշը եւ առաջնորդողը իրենց երկրների շահն է։ Իսկ մեր երկրի պատմության ու իրավունքի, արժանապատվության պաշտպանությունը նրանց գործը չէ։ Նրանց գործը չէ նաեւ համամարդկային արժեքների պաշտպանությունը, որքան էլ հնչի ցավալի։ Նրանց գործը իրենց երկրների տնտեսական, քաղաքական, ռազմական շահերն առաջ տանելն է։

Իհարկե, հենց իրենք են այդ ամենը հաճախ անում բարձր արժեքների ծածանումով, «հանուն» այդ արժեքների։ Բայց այդ դեպքում պետք է ընդամենը արձանագրել դրա կեղծ ու արհեստական լինելը, թույլ չտալով, որպեսզի այդ ամենով լվացվի հայ հասարակության ուղեղը։ Միեւնույն ժամանակ, այդ ամենը չի նշանակում, թե այդ արժեքներն են կեղծ ու արհեստական։ Ոչ, եւ հայ հանրությունը պետք է ձգտի դեպի այդ արժեքներ, դրանց հիման վրա կառուցելով ներքին կյանքն ու հանրային տարբեր շերտերի համակեցությունը։ Դա է ուժեղ Հայաստանի գրավականը։ Պարզապես, ուժեղ լինելու համար պետք է նաեւ չլինել այդ արժեքների երեսպաշտ դրոշակակիրների հանդեպ դյուրահավատ։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930