Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն Հայրենիքի» ՀԿ նախագահ Ներսես Ներսեսյանը ներկայացրեց՝ ինչու է Հայոց Ամանորը, ըստ Գ․ Բրուտյանի, նշվում ամառային արևադարձից մեկ շաբաթ առաջ

Հունիս 16,2026 17:07 Share

2026թ․ հունիսի 14-ին «Հանուն Հայրենիքի» հասարակական կազմակերպությունը 20-րդ անգամ ամառային արևադարձը նշեց Արագած լեռան հարավային լանջին գտնվող Ալիխանյան եղբայրների կողմից 1942 թ․ հիմնադրված Արագածի տիեզերական մասնիկների հետազոտական բարձրլեռնային կայանի տարածքում գտնվող մոտ 5000-ամյա ցլակերպ վիշապաքարի մոտ։

 

Այս հսկա կոթողն ունի 360x116x44 սմ չափեր։ Հայտնաբերվել է 1924թ․ Արագածի Քարակապ տարածքում և տեղափոխվել է Քարե լճի ափ։ Ծովի մակերևույթից 3200 մ բարձրությամբ կայանի մոտակայքում է նաև Քարե լիճը, որը սառցակալած է մնում մինչև ամառվա կեսը։

Օրվա ընթացքում ուխտագնացներն սկզբում այցելեցին Հայոց Ամանորը հունիսի 14-ին նշելու նախաձեռնող, երջանկահիշատակ աստղաֆիզիկոս, տոմարագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գրիգոր Բրուտյանի (28․ 06․ 1955-11․ 04․ 2021) շիրիմին, ծաղիկներ խոնարհեցին, չնայած տեղատարափ անձրև էր։

Այս տարի առատ տեղացած ձյունը դեռևս իր ծածկի տակ է պահում Արագածը։ Քարե լիճ տանող ճանապարհը բաց է, սակայն 2 կողմերում տեղ-տեղ մինչև 3-4 մ բարձրությամբ ձնե պատեր կան։ Աջ ու ահյակ ծաղիկներ են, հատկապես՝ ձնծաղիկներ՝ ձգող ու գերող։

 

Հիշում եմ Վարպետին․

«․․․Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր»։

Մոտ 0, 3 ք/կմ մակերես, առավելագույնն 9 մ խորությամբ, սառցե գոյացությունների արդյունքում առաջացած լիճը, որի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը, ամբողջությամբ սառցակալած ու ձնածածկ է դեռևս։

Լճափին գտնվող վիշապաքարին հասանք ձյան հաստ շերտի վրայով։ Իհարկե, այդ ընթացքում տրակտորով բացում էին բարձրլեռնային կայան մտնող ճանապարհը, որի աջակողմում է վիշապաքարը։

Տեղի ունեցավ խնկարկում։ «Հանուն Հայրենիքի» ՀԿ նախագահ Ներսես Ներսեսյանը ներկայացրեց՝ ինչու է Հայոց Ամանորը, ըստ Գ․ Բրուտյանի, նշվում ամառային արևադարձից մեկ շաբաթ առաջ։ Գրիգոր Բրուտյանը 1992-2002 թթ. Բյուրականի աստղադիտարանում եղել է հայկական օրացույցների հետազոտությանը նվիրված գիտական թեմայի ղեկավար։ Նրա տոմարագիտական ուսումնասիրությունների հիմնական ոլորտը եղել է հայկական հին և հնագույն օրացույցների դաշտը։ Ըստ գիտնականի՝ Հայոց Հայկյան օրացույցը սկսվում է մ․ թ․ ա․ 2341 թվականից, Նավասարդի տոնի սկիզբը՝ Ամառային արևադարձից 8 օր առաջ։ Գ․ Բրուտյանն ի հայտ է բերել Հայոց հնագույն՝ Նախահայկեան օրացոյցն իր ուրոյն կառուցուածքով, որոշ ճշգրտումներ է կատարել հայկական միջնադարյան օրացույցների վերաբերյալ (մասնավորապես՝ Անանիա Շիրակացու (7-րդ դար) Տոմարի հետ կապված), ճշգրտել է Հովհաննես Սարկավագի (1050-1129) ժամանակագրական համակարգը և այլն։

Հավելեց նաև՝ յուրաքանչյուր տարի ուխտագնացների շարքում եղել են տարբեր մասնագիտությունների տեր անձինք՝ մշակույթի գործիչներ, գիտնականներ, լրագրողներ, գրողներ, նկարիչներ և ալք։

Հայոց հազարամյա Ամանորին նվիրված արարողությունից հետո ուխտագնացները եղան Ամբերդի տարածքում։ Ամբերդ և Արքաշեն գետերի միախառնման տեղում՝ ծովի մակերևույթից 2300 մ բարձրության վրա է գտնվում Ամբերդ հայկական միջնադարյան ամրոց-քաղաքը, որի կենտրոնական բարձրադիր մասում Վահրամաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին է` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ:

Արքաշեն գետը, մինչ Ամբերդին միանալը, մի հրաշալի տեսքով ջրվեժ ունի, որն անցնում է ժայռապատ նեղ հունով ու շաչելով իջնում ցած։ Անհնար է հեռվից տեսնել այս հզոր գեղեցկությունն ու չմոտենալ, տարվել բնության հրաշքով։ Լուսանկարում եմ ջրվեժը, որը ներքևում հանդարտվում ու անցնում է բնական դարպասների միջով, միախառնվում ամբողջությամբ փրփուր հիշեցնող Ամբերդ գետին։ Իր ժամանակին Վարպետը ներշնչվել ու ստեղծագործել է հրաշք բանաստեղծությունը․

Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։

 

Արդեն երկրորդ տարին է՝ վերականգնման և ամրակայման աշխատանքներ են ընթանում Ամբերդ ամրոցում։ Հունիսի 14-ին շատ էին այցելուները։ Իսկ տարածքում արդեն սկսել են ժամանակավոր հաստատվել մեղվապահները, անասնապահները։

Արդեն 4-րդ անգամ «Հանուն Հայրենիքի» ՀԿ կազմակերպած ուղտագնացության մասնակիցն եմ։ Հետաքրքիր ու հայրենաճանաչ միջոցառում է։ Հատկապես կարևորվում է մեծ գիտնականի՝ Գ․ Բրուտյանի դերը Հայոց տոմարագիտության գործում։

Անցած 3 տարիներին Ամբերդի տարածքը պատված էր կարմիր խաժխաժ-կակաչներով, իսկ այս տարի այդ գեղեցկուհիները դեռ չեն ծաղկել։

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930