«Մի քիչ սյուռ իրավիճակ է, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալուց հինգ է պակաս, քաղաքական մակարդակում էնպիսի հայտարարություններ են հնչում ԵԱՏՄ-ի մասին, ընդհուպ մինչև որ այս տնտեսական վնասները, որ կրում են արտահանման հետ կապված, իրականում դրանք խնդիրներ են ոչ թե Հայաստանի համար, այլ ԵԱՏՄ-ի համար»,- խորհրդարանի նիստում՝ դիմելով Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Փոխնախարարը ներկայացնում էր «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Ընդդիմադիր պատգամավորը փոխնախարարին խնդրեց՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի անդամակցության մասով դիրքորոշում հայտնել՝ ի՞նչ տեղի կունենա մեր տնտեսության հետ պայմանական, եթե պատկերացնենք իրավիճակ, որ Հայաստանին կամ հանեն ԵԱՏՄ-ից կամ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, եվրոպական շուկան կարո՞ղ է դառնալ այդ այլընտրանքը և քանի՞ տարի հետո կարող է դառնալ:
Փոխնախարարը հայտարարեց՝ Հայաստանը դեռ ԵԱՏՄ լիարժեք անդամ է եւ առավելագույնս օգտագործում ենք կառույցի շրջանակներում բոլոր մեխանիզմները։ Նա հստակ հաշվարկներ չներկայացրեց՝ միայն ասաց, որ դիվերսիֆիկացիան այլընտրանք չունի, որովհետև կախվածությունը մի շուկայից տնտեսության տեսանկյունից կայունության խնդիր է առաջացնում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ իրար հետեւից սկսեցին հակադարձել իշխող խմբակցության անդամները՝ հայտարարելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ այդ կառույցից դուրս գալու մտադրություն չունի։ Վեճը եզրափակեց Արայիկ Հարությունյանը՝ հեգնելով․ «Զգացե՞լ եք, չէ՞, այս ընթացքում Հայաստանի հանրապետությանը և մեր կառավարությանը ինչ-որ բաներ են վերագրում, հետո դրանից վերնագրեր են սարքում։ Ասենք՝ Մարիա Զախարովան վեր է կենում, ասում՝ Հայաստանը վիզա է մտցնում Ռուսաստանի քաղաքացիների համար, հետո դա դառնում է վերնագիր և ամրապնդվում է։ Հետո վեր են կենում, ասում են՝ դե բանը, 102-րդ ռազմաբազայի հարց քննարկենք։ Մենք ասում ենք՝ մենք այդպիսի հարց չենք բարձրացրել, բայց եթե ուզում եք քննարկել, քննարկենք։ Ասում են՝ հայերը քննարկում են 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցը։
Այսօր մի հատ ֆանտաստիկ հարց տալիս է Ագնեսա Խամոյանը, ասում է՝ դուք այս հարցը ինչո՞ւ եք քննարկում, հայտարարում եք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, բայց այս հարցը բերել եք այստեղ։ Մենք չենք հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, բայց հիմա Մոսկվայից տելեգրամը կստանա․ «спасибо, Агнесса Погосовна․․․»։ Մի ապահովեք օտարների համար վերնագրեր»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































