«Վանաձոր համայնքում 2021 թվականից տապալված է ՏԻՄ գծով սահմանադրական կարգը։ Վանաձոր համայնքը դե յուրե չի խոշորացել, դե ֆակտո ինչ-ինչ գործընթացներ են տեղի ունեցել, դե յուրե Վանաձոր համայնքը չի խոշորացել, որովհետև Վանաձոր համայնքը չի ընտրել համայնքի ղեկավար, որը որ պիտի կազմավորեր ու ձևավորեր վարչական շրջանի ղեկավարներ, պիտի գնահատվեր բյուջեն, պիտի ներկայացվեր այդ ընդհանուր խոշորացված համայնքի բյուջեն քննարկման և հաստատման, բայց այնտեղ տեղի են ունեցել այլ գործընթացներ։ Այսինքն՝ այն, որ Վանաձորը չի խոշորացել և մի հատ էլ հիմա ենք, այսպես ասած, խոշորացնում, դա նշանակում է, որ այդ խոշորացման տակ որևէ չափորոշիչ, որևէ չափելի միավոր արդյունավետության, կառավարման, ֆինանսների տեղաբաշխման կամ գյուղական համայնքների ձուլման-չձուլման համար գոյություն չունի»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Ի դեպ, Փամբակ համայնքը խոշորացել է, և չգիտեմ՝ ինչ հաշվարկներ կան այսօր Փամբակ համայնքի խոշորացման արդյունավետության տակ դրված․ չեմ ուսումնասիրել, չեմ ցանկացել ուսումնասիրել։ Եվ հորդորել եմ ու խնդրել եմ թախանձագին․ ինձ համար երբեք որպես անձ չեմ խնդրի, բայց ասում եմ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ այս կարուձևի պրոցեսը թարգեք, և այս ընդմիջման ժամանակ մինչև քվեարկության դնելը թախանձագին խնդրում և աներկբա պահանջում եմ Վանաձորի խոշորացման ծրագիրը այս օրենքի նախագծից հանել»,- հավելեց նա։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, իշխանության ներկայացուցիչները ոչ միայն արդյունավետության, այլ անարդյունավետության մասին էլ չեն կարող փաստարկ ներկայացնել, որովհետև Վանաձորում իրենց իշխանությունների օրոք սահմանադրական կարգը ՏԻՄ-ով տապալվել է․ «Եվ դուք այստեղ նաև խնամքով թաքցնում եք երկրորդ կետը ձեր բերած օրենսդրական փաթեթի փոփոխությունների, որը նորից և կրկին վերաբերում է Վանաձորին և Վանաձորի ձեր դիմաց կանգնած նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին։ 2021 թվականին դուք տարբեր, տարբեր պատրվակներ բերելով Վանաձորը, այսպես ասած, տարաք խոշորացման և կրճատեցիք լիազորությունները համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի, այսինքն՝ իմ, որպեսզի մինչև դեկտեմբերի 5-ը դուք հոկտեմբեր ամսից ունենաք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի, ըստ ձեզ, կարողանաք այդ վարչական լծակները օգտագործել ձեզ համար։ Եվ հիմա, քանի որ դուք Վանաձորի ընտրությունները տեղափոխում եք հաջորդ ժամանակաշրջան, ոչ այն ժամանակաշրջանը, որ Սահմանադրությամբ և ձեր կողմից մատնանշած օրենքների շրջանակներում, տեղափոխում եք այլ ժամանակ, հիմա կրկին դուք բերում եք հետդարձի ռեժիմ։ Այսինքն՝ բերում եք այն ռեժիմի, որով որ դուք կարող եք լիազորությունները համայնքի ու ՏԻՄ մարմինները ներկայացնել մինչև հաջորդ ընտրություններում ձևավորվող ավագանու գործունեություն և նոր համայնքի ղեկավարի ընտրություն»,- ասաց նա՝ հավելելով, որ այս հարցը զուտ քաղաքական նպատակահարմարության հարց է, ոչ ավելին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Խորհրդարանում, հիշեցնենք, քննարկվում է վարչատարածքային եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը։ Սա ՏԻՄ առաջիկա ընտրություններում եւ համայնքների խոշորացման հերթական փուլին ընդառաջ է արվում։
Ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի՝ Էդգար Ղազարյանի համոզմամբ էլ, եթե Ազգային ժողովը այս տեսքով ընդունի այն օրենքի նախագիծը, որը ներկայացված է, ապա կխախտի ՀՀ Սահմանադրությունը․ «Այն, որ Հայաստանի կառավարությունը 18 թվականից սկսած սիրում է խախտել Հայաստանի Սահմանադրությունը, դա իրենց սիրած զբաղմունքն է, մենք դա գիտենք։ Բայց դա իրավունք չի տալիս, որպեսզի մենք խախտենք Հայաստանի Սահմանադրությունը։ Իսկ ի՞նչ է ասում Սահմանադրության 190-րդ հոդվածը․ «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։ Հիմա մենք Ազգային ժողովն ենք։ Բացի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի կարծիքը լսելուց, այդ համայնքների կարծիքը մենք որտե՞ղ ենք լսել, որ հիմա օրենք ընդունենք։ Մենք ուղղակի իրավունք չունենք ընդունելու այս օրենքը։
Իսկ ո՞րն է համայնքի կարծիք լսելու ինստիտուցիոնալ մեխանիզմը։ Հայաստանի Հանրապետությունն ունի «Տեղական հանրաքվեի մասին» օրենք։ Սա հիմնական ձևն է, որպեսզի համայնքները խոշորացնելուց կամ, հակառակը, միավորելուց կամ բաժանելուց առաջ լսվի համայնքի կարծիքը․ դրա ձևը համայնքային հանրաքվեն է։
Այս օրենքի նախագծի հետ ոչ միայն համայնքի կարծիք չկա, այլև չկա նույնիսկ այս համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կարծիքը․ չկա Վանաձոր, Փամբակ, Արարատ, Վեդի համայնքների ավագանիների որոշումներ, նույնիսկ համայնքի ղեկավարի կամ նրա կազմի մեջ մտնող վարչական շրջանների ղեկավարների կարծիք չկա։ Իսկ թե ինչի՞ է այս կառավարությունը իրականացնում խոշորացում, որպեսզի դուք գտնվեք այս դահլիճում։ Դա հակաժողովրդավարական գործընթացների, իշխանությունը կենտրոնացնելու և տեղական ֆեոդալների միջոցով իշխանազավթման նպատակ է»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ-ական Զարուհի Բաթոյանն իր ելույթում Էդգար Ղազարյանին հիշեցրեց՝ օրենքում, դեռ նախկին իշխանությունների պաշտոնավարման ժամանակ, փոփոխություն է կատարվել եւ ավագանու որոշումը պարտադիր չէ, հարցը հանրային քննարկմամբ էլ կարող է որոշվել։
Այս եւ կառավարության անդամի երդման տեքստում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, որոնք երկուսն էլ հատուկ ընթացակարգով քննարկվեցին՝ 24 ժամյա ռեժիմում, ընդունվեցին առաջին ընթերցմամբ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































