«ՔՊ-ն կայացած կուսակցություն չէ, տեղերում հեղինակություն չունեն, այն անձանց, որոնք տեղերում ունեն հեղինակություն, որտեղ կարողանում են իրենց կողմն են բերում՝ քրեական գործերով՝ շահագրգիռ տարբեր մեխանիզմներ ստեղծելով։ Եթե ընդդիմությունը մնում, հաղթում է, հաղթած համայնքի ղեկավարներին ձերբակալում են։ Այսինքն՝ իրենք ժողովրդի ընտրության հետ չեն հաշտվում․ որտեղ կարողանում են իրենց կողմը տանել, տանում են, որտեղ չէ՝ համայնքի ղեկավարն ընտրվում է, սկսում է քրեական հետապնդման ենթարկվել։ Տեղական ինքնակառավարումն այս իշխանությունը մեր երկրում հիմնահատակ վերացրել է»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով սպասվող ՏԻՄ ընտրություններին՝ այսպիսի մտահոգություն հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում նա մեկնաբանեց իր հասցեին հնչող այն մեղադրանքները, թե երբ Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր, հայկական բանակից պարագաներ են վաճառվել այնտեղի խանութներում։
Կարդացեք նաև
Էդգար Ղազարյանը պարզաբանեց․ «Այդ տեղեկությունը, որ Լեհաստանի հետ կապված նման աղմուկ է եղել, ճիշտ է։ Խնդիրը հետևյալն է։ Այն, որ զինվորականի սնունդ է վաճառվել, սխալ է։ Լեհաստանում ապրող մի հայ նկարիչ ֆեյսբուքում լուսանկար էր հրապարակել, իր ձեռքի տակ էր հայտնվել մեկ տուփ պահածոյացված սնունդ։ Դա նկարել ու հրապարակել էր։ Դա ՀՀ-ում մեծ աղմուկ բարձրացրեց․ տպավորություն էր, որ Լեհաստանում դա վաճառվում է, մինչդեռ վաճառքի համար նախատեսված չէ։ Դա մեզ չէր կարող չանհանգստացնել։ Մեր դեսպանության հյուպատոսը կապ է հաստատել հրապարակման հեղինակի հետ, պարզվել է, որ ինքը դա ոչ թե գնել է, այլ իրենց քաղաքի որսորդական խանութներից մեկի տերը, որ մեծածավալ գնումներ է արել Հոլանդիայից ու Գերմանիայից, իր գնումների ընդհանուր փաթեթում տեսել է ընդամենը մեկ տուփ պահածոյացված սնունդ՝ «տուշոնկա»։ Ու քանի որ չի հասկացել, թե դա ինչ է, այդ նկարչին ասել է, կնայե՞ս՝ սա ինչ է։ Ինքն էլ դա տեսել և հրապարակել է։ Մեկ հատ է եղել, բայց ամեն դեպքում մենք դրանով չենք բավարարվել, գրավոր դիմել եմ Լեհաստանի գլխավոր դատախազին, խնդրել, որ ուսումնասիրեն ու պարզեն հանգամանքները։ Դատախազությունը պարզել էր, որ որևէ խմբաքանակի մասին խոսք չկա, ընդամենը վերաբերել է մեկ տուփին։ Հավանաբար ինչ-որ ցուցահանդեսի գնալուց դա այնտեղ գնացել է և հայտնվել է այդ տեղում։ Իմ պաշտոնավարման ընթացքում զինվորի համար նախատեսված սնունդ Լեհաստանում չի հայտնվել, չի վաճառվել»։
ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































