Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 18–20-ը Մեղրիում կանցկացվի Համագործակցության երկրների կինոփառատոնը

Սեպտեմբեր 14,2026 16:55 Share

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 18–20-ը Մեղրիում կանցկացվի Համագործակցության երկրների կինոփառատոնը։

Կինոփառատոնը կազմակերպում է «Արմ Ֆիլմ Ինդուստրի Դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը։ Նպատակն է խթանել Հայաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչների միջև մասնագիտական և ստեղծագործական համագործակցությունը, նպաստել փորձի փոխանակմանը, միջմշակութային կապերի ամրապնդմանը և համատեղ կինոնախագծերի զարգացմանը։ Այն միաժամանակ կանդրադառնա ժամանակակից կինեմատոգրաֆիայում նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման հնարավորություններին։

 30 կարճամետրաժ ֆիլմ՝ Հայաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչներից

Կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 30 կարճամետրաժ խաղարկային ֆիլմ, որոնցից 14-ը ներկայացնում են ԱՊՀ անդամ երկրները, իսկ 16-ը՝ Հայաստանը։

Միջազգային ծրագրում ներկայացված են Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության երիտասարդ կինոգործիչների աշխատանքները։

Փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու երիտասարդ կինոգործիչների լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմերը և ծանոթանալու Հայաստանի և ԱՊՀ երկրների ժամանակակից կինոյի նոր սերնդի ստեղծագործական մոտեցումներին։

Մրցանակներ և մասնագիտական ծրագիր

Փառատոնի մրցութային ծրագրի լավագույն աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին։

 

Մրցանակներ կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն ռեժիսոր
  • Ժյուրիի հատուկ մրցանակ
  • Ժյուրիի հատուկ հիշատակում

Կինոփառատոնի մասնագիտական ծրագրում նախատեսված են նաև պանելային քննարկումներ՝ նվիրված համատեղ ֆիլմարտադրության զարգացման հնարավորություններին և ժամանակակից կինեմատոգրաֆիայում արհեստական բանականության ազդեցությանը։

Նախատեսված են նաև ԱՊՀ անդամ երկրների կինոյի վարպետների հետահայաց ցուցադրություններ, որոնք հնարավորություն կտան հանդիսատեսին անդրադառնալու տարածաշրջանի կինոյի կարևոր էջերին և դասական կինոլեզվին։

Փառատոնը՝ Մեղրիում

«Համագործակցության երկրների կինոփառատոնի» բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին, Մեղրիի մարզամշակութային կենտրոնում։

Սեպտեմբերի 19–20-ին կինոցուցադրությունները, մասնագիտական և մշակութային միջոցառումները, ինչպես նաև փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կանցկացվեն «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնում:

Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Մեղրիի բնակիչներն ու քաղաքի հյուրերը երեք օր շարունակ հնարավորություն կունենան դիտելու ժամանակակից կինոյի լավագույն կարճամետրաժ աշխատանքները, հանդիպելու տարբեր երկրներից ժամանած կինոգործիչների հետ և ծանոթանալու Հայաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդ ստեղծագործողների նոր աշխատանքներին։

 

Մշակույթը՝ որպես համագործակցության և զարգացման հարթակ

Կինոփառատոնի նպատակն է ոչ միայն ներկայացնել ժամանակակից կինոն, այլև մշակույթը դարձնել միջազգային համագործակցության, մասնագիտական կապերի և նոր նախաձեռնությունների ձևավորման գործիք։

Փառատոնի աջակիցներն են Մեղրիի համայնքապետարանը, Մեղրիի մարզամշակութային կենտրոնը, «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնի և «Դարկ» ընկերությունը։

ԿԳՄՍ նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930