«2025-ին ունեցանք հարկային եկամուտների բավական բարձր արդյունքներ՝ 2 տրիլիոն 725 մլրդ հարկային եկամուտներ եւ տուրքեր, որոնք 14 տոկոսով ավելի են 2024 թվականի համեմատ եւ գերազանցում են այն կանխատեսումները, որոնք արվել են 2025 թվականի համար։ Եթե տնտեսության հետ համեմատականներ անցկացնենք, խոսքը հարկեր-ՀՆԱ ցուցանիշի մասին է, ապա այստեղ ունեցանք էական՝ 0,7 տոկոսային կետով աճ՝ հասնելով շուրջ 24 տոկոսի»,- ԱԺ նստաշրջանում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով ՊԵԿ 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։
Անդրադառնալով ստվերի դեմ պայքարին՝ Էդուարդ Հակոբյանը նշեց․ «Ունենք ստվերային շրջանառությունների էական բացահայտումներ, ընդ որում, խոսքը գնում է էական կառուցվածքային տեղաշարժերի մասին։ Մեր օպերատիվ հետախուզական միջոցառումները 22 տոկոսով նվազել են անցած տարի, բայց դրա դիմաց էապես աճել են թե ստվերային շրջանառությունը, թե դրանից գեներացվող պոտենցիալ հարկերը»։
Նա նշեց, որ 2025 թվականին ստվերի դեմ պայքարում մոտ 40 տոկոս դեպքերում թվային օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացրել։
«Բացի դա, մենք ունեցանք նաեւ խոշոր բացահայտումներ, ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ոլորտներում։ Մենք թվային հետախուզության գործիքներով կարողացանք բացահայտել էական համակարգչային ստվերներ, օրինակ, մեկ դեպքը մոտ 30 մլրդ հարկ թաքցրած ստվերի մասին է խոսք գնում»,- ասաց Հակոբյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
ՊԵԿ նախագահը ներկայացրեց նաեւ համակարգում իրականացված բարեփոխումները։ Ասաց, որ 4,9 մլրդ դրամ գումար է նախորդ տարի վերադարձվել հարկ վճարողներին, որի մեջ էական դեր է ունեցել հիպոթեքի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































