«Առավոտի» զրուցակիցն է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը։
–Պարոն Գալիչյան, այսպես կոչված՝ «անկլավների» հարցը վերջին շրջանում դարձյալ թեժացավ։ Նիկոլ Փաշինանն ավելի վաղ հայտարարում էր, որ այդ տարածքների համար Ադրբեջանը դեռ պետք է ներկայացնի իրավական հիմքեր, իսկ վերջին շրջանում արդեն որպես իրավական հիմք է նշում այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա–Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նաեւ ասում է՝ անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետեւ մենք էլ ունենք «անկլավ»՝ Արծվաշենը։ Ի վերջո՝ ի՞նչ իրավական հիմքեր կան այդ տարածքների վերաբերյալ։
-Մենք երեք «անկլավ» ունենք Հայաստանի տարածքում, որը անվանվում է «ադրբեջանական տարածք», բայց դրանց վերաբերյալ իրավական ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի՝ այդ որոշումը ո՞նց է կայացվել, ո՞վ է կայացրել, ինչպե՞ս են այդ տարածքները հանձնվել Արդբեջանին։ Այդպիսի ոչ մի որոշում ու փաստաթուղթ մինչեւ այսօր երեւան չի եկել։ Ես Ազգային արխիվի նախկին ղեկավար պարոն Վիրաբյանին նախկինում հարցրել եմ այդ մասին, ասաց՝ այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի։ Իսկ Արծվաշենի դեպքում գոյություն ունի, որովհետեւ, երբ Ադրբեջանը գրավեց Արծվաշենի տարածքը, որոշ ժամանակ անց որոշեց, որ Արծվաշենը վերադարձնի Հայաստանին՝ ոպես «անկլավ»՝ առանց միացնող պարանոցի՝ ճանապարհի։ Դրա վերաբերյալ փաստաթուղթը կա, բայց այն տարածքները, որոնք Հայաստանում են եւ ժամանակին տրվել են Ադրբեջանին, դրանց վերաբերյալ փաստաթուղթ գոյություն չունի։ Այդ իսկ պատճառով էլ 3-4 տարի առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարեց՝ «եթե Հայաստանն ասում է, որ այդ տարածքները հայկական են, պատկանում են Հայաստանին, ապա պետք է այդ փաստաթղթերը մեզ ներկայացնեն»։ Բայց իրականում հակառակը պետք է ասել՝ եթե Ադրբեջանն ասում է, որ այդ տարածքներն իրենց են տրվել, Ադրբեջանը պետք է փաստաթուղթ ներկայացնի՝ երբ, ինչպես եւ ինչ պայմաններով են իրենց հանձնվել այդ տարածքները։
–Իրականում ինչպե՞ս են այդ տարածքները վերցվել Հայաստանից եւ հանձնվել Ադրբեջանին։
Կարդացեք նաև
-Պարզապես սովետական գենշտաբի քարտեզներում Հայաստանի այդ տարածքները նշել են եւ ասել են՝ սա Ադրբեջանինն է։
–Այսինքն՝ Հայաստանից վերցրել ու բռնակցել են Ադրբեջանի՞ն։
-Այո, վերցրել եւ տվել են Ադրբեջանին՝ հիմնական շեշտը դնելով Հայաստանի մայրուղիների վրա, որպեսզի երբ պետք լինի, կարողանան մայրուղիները կտրել։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ ադրբեջանական այդ «անկլավները» փոքր տարածքներ են, միակ կարեւոր խնդիրը մեզ համար այն է, որ եթե Տիգրանաշենի «անկլավը» հանձնենք իրենց, Արարատյան դաշտից Արենի գնացող մայրուղին կփակվի։ Բայց դրա այլընտրանքը կա, կողքից նոր ճանապարհ պետք է կառուցվի։
–Բայց խնդիրը միայն մայրուղին չէ, տարածքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, եթե ադրբեջանցիները գան բնակվեն Տիգրանաշենում, ի՞նչ իրավիճակ կստեղծվի։
-Ադրբեջանցիները ո՞նց են գալու Տիգրանաշեն, իրենց գալու ճանապարհ չկա, իրենք Հայաստան մտնելու իրավունք չունեն, ինչպե՞ս են գալու։ Տիգրանաշեն գյուղում մի 10 ընտանիք է ապրում հիմա, նրանք պետք է դո՞ւրս գան, ադրբեջանցիները կհամաձայնե՞ն գալ Տիգրանաշենում ապրելու, իմ կարծիքով՝ ոչ ոք չի ցանկանա գալ այնտեղ ապրել։
–Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը պնդում, որպեսզի անպայման վերցնի այդ տարածքները։
-Վերջին երկու տարիներին ադրբեջանցիները պաշտոնապես չեն խոսել «անկլավների» մասին։ Ես կարծում եմ, որ իրականում Ադրբեջանը ցանկություն չունի այդ տարածքները վերցնել ու Արծվաշենը տալ, քանի որ Արծվաշենը Ադրբեջանի համար տնտեսական շատ կարեւոր նշանակություն ունի։ Շրջակա գյուղերն իրար են կապվում Արծվաշենով անցնելով։ Եթե Արծվաշենը տան մեզ, Ադրբեջանն իր գյուղերի միջեւ ճանապարհը կկտրի։ Եվ ես կարծում եմ, որ փոխանակումն է լինելու վերջնական լուծումը, այսինքն՝ Արծվաշենը մնա իրենց, երեք տարածքները՝ Հայաստանին։ 1980-ականներին մեկ անգամ խոսվեց այդ մասին, բայց հետո չհամաձայնեցին, որովհետեւ եթե Ադրբեջանն Արծվաշենը տա մեզ, իր այդ շրջանի տնտեսությունը կաթվածահար կլինի։ Ադրբեջանցիների կողմից էլ ինձ մի քանի անգամ անուղղակի ասվել է, որ՝ եկեք այս հարցը փակենք փոխանակումով։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.06.2026


















































