Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հունիս 25,2026 10:05 Share

Դատախազը 2026 թվականի հունիսի 24-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար:

Հիշեցնենք, որ, ի թիվս այլնի, 2026 թվականի մայիսի 12-ին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձված՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ շուրջ 91%-ի նկատմամբ:

Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Կ.Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը: Մասնավորապես՝ կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը, վնասել է տան ներքին հարդարումը, այդ թվում հոսանքալարերը, ներքին պատերի և առաստաղի հարդարումը, ամբողջությամբ ապամոնտաժել է սալիկները, մանրահատակը, վնասել է բակի ջրավազանը և տան տանիքի ծածկը:

Վերոնշյալ գործողությունների արդյունքում, պետությանը պատճառվել է առնվազն 229 միլիոն դրամի վնաս:

2026 թվականի հունիսի 10-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Կ.Գ.-ի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով և 20 միլիոն դրամ գրավը:

Պետությանը պատճառված վնասի՝ շուրջ 229 միլիոն դրամի վերաբերյալ, դատախազը գույքային հայց կներկայացնի դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930