Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ է նախաձեռնվել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական վարույթը. «Փաստինֆո»

Հուլիս 03,2026 19:01 Share

ՀՀ գլխավոր դատախազությունը չի հայտնում՝ ինչ հիմքով է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արգելվել մեկնել ՀՀ-ից ՝ մինչև նրա նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը։

Այսպես, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 14-ին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ առանց որևէ իրավական հիմնավորման, համենայն դեպս, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառված այդ պահին չի եղել՝ ոչ նախաքննության փուլում գտնվող որևէ վարույթով, ոչ էլ՝ դատարանում քննվող գործով։

Համենայն դեպս՝ թե՛ Քննչական կոմիտեից, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում պնդել էին, որ իրենք կապ չունեն։ Այլ խոսքով՝ հունիսի 14-ի դրությամբ նրա՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակով պայմանավորված անձեռնմխելիությունը ևս հաղթահարված չի եղել և միայն օրեր անց՝ հունիսի 17-ին, ԿԸՀ-ն բավարարեց Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնության միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել՝ 22 տարի առաջ կառավարության որոշումը հաստատելու գործով։ Մասնավորապես, խոսքը 2004թ․ կատարված մի գործարքի մասին է, որը վավերացրել է ՀՀ կառավարությունը, որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, տարիներ անց, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Այժմ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ․ գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է` «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ։ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, որ այս գործընթացում որևէ կրիմինալ չկա, իրականում առուվաճառքի պայմանագիր չկա, վարձակալություն է, ներդրումային ծրագրի մասին է խոսքը, քրեական գործն արհեստական է՝ հնարված։

Ի վերջո, ինչու են 22 տարի առաջ վավերացված որոշման մասին հիշել միայն այսօր՝ թերևս կարելի է ենթադրել, համենայն դեպս, ինչպես արդեն նշվեց, հունիսի 15-ի դրությամբ նախաքննական մարմինները հերքել էին, պնդել՝ սահմանը հատելու սահմանափակման հետ իրենք կապ չունեն։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե երբ է նախաձեռնվել քրեական վարույթը, ինչ հիմքով, երբ է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում կայացվել, ինչ հիմքով է արգելվել Ռոբերտ Քոչարյանին մեկնել ՀՀ-ից՝ մինչև քրեական հետապնդման հարուցումը, քրեական վարույթի շրջանակներում քանի անձի նկատմամբ է հետապնդում իրականացվում։

Դատախազությունից մերժել են տեղեկատվության տրամադրումը՝ հղում կատարելով նախաքննության գաղտնիքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել