Լրահոս
Օրվա լրահոսը

Ներխուժել եք մեր բնակարան ու չեք ասում՝ ինչու. Արեգնազ Մանուկյանին բերման ենթարկեցին

Հուլիս 09,2026 09:44 Share

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին ու, ենթադրաբար, ձերբակալում են։

Վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացնում Արեգնազ Մանուկյանի բնակարանում, ինչը երևում է կարճ տեսանյութից։

Իրավապահները փորձեցին խլել հեռախոսը։ « Մի խլեք ինձանից իմ հեռախոսը…Ներխուժել եք մեր բնակարան ու չեք ասում՝ ինչու եք ներխուժել… Ներկայացեք, ասեք՝ ինչու եք եկել մեր բնակարան, հետո որոշումը ցույց կտաք»,- իրավապահներին դիմեց Արեգնազ Մանուկյանը։ Նրա հեռախոսն անջատվեց։

Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է Անդրանիկ Թևանյանին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հայտնելու մեջ:

«Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Մ.-ն՝ դատարան ներկայացնելու համար»,-հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվել էր 2026թ. մայիսի 23-ին։ Քննչական կոմիտեն 2026թ. մայիսի 21-ին հաղորդագրություն էր տարածել, որ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Անդրանիկ Թեւանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն։ Բացի այդ, ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլարի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Խոսքը, ըստ իրավապահների, 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովում սահմանազատման թեմայով անցկացված փակ նիստի մասին է։ Մանուկյանը պնդել է, որ չի հիշում՝ մասնակցել է այդ փակ նիստին, թե ոչ, և գործը որակել է քաղաքական հետապնդում։

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել