Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան էլ իշխանությունները մանտրայի պես կրկնեն, խաղաղություն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գոյություն չունի»․ Լևոն Զուրաբյան

Հուլիս 13,2026 17:01 Share

«Ինչքան էլ իշխանությունները մանտրայի պես կրկնեն, խաղաղություն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գոյություն չունի»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ն հայտնվել է բավականին խոցելի իրավիճակում․ «Հին կանոնները չեն գործում, ավելանում են ուժի գործադրման հնարավորությունները, ռիսկերը կապված նրա հետ, որ ինչ-որ երկրներ իրենց շահերն առաջ տանելու համար պատրաստ են ուժի կիրառման՝ մասնավորապես Ադրբեջանը, օգտագործելով այս իրավիճակը, գնում է հարցերի լուծման, որի տակ դնում է կամ ուժի կիրառման սպառնալիքը կամ ուժի կիրառումը»։

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ այն, որ հայ ադրբեջանական սահմանին մեկուկես տարի չեն կրակել, դա դեռ չի նշանակում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գոյություն ունի խաղաղություն․ «Ալիևը բազմաթիվ անգամներ այդ թեզն առաջ է տանում, որ ՀՀ-ի հետ մենք դեռ ունենք հարցեր»։

Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ Ալիևին ձեռնտու չէ ՀՀ-ի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր․ «Ալիևը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը ոչ թե այն պատճառով, որ ինքն իսկապես մտածում է՝ մեր Սահմանադրության մեջ կա լուրջ սպառնալիք և հավակնություն Ադրբեջանի տարածքի նկատմամբ, այլ շատ լավ գիտի, որ ՀՀ-ն չի գտնվում այն վիճակում, որ կարողանա տեսանելի ապագայում որևէ ռազմական վտանգ ներկայացնել Ադրբեջանի համար։ Իրեն ուղղակի խաղաղություն պետք չէ։ Իր հաշվարկն այն է՝ քանի որ կան չլուծված հարցեր համաշխարհային քաղաքականության մեջ՝ բալանսի, նոր աշխարհակարգի ձևավորման հարցով, ինքն իր համար հնարավոր իրավիճակներ է տեսնում, երբ ինքը կկարողանա այսպես կոչված՝ Զանգեզուրի հարցը լուծել ռազմական տարբերակով։ Սա Ալիևի կեցվածքի միակ բացատրությունն է։ Առանց փամփուշտ կրակելու ստանում է իր ուզած բոլոր բաները, բայց միևնույն ժամանակ ինքը չի սահմանափակում իր հետագա ռազմավարական պլանները։ Նիկոլ Փաշինյանի գլխավոր հանցագործությունը հենց սա է, որ ինքը Ալիևի այս քաղաքականությունն է սպասարկում»։

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Ալիևի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ ազգային ոգու վերացումը ՀՀ-ում․ «Իսկ եթե Ալիևի նպատակը դա է, ուրեմն Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին և մնացած բոլորին պիտի պահի բանտերում, ավելին՝ այնպես անի, որ հայկական իշխանություններն էլ մտնեն գործընթացի մեջ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել