Կանխարգելում, հայտնաբերում, բացահայտում։ Երեք հիմնական ուղղություն, որոնք ուղենշում են Պարեկային ծառայության շուրջօրյա աշխատանքը՝ ընդգրկելով ոչ միայն վարչական իրավախախտումներին օպերատիվ արձագանքը, այլ նաև հանցագործությունների դեմ պայքարը։
2026 թվականի առաջին կիսամյակում պարեկային ծառայողները բացահայտել են 2288 հանցագործության դեպք։
Ձեռնարկված արդյունավետ միջոցառումների արդյունքում ավելացել են թե՛ թմրամիջոցների շրջանառության, թե՛ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերը։ Թմրամիջոցների հայտնաբերման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 դեպքով՝ հասնելով 1300-ի, իսկ զենք-զինամթերքի հայտնաբերմանը՝ 35 դեպքով՝ կազմելով 132 դեպք։
19,9 տոկոսով աճել են սառը զենքի հայտնաբերման դեպքերը։
Կարդացեք նաև
Պարեկային ծառայողների կողմից բնակչության շրջանում բացատրական աշխատանքի շնորհիվ աճել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնելու դեպքերը։
Հետևողականորեն իրականացվող միջոցառումների արդյունքում բացահայտվել են ֆիզիկական ներգործության, խուլիգանության, գողության, մարմնական վնասվածք պատճառելու, տրանսպորտային միջոցների առևանգման, ապօրինի ծառահատման դեպքեր։
Ուշագրավ է նաև կեղծ փաստաթղթերի հայտնաբերման ցուցանիշը։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 60 դեպք, այս տարի այն 301 է․ 300-ը վարորդական իրավունքի կեղծ վկայականի հայտնաբերման դեպք են։
Հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ պարեկային ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 90 հետախուզվող անձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51-ի դիմաց։
Արձանագրված դրական ցուցանիշները միայն թվեր չեն։ Դրանց հետևում պարեկային ծառայողների շուրջօրյա աշխատանքն է՝ յուրաքանչյուր ահազանգին արագ արձագանքելու, իրավախախտումների և հանցագործությունների դեմ հետևողական պայքարի և, որ ամենակարևորն է, հանրային անվտանգության ապահովման պատասխանատվությունը։
ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն


















































