«Հարկերի հետ կապված մեղադրանքը՝ ապօրինի լինելու հիմքով դատախազը դադարեցրել է»,- Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը)։
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այդ օրը Գագիկ Ծառուկյանը «Զվարթնոց» օդանավակայանից փորձել էր դուրս գալ ՀՀ-ից, սակայն իրավապահ մարմինները թույլ չէին տվել։ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը պարզաբանել էր, որ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3-օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։
Կարդացեք նաև
Քննչական կոմիտեի բակում լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Գագիկ Ծառուկյանի՝ կալանքի դեմ վերաքննիչ բողոքն ի՞նչ փուլում է, նրա պաշտպան Էմին Խաչատրյանը պատասխանեց․ «Որևէ նորություն չկա, բողոքը ներկայացվել է, մեկ-երկու օրվա ընթացքում կտեղեկանանք՝ ում է մակագրվել, գործը քննվելու է բանավոր, թե գրավոր ընթացակարգով և եթե գրավոր ընթացակարգով, ապա երբ է որոշման հրապարակման օրը»։
Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































