Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախից ինձ հեռացրին վարույթից, թույլ չեն տալիս Գագիկ Ծառուկյանի պաշտպանը լինել, որպես վկա՝ կանչել են հարցաքննության»․ Երեմ Սարգսյան

Հուլիս 22,2026 13:20 Share

«Մեր իրավապահ համակարգը չի դադարում ապօրինությունների մակարդակով զարմացնել։ Առերեսումը սկսելուց առաջ որոշեցին՝ ինձ հեռացնում են վարույթից՝ վախից, թույլ չեն տալիս, որ լինել Գագիկ Ծառուկյանի պաշտպանը, որովհետև Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, թե իրենց ընդհանուր հանդիպումներին ես ներկա եմ եղել, և դիտարկում են, որ կարող եմ գործի վերաբերյալ տվյալ ունենալ և վկայի կարգավիճակում հարցաքննվել։ Սա ապօրինության գագաթնակետն է»,- ՀՀ Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա հայտնեց, որ իր գործընկերները ներսում, որտեղ հարցաքննվում է Գագիկ Ծառուկյանը` բացարկ են հայտնելու և հրաժարվելու են մասնակցել հետագա գործողություններին։ Երեմ Սարգսյանը նաև տեղեկացրեց՝ իրեն ծանուցագիր են հանձնել, որ այսօր ժամը 15։00 ներկայանա որպես վկա` հարցաքննության։

Ըստ նրա՝ սա հատուկ է արվում․ «Երբ տուժողի հարցաքննությունը կատարվում էր, այն հարցերը, որոնք ներկայացնում էի տուժողին, և վարույթն իրականացնող մարմինը տեսնում էր՝ իրենց նախորդ ցուցմունքները կոտրվում են, սկսում էր հանել հարցը։ Հետո վախից ինձ հեռացրին վարույթից։ Ամեն ինչ անում են, որ գոնե նշույլ պահեն մեղադրանքի, որ ցույց տան՝ իբր թե հիմնավորում ունեն։ Կոնկրետ ապացույցներ ենք ներկայացրել, ունենք անհերքելի ապացույցներ, և կհիմնավորենք, որ ինչ ասել է իրանական կողմը` սուտ է։ Վարույթն իրականացնող մարմինները գիտեն այդ մասին, բայց չեն ուզում տեսնել»։

Ըստ Երեմ Սարգսյանի՝ քննչական խումբն ուղղորդում է Իրանի քաղաքացիներին․ «Երեկ այդ անձը հանկարծ սկսեց իմ մասին ասել, որ Երեմ Սարգսյանն ինչ-որ հարցազրույցներ է տալիս, դրանցից նեղվել էր, նշում էր, որ իրական հեռուստաալիքներով իմ հարցազրույցներն են, և իրենք այնտեղ խայտառակվում են։ Հարցրի՝ նախկին ցուցմունքներումդ որևէ բան չես ասել իմ մասին, ի՞նչ ծագեց քեզ մոտ, որ սկսեցիր նման բաներ ասել։ Հարցրի՝ ինձ որպես ո՞վ ես ճանաչել, իրանցին ասաց, որ որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբան։ Քրեական օրենսգիրքն ասում է, որ չի կարող որպես վկա հարցաքննվել փաստաբանը՝ կապված իր կողմից որպես փաստաբան մատուցված ծառայությունների հետ։ Մեր իրավապահների համար իրանցիների ասածները վերին ճշմարտություն են, մեր փաստարկները չեն էլ լսում։ Մեր իրավապահները՝ հանձին Իրանի քաղաքացու, ոսկե ձկնիկ են գտել իրենց համար, որովհետև շահերը համապատասխանում են փոխադարձաբար։ Նրանք գումար են ուզում, այս մարդիկ էլ ուզում են Ծառուկյանին կալանքի տակ պահել։ Շահերը համընկնում են, փորձում են համագործակցել»։

Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը և Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031