Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան

Հուլիս 22,2026 17:50 Share

«Բնականաբար, ակնկալում էինք, կանխատեսում էինք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը փորձում է հաստատել կոշտ բռնապետական ռեժիմ, իսկ բռնապետական ռեժիմի պայմաններում ակնկալել, որ դատաիրավական համակարգը կառաջնորդվի օրենքով, Սահմանադրությամբ, առողջ տրամաբանությամբ եւ բանականությամբ՝ ծիծաղելի է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դերենիկ Մալխասյանը՝ անդրադառնալով կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու որոշմանը։

Դերենիկ Մալխասյանը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն է ժամանակին ասել՝ կա՞ Հայաստանում դատավոր, որը վարչապետի ցանկությունները չանի, եւ հավելում, որ հիմա մենք տեսնում ենք՝ դա լոկ ասված խոսք չէ. «Նիկոլ Փաշինյանը մի ղեկավար է, որը մի SMS-ի միջոցով կարող է աշխատանքից ազատել ԲԴԽ նախագահին, եւ այստեղ խոսել օրենքի, իրավունքի, մարդու իրավունքների մասին անհեթեթ եւ ծիծաղելի զբաղմունք է։ Այլ հարց, թե ի՞նչ դրդապատճառներ ունեն այս հետապնդումները Անդրանիկ Թեւանյանի, Արեգնազ Մանուկյանի, Արմեն Աշոտյանի, Ավետիք Չալաբյանի, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. շատերը կան, եւ կանխատեսվում է, որ էլի շատերի հետեւից է գնալու Նիկոլ Փաշինյանը։ Դրդապատճառը, կարծում եմ, ոչ միայն իշխանությունը պահելն ու հետո վերարտադրվելն է, այլեւ այստեղ կա արտաքին գործոն, աշխարհաքաղաքական տարր։ Գիտեք, որ առաջիկայում սպասվում են որոշակի գործընթացներ, հատկապես հարեւան Ադրբեջանի հետ «խաղաղության» տրամաբանության շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանը ակնկալում է, որ անելու է քայլեր, որոնք, ըստ էության, չեն բխում Հայաստանի, հայ ժողովրդի շահերից, եւ նա մեկուսացնում է այդ քաղաքական գործիչներին՝ մտածելով, որ նրանք ունակ են այդ ծրագրերի իրականացմանը լուրջ խոչընդոտ հանդիսանալ»։

Երեկ «Երեւան» ՔԿՀ-ից հրապարակված հոդվածում Անդրանիկ Թեւանյանը պահանջում էր բաց դատավարություն, որպեսզի հանրությունը տեսնի, թե ո՞վ է իրականում մեղավորը, ո՞վ՝ պատվեր կատարողը, շինծու քրեական գործ կարողը, եւ եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակային մեղադրանք է ներկայացրել, եւ նրա չինովնիկներն ու ինքը խախտել են անմեղության կանխավարկածը, մարդուն պիտակավորել են, բարի համբավն ու պատիվն արատավորել են, բաց դատավարության ընթացքում բոլորը տեսնեն իրականությունը եւ հասկանան՝ պետական դավաճանություն կա՞, թե՞ չկա։ Դերենիկ Մալխասյանը համարում է, որ Նիկոլ Փաշինյանի համար սա լավ հնարավորություն է. «Որ գոռգոռում էր եւ շարունակում է գոռգոռալ տարբեր տեղերում՝ Անդրանիկ Թեւանյանին վերագրելով տարատեսակ աներեւակայելի մեղքեր, թող բաց դատավարություն լինի, եւ բոլորը տեսնեն՝ արդյոք մեկ մազաչափ անգամ մեղավորություն ունե՞ն Անդրանիկ Թեւանյանը կամ Արեգնազ Մանուկյանը»։

Դիտարկմանը՝ բռնաճնշումները ամեն օր նոր ձեւ եւ որակ են ստանում, ընդդիմադիր հիմնական ուժերն էլ կարծես դիմակայելու առանձնահատուկ օրակարգ չունեն. ո՞ւր ենք գնում այսպես, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո, Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ բռնաճնշումները մեծ ծավալներ են ընդունում։ Հաջորդ փուլում կարող են լինել նաեւ լրագրողները, լրատվամիջոցները, այդ նախանշանները նկատվում են։ Հետո անցնելու են հասարակական կազմակերպությունները, հետո արդեն թիրախում կհայտնվեն այն քաղաքացիները, ովքեր համարձակություն կունենան ինչ-որ ձեւ քննադատել այս իշխանություններին։ Հետեւաբար, բոլորի պարտականությունն է, հատկապես քաղաքական ուժերի, որպեսզի նրանք անեն իրենց քայլը՝ այս բռնաճնշումները կանգնեցնելու համար։ Դա վերաբերում է եւ խորհրդարանում, եւ խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերին։

Գիտեք, Նիկոլ Փաշինյանի հիմնական վարպետությունը կայանում է նրանում, որ նա պառակտել է քաղաքական, հասարակական դաշտը, թշնամացրել է տարբեր քաղաքական ուժերի, հանել իրար դեմ, այդ թվում նաեւ ընդդիմադիր դաշտում, եւ շատ-շատերը կաշկանդվում են պաշտպանել մրցակից մեկ այլ քաղաքական ուժից ինչ-որ մեկի ձերբակալումը։ Սա Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տալիս գրեթե անարգել ձերբակալել ընդդիմադիր գործիչներին եւ «մարսել» դա։ Եթե իրենք հանդես չեն գալիս միասնական եւ միակամ՝ Հայաստանում օրենքի, օրինականության, սահմանադրական կարգի ճգնաժամը հաղթահարելու օգտին, ապա շատ դաժան է լինելու նաեւ իրենց ճակատագիրը։ Հերթով բոլորը հայտնվելու են բանտերում, եւ եթե հիմա դատարանների բակերում հավաքվում են 10, 20 կամ 100 հոգի, հետո այլեւս մարդ չի հայտնվելու այնտեղ։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հաստատել կոշտ բռնապետական համակարգ, ապա գալու են նաեւ ամենասովորական քաղաքացիների հետեւից, ովքեր համարձակություն կունենան սոցցանցերում քննադատական խոսք գրել»։

Մեր զրուցակցի հավաստմամբ, այս խնդիրը լուծելուն է միտված նաեւ տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչների կողմից ստեղծված «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով» հանձնաժողովը, որպեսզի ինստիտուցիոնալ ձեւով հնարավոր լինի կանխել այս ընթացքը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031