Լրահոս
Օրվա լրահոսը

Օրտեգան արդեն ասել է այն, ինչ Փաշինյանի համակարգը դեռ փորձում է թաքցնել ընտրությունների ցուցանակի հետևում․ ժողովուրդը կարող է քվեարկել, բայց իշխանությունն այլևս չի ընդունում ժողովրդի՝ իրեն փոխելու իրավունքը. Դավիթ Անանյան

Հուլիս 23,2026 12:20 Share

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան, որը 2006 թվականին իշխանության էր վերադարձել ազատ ընտրությունների արդյունքում, հուլիսի 19-ին հայտարարել է, որ երկրում «այլևս երբեք ընտրություններ չեն լինի»։ Նրա հիմնավորումն առավել խոսուն էր․ ընդդիմությունը, պարզվում է, ցանկանում է ընտրությունների միջոցով իշխանության գալ։

Այսպիսով, Օրտեգան ակամա տվել է ավտորիտար իշխանության ամենաազնիվ սահմանումը, ըստ որի ժողովրդի՝ իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխելու սահմանադրական իրավունքն այդպիսի իշխանության համար արդեն իշխանության զավթման փորձ է։

Բռնապետությունը չի սկսվում այն օրը, երբ իշխանությունը հայտարարում է, որ այլևս ընտրություններ չեն լինելու։ Այդ օրը պարզապես ավարտվում է ձևականությունը։ Բռնապետությունն սկսվում է շատ ավելի վաղ՝ այն պահին, երբ ընտրությունները դեռ անց են կացվում, բայց իշխանությունն արդեն տնօրինում է մրցակցության պայմանները, վարչական ռեսուրսը, տեղեկատվական դաշտը, իրավապահ համակարգը և վերջնական արդյունքը կամայականորեն վավերացնելու իրավական գործիքակազմը։

Նիկոլ Փաշինյանը ևս իշխանության եկավ հանրային ընդվզման և ընտրությունների միջոցով՝ խոստանալով պետությունն ու իշխանությունը վերադարձնել ժողովրդին։ Ութ տարի անց պետությունն ու իշխանությունը ոչ թե վերադարձվել է ժողովրդին, այլ աստիճանաբար ծառայեցվել է մեկ անձի և մեկ քաղաքական ուժի իշխանության վերարտադրությանը։ Իսկ այդ իշխանությունը փոխելու ցանկացած իրական հնարավորություն ներկայացվել և ներկայացվում է որպես սպառնալիք պետությանը, խաղաղությանը և նույնիսկ Հայաստանի գոյությանը։

Երբ քաղաքացին կարող է քվեարկել, բայց նրա քվեն չի կարող իշխանություն փոխել, ընտրությունը դադարում է ժողովրդավարության մեխանիզմ լինելուց և վեր է ածվում ավտորիտար իշխանության լեգիտիմացման ծեսի։

Այնուհետև, գալիս է հաջորդ փուլը՝ քաղաքական այլընտրանքների հետևողական թուլացումը։ Մեկի նկատմամբ քրեական հետապնդում, մյուսի մոտ խուզարկություն, երրորդի դեմ պետական մարմնի հրապարակային մեղադրանք, չորրորդի նկատմամբ տնտեսական կամ վարչական ճնշում։ Իրավապահներն ու դատարաններն էլ այլևս արդարադատության անկախ մարմիններ չեն, այլ քաղաքական որոշմանը իրավական տեսք հաղորդող վերջին օղակն են։

Օրտեգան արդեն հանել է դիմակը, իսկ Փաշինյանի համակարգին այն դեռ անհրաժեշտ է՝ արտաքին աշխարհին ժողովրդավարություն ցուցադրելու և ներսում իշխանության վերարտադրությունը ժողովրդի ընտրություն ներկայացնելու համար։

Հետևաբար, Նիկարագուայի և Հայաստանի միջև տարբերությունն առայժմ ոչ թե իշխանության բնույթի, այլ ավտորիտար ճանապարհով անցած տարածության մեջ է։

Նիկարագուան հեռավոր լատինամերիկյան պատմություն չէ։ Այն հայելի է՝ դրված մեր ընտրած ճանապարհի վերջում։

Օրտեգան արդեն ասել է այն, ինչ Փաշինյանի համակարգը դեռ փորձում է թաքցնել ընտրությունների ցուցանակի հետևում․ ժողովուրդը կարող է քվեարկել, բայց իշխանությունն այլևս չի ընդունում ժողովրդի՝ իրեն փոխելու իրավունքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031