Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրի ինստիտուցիոնալ կարողությունների մակարդակը չի համապատասխանում մեր առջև կանգնած մարտահրավերներին». Դավիթ Անանյան

Հոկտեմբեր 12,2026 23:30 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ՖԲ գրառումը.

2026 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռոբերտ Հոլին և Մայքլ Վուդֆորդին՝ մակրոտնտեսական կայունացման միկրոտնտեսական հիմքերի մշակման համար։ Նրանց հետազոտությունների առանցքում ընտանիքների ու ընկերությունների որոշումներն են, ապագայի վերաբերյալ սպասումները և դրանց ազդեցությունը տնտեսական քաղաքականության արդյունքների վրա։

Սպառման, պահանջարկի և սպասումների կարևորությունն ինքնին գիտական նորություն չէ։ Սակայն մրցանակակիրների ներդրումը նաև Քեյնսի գաղափարների պարզ կրկնությունը չէ։ Այն այդ գաղափարների վերակառուցման, մաթեմատիկական հիմնավորման և տնտեսական քաղաքականության մեջ կիրառելի մեխանիզմների մշակման մեջ է։ Տասնամյակներ առաջ ձևակերպված հարցերը ստացել են ավելի ամբողջական ու ստուգելի պատասխաններ։

Հայաստանի համար այս քննարկումը գործնական նշանակություն ունի։ Մենք բազմիցս անդրադարձել ենք տնտեսական կառուցվածքը փոխելու և արդի աշխարհի մարտահրավերներին պատրաստ լինելու անհրաժեշտությանը։ Երկարաժամկետ մտածողությունը պետք է հիմք դառնա այսօրվա որոշումների համար, մասնավորապես, պետք է հստակ պատասխաններ ունենալ յետևյալ հարվերին. ի՞նչ ենք արտադրելու, ո՞ր շուկաներում ենք մրցակցելու, ինչպե՞ս ենք բարձրացնելու արտադրողականությունն ու ստեղծելու ավելի մեծ ավելացված արժեք։

Փոքր ներքին շուկա ունեցող երկրի զարգացման հնարավորությունները չեն կարող սահմանափակվել ներքին սպառմամբ։ Անհրաժեշտ է զարգացնել բարձրարժեք արտադրությունն ու ծառայությունները, ընդլայնել արտահանումը, բնական ռեսուրսների արդյունահանումից անցնել դրանց վերամշակմանը։ Դրա համար անհրաժեշտ են կրթություն, տեխնոլոգիաներ, ենթակառուցվածքներ և հետևողական պետական քաղաքականություն։

Սակայն տնտեսական քաղաքականության արդյունավետությունը կախված է նաև նրանից, թե քաղաքացին ու գործարարը որքան են վստահում դրա հետևողականությանն ու շարունակականությանը։

Հենց այստեղ է Հայաստանի այսօրվա գլխավոր խնդիրը։ Մեր երկրի ինստիտուցիոնալ կարողությունների մակարդակը չի համապատասխանում մեր առջև կանգնած մարտահրավերներին։ Իշխանության քաղաքական ու տնտեսական վարքագծի անհետևողականությունը դժվարացնում է վստահելի սպասումների ձևավորումը, իսկ տարվող քաղաքականությունները հաճախ չեն միավորվում զարգացման հստակ և երկարաժամկետ տրամաբանության մեջ։
Գիտական առաջադեմ միտքը գործնական արդյունք է տալիս այնտեղ, որտեղ կան կարողունակ ինստիտուտներ, պատասխանատու որոշումներ և կանխատեսելի կանոններ։ Ռացիոնալ տնտեսական քաղաքականության համար անհրաժեշտ է ռացիոնալ կառավարման միջավայր։

Երբ այդ միջավայրը փոխարինվում է կամայականությամբ, կարճաժամկետ քաղաքական հաշվարկով և իրար հակասող որոշումներով, նույնիսկ լավագույն գիտական գործիքների արդյունավետությունն է սահմանափակվում։ Հայաստանի համար խնդիրը նաև առաջադեմ միտքը կիրառելու պետական կարողություն ձևավորելն է։

Իռացիոնալ իշխանական վարքագծի պայմաններում քաղաքացիներից ու բիզնեսից ռացիոնալ սպասումներ պահանջելը տնտեսական քաղաքականություն չէ։ Դա սեփական անհետևողականության գինը հասարակության վրա դնել է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031