Լրահոս
Օրվա լրահոսը

Անետ Աղաբեկյան. «Ես չեմ ապրում աստղային կյանքով, թեպետ կցանկանայի»

Հուլիս 29,2026 14:06 Share

Այսօր նրա յուրաքանչյուր նոր երգ վերածվում է հիթի, իսկ տեսահոլովակները գրանցում են ռեկորդային միլիոնավոր դիտումներ։ Անետ Աղաբեկյանը հայկական շոու-բիզնեսի ամենաակտիվ և քննարկվող երգչուհիներից է, ով չի վախենում ռիսկի դիմելուց, անկեղծությունից ու փորձարարություններից։ Մեզ հետ զրույցում Անետը բացահայտում է իր հաջողության գաղտնիքը, անդրադառնում սոցցանցային աղմուկին և պատմում, թե ինչ է կատարվում բեմից դուրս։

– Անե՛տ, Դուք հաճախ եք նշում, որ Ձեր ճանապարհը եղել է դժվար ու փշոտ՝ ռեստորանային ու ակումբային ելույթներից մինչև մեծ բեմեր։ Եթե հետ նայեք, ո՞րն է եղել այն ամենաբարդ պահը, երբ մտածել եք ամեն ինչ թողնելու մասին, և ի՞նչը Ձեզ ուժ տվեց առաջ գնալ։

-Այո, կարծում եմ ցանկացած դժվար ճանապարհ միշտ էլ երկարատև է լինում, որովհետև այն, ինչը քեզ դժվար է տրվում, մնայուն է։ Իսկ հեշտ ճանապարհով տրվածը՝ կարճ է տևում։ Իսկ ես դժվար, բարդ ճանապարհ եմ անցել ու փառք Աստծո, մինչև օրս էլ դժվարությունները հաղթահարելով անցնում եմ առաջ։ Իհարկե, շատ բարդությունների եմ բախվել, բայց կարևորը կարողացել եմ տակից պատվով դուրս գալ՝ հաղթահարել, մեծ կամքի ուժի շնորհիվ։ Կյանքը պայքար է, նպատակին հասնելու համար պետք է պայքարել և չհուսահատվելով միշտ նայել առաջ։

– Հարցազրույցներից մեկում հիշատակել եք մայրիկին տված խոստումը, որ նույնիսկ «ծակ կոշիկով» կերգեք, բայց նրա պատիվը բարձր կպահեք։ Այսօր, երբ արդեն հաջողակ և սիրված արտիստ եք, ի՞նչ է ասում մայրիկը, երբ տեսնում է Ձեր հաջողությունները։

– Մայրիկիս հետ միասին ենք անցել այս դժվարությունները։ Նա միշտ աղոթում էր ինձ համար ու հավատում էր ինձ, որ պետք է առաջ գնամ և դառնամ, ինչպես ես էի ասում, սիրված երգչուհի։ Այսօր մայրիկս շատ ուրախ է։ Կարծում եմ` ցանկացած ծնող կուրախանա, երբ իր զավակին հասցնի նպատակին ու առավել ևս դառնա հայտնի, սիրված երգչուհի։ Մայրիկս միշտ հպարտանում է ինձնով՝ առավել ևս այսօր, երբ հասել եմ իմ նպատակին, ու սիրված եմ հանրության կողմից։

– Շատերը ձեր կատարումները ասոցացնում են շանսոն ժանրի հետ, նշել եք, որ Ձեր լսարանը ձևավորվել է Ալլա Պուգաչովայի և Լյուբով Ուսպենսկայայի երգերի Ձեր կատարումներով։ Չե՞ք վախենում, որ այս ժանրը կարող է սահմանափակել Ձեզ, թե՞ հակառակը՝ դա Ձեր ամենամեծ առավելությունն է՝ հայկական շոու-բիզնեսում։

– Ես միայն շանսոն չեմ երգում, փառք Աստծո, իմ ձայնային տվյալները թույլ են տալիս, որ ցանկացած ոճում էլ կարողանում եմ երգել, որովհետև տարիներ շարունակ աշխատել եմ ռեստորաններում։ Դա ինձ կոփել և կենդանի ձայնով ավելի հասուն երգչուհի է դարձրել։ Երգչուհին ցանկացած ոճում պետք է փորձի իրեն և, որն իրենն է ու ավելի համահունչ իր ձայնին, ուրեմն հենց այդ ժանրում էլ պետք է հանդիսատեսին ուրախացնի՝ իրենց սիրած երգերով։

– Այս տարի բավականին ակտիվ եք, թողարկել եք մի շարք նոր երգեր ու զուգերգեր։ Ինչպե՞ս եք ընտրում այն արտիստներին, ում հետ պատրաստվում եք զուգերգ երգել։

– Համագործակցություններն ընկերներիս հետ եղել են շատ պատահական, միտումնավոր ու նախապես չենք պլանավորել։ Կարծում եմ` դրանք շատ ստացված են, հանդիսատեսն էլ շատ է սիրել։ Ինչ վերաբերում է հետագա պլաններին, ասեմ, որ շատ երգեր ունեմ, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն, բայց փակագծեր չեմ բացի՝ դրանք կլինեն անակնկալ։

– Անե՛տ, 6 ամսում թողարկել եք 6 շքեղ ու թանկարժեք տեսահոլովակ։ Գաղտնիքը ո՞րն է, հայկական շոու-բիզնեսում արտիստներ կան, որոնք տարվա ընթացքում նույնիսկ մեկ տեսահոլովակ չեն կարողանում թողարկել։

– Ես փոքրուց եղել եմ նպատակասլաց և այնպես եմ արել, որ միշտ լինեմ բարձունքում։ Այսօր, փառք Աստծո, բախտը ժպտացել է ինձ։ Կորպորատիվ միջոցառումներին կատարումներից վաստակած գումարները ես չեմ վատնում իմ քմահաճույքների ու ճոխությունների վրա, այլ ներդնում եմ իմ գործի մեջ՝ նոր տեսահոլովակների և նոր երգերի տեսքով։ Ուզում եմ, որ միշտ ակտիվ լինեմ իմ հետևորդների համար, քանի որ միշտ նորություններ են սպասում ինձնից։ Ես էլ փորձում եմ այդ ակտիվությունը պահել իմ երկրպագուների համար։

– Հետաքրքիր է՝ այս տարվա թողարկված տեսահոլովակներից ո՞րն է YouTube-ում ամենաշատ դիտումները գրավել, և սպասու՞մ էիք նման արձագանքի։

– Դեռևս միայն «Երկուսով» երգի տեսահոլովակն է, որ 2 ամսում արդեն ունի 16 միլիոն դիտում։ Իրականում, այո, սպասում էի, որ այս գործը կսիրվի, քանի որ հենց առաջին նոտայից, երբ երգը լսեցի միանգամից փշաքաղվեցի։ Հենց այդ ժամանակ էլ ասացի, որ այս երգը հիթ է դառնալու։ Այդպես էլ եղավ ու բոլոր հարթակներում երգը սիրված է և հնչում է, ինչի համար անչափ ուրախ եմ։ Խոստանում եմ՝ առաջիկայում ավելի սիրուն երգեր են լինելու։

– Անե՛տ, վերջերս սոցցանցերում մեծ աղմուկ առաջացրեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես եք Ձեր վերջին տեսահոլովակի նկարահանման հրապարակում հանկարծակի ուշաթափվում։ Շատ երկրպագուներ վախեցել էին, իսկ ոմանք էլ պնդում էին, որ դա PR քայլ էր։ Ի վերջո, ի՞նչ էր տեղի ունեցել։

– Քանի որ հիմա սոցցանցերը պահանջում են հետաքրքիր ու կրեատիվ   նորություններ, իմ SMM աշխատակցի հետ կատակի տեսքով նման հետաքրքիր բան պլանավորեցինք։ Հետևորդներից շատերը դրական ընդունեցին, զգացին, որ ուղղակի կատակ էր, ոմանք էլ, այո, մտածեցին, որ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Բայց, փառք Աստծո, ինձ հետ ամեն ինչ կարգին է, ուղղակի տեսահոլովակից առաջ մարկետինգային խորամանկ քայլ արեցինք։

Մեկ այլ քննարկվող դեպք էլ Գորիսի Ձեր համերգի տեսանյութն էր, որտեղ բեմից հայտնվում եք հանդիսատեսի գրկում։ Որտե՞ղ է Ձեզ համար սահմանը արտիստի և երկրպագուի միջև, և ինչի՞ է պատրաստ Անետ Աղաբեկյանը հանուն իր հանդիսատեսի սիրո։

– Գորիսում տեղի ունեցավ մի դեպք, որը համ հաճելի էր, համ՝ ոչ, քանի որ չգիտեի իրականում ինչ կարող էր ինձ հետ պատահել։ Բայց նաև հետաքրքիր էր, որովհետև մարզերում մարդիկ ֆանատիզմով են նայում արտիստին, քանի որ ամեն օր տեսնելու հնարավորություն չունեն։ Երևանում ապրողները հաճախ են քեզ հանդիպում սրճարաններում կամ փողոցում։ Շատ հաճելի է, որ այդ սերը կա, ուղղակի ամեն ինչ պետք է չափի մեջ լինի։ Բայց ես իմ հանդիսատեսի համար պատրաստ եմ ամեն ինչի։ Սիրում եմ իմ հանդիսատեսին և շնորհակալ եմ, որ իմ կողքին են։ Քանի դու կաս, պետք է միշտ շնորհակալ լինես, որովհետև հանդիսատեսն է ստիպում, որ ստեղծագործես։

– Այսօր հայկական շոու-բիզնեսում շատերը նախընտրում են ապրել և ստեղծագործել արտերկրում։ Երբևէ մտածե՞լ եք Հայաստանից ընդմիշտ մեկնելու մասին։

– Իհարկե ոչ, ես սիրում եմ իմ հայրենիքը և նույնիսկ, երբ գործնական առաջարկներ եմ ստանում, շատ դժվարությամբ եմ մեկնում ու խեղդված կարոտով վերադառնում եմ։  Ես սիրում եմ իմ Հայաստանը, իմ հողն ու ջուրը, իմ ոտքը միշտ պետք է Հայաստանի հողի վրա լինի։ Ինձ համար շատ կարևոր է, որ ստեղծագործեմ Հայաստանում և, բարձր պահեմ հայ ազգի պատիվը։ Իհարկե, գործնական, համերգներով կմեկնեմ  արտերկիր, բայց հայրենիքից բացակայությունս կլինի շատ կարճատև։

– Անե՛տ, Ձեր սիրային երգերը շատ ազդեցիկ են ու հիթային, արդյո՞ք Ձեր անձնական կյանքի ապրումներն են արտացոլվում երգերում։

– Երգի ընտրությունը շատ հետաքրքիր գործընթաց է, առաջին հերթին մտածում եմ, թե ի՞նչ կարելի է անել, որ հանդիսատեսի համար նորություն լինի։ Անպես չէ, որ իմ անձնական ապրումներն են, ուղղակի ցանկացած երգ կատարելիս փորձում եմ վերապրել այդ պատմության էմոցիաներով։ Երևի դա է իմ հաջողության գրավականը, որ անսահման զգացմունքային եմ, զգում եմ երգը ու մտնում դրա մեջ։

– Ո՞վ է Անետ Աղաբեկյանը բեմից դուրս՝ առօրյայում, երբ չկան լույսեր, դիմահարդարում և տեսախցիկներ։

– Ես չեմ ապրում աստղային կյանքով, թեպետ կցանկանայի, որ այդ աստղային փայլը մի փոքր էլ ինձ վրա լիներ։ Բայց ես մնացել եմ նույն Անետը, երբեք չեմ փոխվել իմ հանդիսատեսի կամ ընկերների հանդեպ։ Ինձ ճանաչողները միշտ ասում են, որ հաջողված ու հիթային տեսահոլովակները ու հանդիսատեսից ստացած սերն ու ուշադրությունը քեզ չեն փոխել։ Կարծում եմ դա լավ հատկանիշ է։

– Ո՞րն է այն գլխավոր սկզբունքը, որը երբեք չեք խախտի հայկական շոու-բիզնեսում։

– Անկեղծությունը՝ իմ հանդիսատեսի հանդեպ։ Մաքսիմալ փորձում եմ անկեղծ լինել իմ հանդիսատեսի հետ, քանի որ նրանք շատ արագ են դա զգում։ Հանդիսատեսն է, որ արտիստին ինչպես բարձրացնում է, նույն արագությամբ էլ կարող է գցել։ Դրա համար անկեղծ ու արդար լինելը, հանդիսատեսի սերը պահելն ամենակարևորն է, որը ես բարձր եմ գնահատում։

Զրուցեց՝ Լիլիթ Մարկոսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել