ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա փուլի մի շարք հարցերի։
Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների՝ Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են և կարևորել խնդրի կարգավորումը՝ երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային հիմքի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների շրջանակներում։
Կարդացեք նաև
Քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգը։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ակնկալվող՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը կարող է գործնականում հնարավոր դառնալ միայն Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և գործընթացի՝ առարկայական փուլ մտնելուց հետո։
Զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու բաց երկխոսությունը՝ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման և երկկողմ օրակարգի հարցերի շուրջ փոխըմբռնման ամրապնդման նպատակով, հայտնել են ՀՀ ԱԺ-ից։
Իսկ ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Ռուբինյանի հետ զրույցում ասել է Մատվենկոն նշել է, թե Ռուսաստանը Հայաստանի համար կործանարար է համարում Եվրամիությանն անդամակցելու կուրսը.
«Ռուսական կողմը բացասական է գնահատում ԵՄ-ին միանալու Հայաստանի ձգտումը. խոսքը Երևանի արտաքին քաղաքական վեկտորի մասին է: ԵՄ-ին անդամակցելը կնշանակի Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության սկզբունքների խախտում»,- հավելել է նա:
Մոսկվան կարող է ռուսաստանցի զբոսաշրջիկներին հետ պահել Հայաստան այցելելուց, եթե այնտեղ շարունակվի 3–րդ երկրների հարցումներով ՌԴ քաղաքացիների ձերբակալությունների պրակտիկան, գործալալությունը հայտնել է Մատվիենկոյի և Ռուբինյանի զրույցի այլ մանրամասներ։
Դաշնության խորհրդի խոսնակն ուշադրություն է հրավիրել Հայաստանում ՌԴ քաղաքացիների համակարգված ձերբակալությունների վրա։
«Ռուս-հայկական հարաբերությունները ներկայում «միակողմանի երթևեկությամբ փողոց» են հիշեցնում։ Երևանի կողմից հնչում են հայտարարություններ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարևորության մասին, սակայն այդ խոսքերը հաճախ չեն համապատասխանում կոնկրետ գործերին»,–ասել է Մատվիենկոն։
Կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները։ Նշվել է երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման կարևորությունը, որի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել մոտ ժամանակներս։
Նշվում է, որ զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։


















































