«Արդյոք Սահմանադրության տեքստից հանվե՞լ է Անկախության հռչակագրին հղումը։ Որեւէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետեւ մենք գրել ենք նոր Սահմանադրություն։ Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանադրությունը եւ միջից ինչ-որ բաներ ենք ջնջել, ինչ-որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ եւ վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ։ Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակո՞ւմ է հղում Անկախության հռչակագրին: Ո՛չ, եւ չպետք է պարունակեր, եւ այդտեղ Ալիեւը որեւէ կապ չունի, որքան էլ որ դուք խոսեք այդ մասին եւ որքան էլ այդ հարցը շահարկեք»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։
Աննա Գրիգորյանը հարցրել էր․ «Այդ նոր տեքստի մեջ, որը հայ ժողովուրդը չի տեսել, Անկախության հռչակագրին հղումը հանված է, թե՞ ոչ»։
Արուսյակ Ջուլհակյանի պատասխանից հետո Աննա Գրիգորյանն ասաց․ «Փաստորեն ֆիքսենք, որ Անկախության հռչակագրին հղումը որեւէ կերպ արտացոլված չի լինի նոր Սահմանադրության տեքստում»։
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրսիտինե Վարդանյանը եւ Աննա Գրիգորյանը նաեւ հարցրին Արուսյակ Ջուլհակյանին, թե ինչպե՞ս է ՔՊ-ն նոր Սահմանադրության նախագիծն ընդունելու խորհրդարանում, եթե չունի սահմանադրական մեծամասնություն։
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ Ջուլհակյանն ասաց, որ կբանակցեն ընդդիմադիր պատգամավորների հետ։
«Դուք ասում եք՝ մենք կգանք, ձեզ կհամոզենք, միգուցե այդ դաշտը բաց լինի, օրինակ, Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ, սոցիալական ինչ-որ ծրագրերի քննարկման ժամանակ, բայց սա կարմիր գիծ հանդիսացող քննարկում է։ «Հայաստան» դաշինքին կողմ է քվեարկել մոտ 150 հազար ՀՀ քաղաքացի, նրանք մեզ չեն լիազորել, որ գանք ու կողմ քվեարկենք ալիեւյան Սահմանադրությանը։ Հետեւաբար, իսկապես, ես չես հասկանում՝ ի՞նչ տրամաբանությամբ եք ակնկալում, որ 2/3-րդ չունենալու պարագայում դուք պետք է այդ հարցը դնեք հանրաքվեի։ Ժողովուրդը պետք է «կողմ» կամ «դեմ» քվեարկի, այո, բայց մինչ այդ Սահմանադրությունը մեկ ճանապարհ է նախատեսում, որ ՀՀ ԱԺ-ն պետք է հաստատի նախագիծը, եւ այն պետք է դրվի քվեարկության։ Մեզանից որեւէ մեկը չի պատրաստվում դրան «կողմ» քվեարկել»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Արուսյակ Ջուլհակյանն արձագանքեց․ «Ի՞նչ ճանապարհով եմ պատկերացնում, թե ոնց ենք ձեզ համոզելու, պետք է քննարկենք, տիկին Գրիգորյան։ Իրոք, կարող է եւ կարողանանք համոզել։ Պետք է քննարկենք, եթե ժողովուրդն ուզում է ունենալ նոր Սահմանադրություն, ապա արդյոք պատգամավորները կարող են դրան ընդդիմանալ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































