Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չլինի, դա կազմալուծելու ու կազմաքանդելու է Երրորդ Հանրապետությունը»

Օգոստոս 12,2026 10:55 Share

«ՔՊ-ն ուզում է վարել հնազանդեցման քաղաքականություն։ Այսինք՝ իրենց համար խնդիր չէ, որ Ալիեւը պահանջում է Սահմանադրություն եւ իրենք գնում են այդ Սահմանադրությունն իրագործելու ճանապարհով։ Իրենց համար խնդիր է, որ ընդդիմությունը խոսում է այդ մասին, Ալիեւի մեջ խնդիր չեն տեսնում»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա հավելեց․ «Ես վատ նորություն ունեմ ՔՊ-ի համար՝ մենք Ալիեւի PR ընկերությունը չենք, դուք՝ կարող է, մենք՝ չէ։ Մենք նրա համար չենք ձայն ստացել, որ լսենք իր հայտարարությունները, սպառնալիքները ու գանք այստեղից մտածենք՝ ոնց փաթեթավորենք, որ մեր ժողովուրդը չհասկանա ինչի մասին է խոսքը»։

Քրիստինե Վարդանյանը նշեց, որ Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը բացառապես ալիեւյան պահանջ է, սա Ալիեւի Սահմանադրությունն է։ «ՔՊ անդամներն ասում են՝ դա միշտ մեր օրակարգն է եղել։ Սուտ է, իրենց օրակարգում իրենք երբեք չեն խոսել նոր Սահմանադրության մասին, մշտապես խոսել են Սահմանադրության բարեփոխումների մասին»,- ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ եթե նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չլինի, դա կազմալուծելու ու կազմաքանդելու է Երրորդ Հանրապետությունը։ «Դա նշանակում է ստեղծել նոր ինչ-որ բան՝ Ալիեւի Սահմանադրությունը հիմքում դնելով։ Այդ հանրաքվեն չի կարող որեւէ լավ ելք ունենալ։ Անգամ եթե չընդունվի, դա վատ է մեզ համար։ Այսինքն՝ մեր տարբերակը ալիեւյան Սահմանադրության հանրաքվեին չհասնելն է։ Այստեղ է այս խորհրդարանի անկյունաքարային գաղափարական բախումն ու պայքարը լինելու։ Եթե ՀՀ-ն ընդունի Ալիեւի պահանջած Սահմանադրությունը, լինում է այն պետությունը, որը պահանջում է Ալիեւը՝ ՀՀ-ն կորցնում է իր իմաստը։ Կորցնում է այն, ինչի համար հայերն ընտրում են Հայաստանում ապրելը։ Ես ուզում եմ հասկանանք, թե ինչ ռումբ է դրվում մեր պետականության տակ»,- հայտարարեց Քրիստինե Վարդանյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լրացում. «Փաստերի ստուգման հարթակը» գնացել է «Հայաստան» խմբակցության պատգամավորի պնդման հետքերով և պարզել, որ այն սխալ է, չի համապատասխանում իրականությանը։ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին հրապարակայնորեն խոսել է դեռևս 2020 թվականին՝ Իլհամ Ալիևի՝ Վարդանյանի վկայակոչած 2021 թվականի հայտարարությունից առաջ։

2020 թվականի փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը չէր բացառել, որ հետագայում օրակարգում կարող է հայտնվել նոր Սահմանադրության ընդունման հարցը՝ հայտնելով նաև, որ քաղաքական թիմում դրա շուրջ քննարկումներ են սկսվել։

«․․․Մեր մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այնպիսի եզրակացության, որ այս հանրաքվեից հետո հնարավոր է՝ օրակարգը լինի ոչ թե Սահմանադրության փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը։ Ընդ որում, դե ֆակտո դրանք լինեն սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինի նոր Սահմանադրություն»,- նշել էր վարչապետը։

Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ հստակ դիրքորոշում է հայտնել 2020 թվականի հունիսի 15-ին։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում նա հայտարարել է, որ հարկավոր է ոչ միայն սահմանադրական փոփոխություններ իրականացնել, այլև «դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»։

«․․․Հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: ․․․Հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու»,- ասել էր վարչապետը։

Նույն թվականի հուլիսի 5-ին վարչապետը վերահաստատել է այդ դիրքորոշումը՝ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում հրապարակած շնորհավորական ուղերձում նշելով․

«Ու չնայած, իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունները անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանը անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցումը ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում․․․»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31