Խորհրդարանի դահլիճում սկսված վեճը տեղափոխվեց ԱԺ միջանցքներ։ Պատգամավորները հարաբերություններն այնտեղ շարունակեցին պարզել։
Հիշեցնենք, վեճն իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև սկսվեց այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում՝ իշխանությունների մասին խոսելիս, օգտագործեց «սրիկայաբար» բառը։ Դրան արձագանքեց նիստը նախագահող Հայկ Կոնջորյանը՝ խոստանալով հաջորդ անգամ «դուրս շպրտել և չափավորել» նման խոսույթ օգտագործող պատգամավորներին։
Պատգամավորների մեծ մասը դուրս եկավ միջանցք՝ վեճը հարթելու։
«Մեծ միջադեպ չի։ Ելույթ էր, որը բավականին սուր եղավ։ Պարոն Ղազարյանի ելույթում որակում եղավ, որի արդյունքում, երկու կողմից եղան որակումներ»,- վեճի պատճառների մասին լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Կարդացեք նաև
Խոսակցություններից պարզ դարձավ, որ Էդգար Ղազարյանի արտահայտությունից հետո իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է ինչ-որ բան ասել, ինչի արդյունքում ավելի է լարվել իրավիճակը։ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սիսակ Գաբրիելյանն առաջինը փորձեց Էդգար Ղազարյանի հետևից դուրս գալ և «բավականին էմոցիոնալ ձևով»։ Նա կարծում է՝ ԱԺ դահլիճի տեսախցիկները ֆիքսած կլինեն՝ նա ինչ-որ բան ասե՞լ է, թե՞ ոչ։
«Դա նորմալ չի, ժողովուրդ ջան, անադեկվատ է այդ մարդը»,- լրագրողների հետ զրույցում Էդգար Ղազարյանի մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ հավելելով․ «Բնավ հակադարձում չի եղել, սրիկան ասաց ու թռավ՝ իր բնավորության համաձայն։ Եթե իրենց ղեկավարությունը չի կարողանում կառավարել, թող չբերեն նիստերի դահլիճ։ Մենք ինչքա՞ն կարող ենք հանդուրժել իր անադեկվատ պահվածքը։ Մեր համբերությունը ծով չէ»։
Ալխաս Ղազարյանը պնդեց՝ Սիսակ Գաբրիելյանն ուղղակի քայլում էր ԱԺ դահլիճում, ոչինչ չի ասել․ «Ես էլ եմ ասել, ասել եմ՝ հանգստացիր»։
«Ամեն դեպքում, կան բարեկրթության ընդհանուր նորմեր, որ մենք փորձում ենք պահել։ Երբեմն իրավիճակը կառավարումից դուրս է գալիս, և մենք պետք է կարողանանք այնպես անել, որ գա կառավարելի դաշտ»,- կատարվածի մասին լրագրողներին իր կարծիքը փոխանցեց Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ Էդգար Ղազարյանի որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր։ ԱԺ նիստը նախագահող Հայկ Կոնջորյանի որակումների մասին հարցին էլ պատասխանեց․ «Ամեն դեպքում, էմոցիոնալ պոռթկում է եղել»։
Նա հորդորեց իշխանության ներկայացուցիչներին՝ խորհուրդներ չտալ Էդգար Ղազարյանին նիստերի դահլիճ բերել-չբերելու մասին, քանի որ իրենք էլ ունեն նման պատգամավորներ, և իրենց ասվել է այդ մասին։
Հարցին՝ Էդգար Ղազարյանին կհորդորե՞ն մանդատը վայր դնել, Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ խնդիրները լուծելու համար են, ոչ թե իրավիճակը բարդացնելու։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































