«Ավետիք Չալաբյանը, Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ են։ Ուղիղ, պարզ դասագրքային քեյս է Գագիկ Ծառուկյանի քեյսը, համաձայն որի՝ իր հայացքների համար մարդը հալածվում է, ինչպես հալածվում է Ավետիք Չալաբյանը, այլ քաղբանտարկյալներ՝ Արեգնազ Մանուկյանը, Անդրանիկ Թեւանյանը, Արթուր Սարգսյանը։ Այդ ցանկը կարող եմ շատ երկար շարունակել»,- «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ միայն եւ միայն կարծիք հայտնելու համար մի շինծու բան են գտնում եւ մարդկանց կալանքի տակ են մտցնում»,- հավելեց Արման Աբովյանը։
Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը զարմանք է հայտնում ու հարցադրում անում՝ «Իսկ ո՞վ է ասել, որ Գագիկ Ծառուկյանը կամ էլի մարդիկ 8 տարի պետք է լինեին ազատության մեջ», Աբովյանն ասաց․ «Մի մարդ, որը հպարտանում է նրանով, որ մեր հայրենիքի մի մասը հանձնում է թուրքին, մի մարդ, որն ակնհայտորեն հայտարարում է, որ ՀՀ այլ տարածքներ պետք է հանձնվեն, մասնավորապես, Տիգրանաշենը, մի մարդը, որ Հայ եկեղեցու դեմ այսօր արշավ է սկսել, զարմանք է արտահայտում մի մարդու հանդեպ, ով ամբողջ կյանքի ընթացքում արարել է, կառուցել է։ Ես խորհուրդ կտայի զարմանքն այլ ուղղությամբ տանել։ Ես, օրինակ, զարմանում եմ, թե ոնց կարող էր 2020 թվականից հետո այս իշխանությունը մնար իշխանություն։ Բա ի՞նչ պիտի ասեն՝ պիտի ասեն, որ մարդուն բռնել են միայն կարծիք հայտնելու համա՞ր, որ մարդուն բռնել են միայն այն բանի համար, որ իր հայրենիքը սիրո՞ւմ է»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ): Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































