«Free Armenian Prisoners կայքում արդեն ամբողջությամբ հրապարակված են Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության և դատավճռի անգլերեն թարգմանությունները՝ 3302 էջ ընդհանուր ծավալով: Մեզ փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն տրվել է շատ ավելի ուշ, ընտանիքը այն կարողացել է ձեռք բերել հուլիսին, և մենք որոշեցինք այն հրապարակել»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց՝ կա նաև մեծ ցանկություն Բաքվում պահվող մյուս 15 hայ գերիների գործով դատավճիռը ստանալ․ «Այն չենք կարող անել մեր կամքից անկախ հանգամանքներում։ Մեզ հասանելի է բացառապես քաղվածքը, որը պարունակում է դատապարտված հոդվածների և պատժի վերաբերյալ տեղեկություններ, այն ամբողջական տեքստ չէ։ Ես՝ որպես նրանց փաստաբան, ՄԻԵԴ-ում իրավական ներկայացուցիչ զրկված եմ այդ դատական ակտին ծանոթանալու, հիմքերն ուսումնասիրելու հնարավորությունից»։
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի դատավարությանը՝ Սիրանուշ Սահակյանը նշեց․ «Դատավարության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների աննախադեպ խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս, դրա արդյունքը լեգիտիմ չէ։ Մենք մեր փաստարկները ներկայացրել ենք ՄԻԵԴ։ Ռուբեն Վարդանյանի գործին արդեն իսկ տրված է համար, գործը քննվելու է դատարանի կողմից»։
Կարդացեք նաև
Սիրանուշ Սահակյանն ասաց՝ Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ արարքներ, մեղադրանքներ, կա նաև ագրեսիա և նաև մարդկային ավերվածություններ, զոհեր պատճառելը․ «Նշվում է, որ 2021-ի նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա և դրանց հակազդելու նպատակով եղել են զոհեր, հարձակման հետևանքով կան տուժածներ։ Որպես ապացույց՝ դատարանում հանդես է եկել զոհը, նշել, որ այդ հարձակման հետևանքով վնասվածքներ է կրել։ Այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին, և նա այս պահին քրեական պատասխանատվության է ենթարկվում այս իրադարձությունների համար։ 2021-ի նոյեմբերի 16, իսկ Ռուբեն Վարդանյանը Արցախում պետնախարարի պաշտոնն է ստանձնել 2022-ի նոյեմբերի 4-ին, որևէ մասնակցություն, ներկայություն չի ունեցել թե′ ՀՀ ԶՈՒ, թե′ Արցախի բանակի հրամանատարական որևէ որոշման կայացման հարցում։
Ռուբեն Վարդանյանի կողմից Արցախում տարբեր սոցիալական-բարեգործական ծրագրերի իրականացումը, դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգումը, անգամ՝ Արցախյան մեծ հարսանիքի ֆինանսավորումն ու որպես կնքահայր նորաստեղծ ընտանիքներին աջակցելը, ըստ մեղադրանքի, դիտարկվում է՝ որպես «հանցավոր գործունեություն»։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացվում է՝ որպես «ահաբեկչության» հետ կապված գործունեություն, իսկ «Ավրորայի»՝ Արցախ այցելած մրցանակակիրները՝ «հանցավոր կազմակերպության» անդամ: Ի՞նչ ապացույց է ընկած սրա հիմքում՝ մասնավորապես՝ «Ավրորայի» դափնեկիր Միրզա Դիննայիի այցը Արցախ և որպես դափնեկիր նրան հանձնված մրցանակային գումարը համարվել է «քրդական ծագում ունեցող վարձկանների ֆինանսավորում»։
Սիրանուշ Սահակյանի փաստմամբ՝ այս գործը դուրս է մեկ մարդու ճակատագրի շրջանակներից․ «Այն առնչվում է արդար դատաքննությանը, արդարադատության որակին, մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության առանցքային հարցերին։ Մասնագիտական հանրությունը լուրջ անելիք ունի, և չպետք է թույլ տա, որ առանց ապացույցների մեղադրանքներն ու դատապարտումները դառնան նախադեպ և ստանդարտ պրակտիկա»։
Սիրանուշ Սահակյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































