Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP 17-ին ու ասաց, որ այդ առիթով 15 000 այցելու է սպասում Երևանը, ու քաղաքը պետք է պատրաստ լինի հյուրերին ընդունել։ Նա հետաքրքրվեց իր ձևակերպմամբ՝ Դալմայի այգիների անկյունաքարային նախագծով, հարցրեց, թե ինչ փուլում է այն, քանի որ նախագիծը պետք է ներկայացվի COP 17-ի շրջանակներում։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը տեղեկացրեց, որ այս փուլում իրականացվում են երկու զուգահեռ ուսումնասիրություններ․ մեկը վերաբերում է առկա գույքերին, մյուսը՝ Հրազդանի կիրճում կենսաբազմազանությանը և պատմամշակութային արժեքների վերհանմանն ուղղված ուսումնասիրություն է։
Ավինյանը հարցրեց՝ արդյո՞ք կա էսքիզային նախագիծ։ Լսելով պատասխանը, որ գործընկեր միջազգային կառույցի կողմից հավաստիացվել է, որ ձգձգման պատճառով խնդիր չեն ունենա, և COP17-ի շրջանակներում որևէ բան ցուցադրելու հնարավորությունից չեն զրկվի, քաղաքապետն այսպես արձագանքեց․ «Այդ «որևէ բանը» արդեն վախեցնում է ինձ էլի, որովհետև եթե պետք է այնքան որ խզբզի ինչ-որ մեկը ինչ-որ մի բան մինչև COP17-ը, ավելի լավ է չխզբզեն: Խզբզողներից մենք էլ ունենք, կարող ենք իրենց խնդրել, իրենք խզբզեն: Դրա համար պետք չի մեծ գումարներ վճարել»։
Կարդացեք նաև
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































