Սեպտեմբերի 9-ին Դուբայում հանդիպել եմ «DP World» խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։
«DP World»-ը Դուբայում հիմնված համաշխարհային առևտրի և լոգիստիկայի ընկերություն է, որը զբաղվում է նավահանգիստների կառավարմամբ, բեռնափոխադրումներով, պահեստավորմամբ և լոգիստիկ ծառայություններով։
Քննարկել ենք «DP World»-ի հետ երկարաժամկետ գործնական համագործակցության հաստատման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ և առևտրային հանգույցի դիրքի ամրապնդմանը։
Անդրադարձ է կատարվել Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից պահեստային և մուլտիմոդալ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։
Կարդացեք նաև
Այս համատեքստում ընդգծել եմ, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը, TRIPP ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նոր հնարավորություններ են ստեղծում միջազգային լոգիստիկ ընկերությունների համար։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորեցինք համագործակցության հաստատումը՝ Հայաստանի տարանցիկ և լոգիստիկ ներուժի արդյունավետ օգտագործման և միջազգային առևտրային կապերի ընդլայնման նպատակով։


















































