Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը 

Սեպտեմբեր 09,2026 17:37 Share
Աջակցեք aravot.am-ին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել և e-draft.am հարթակում քննարկման է դրվել ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Փաստաթղթի քննարկման փուլը սահմանված է 2026 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև սեպտեմբերի 24-ը:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 100 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով, «Էներգետիկայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով և 7-րդ հոդվածով, և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի գործողությունը Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 17-ի թիվ N377-Ա որոշմամբ դադարեցվել է, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, «էներգետիկայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը համաձայնեցված կարգով օտարելու առաջարկը ներկայացրել է դեռևս 17․02․2026 թվականին, որի վերաբերյալ սահմանված ժամկետում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի կողմից արձագանք չի ստացվել՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Սույն որոշման հավելվածում ներառված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`

1)   օտարման նպատակը պայմանավորված է պետության և հասարակության անվտանգության, սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, բնակչության անխափան էլեկտրամատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, ինչպես նաև էներգետիկ մատչելիության, կանխատեսելիության և հավասար հասանելիության ապահովման անհրաժեշտությամբ.

2)  օտարման հիմք դիտարկվող հանրային շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերին, քանի որ օտարման նպատակի իրագործումը՝

ա. կապահովի էլեկտրաէներգիայի անխափան, հուսալի և շարունակական մատակարարումը՝ խթանելով Հայաստանի Հանրապետությունում ավելի քան 1 միլիոն սպառողի սպասարկումը և նրանց՝ էներգետիկ ծառայություններից օգտվելու իրավունքի անարգել իրացումը,

բ. կնպաստի էլեկտրաէներգիայի բաշխման համակարգի բնականոն, անվտանգ և անխափան գործունեության, էներգետիկ ծառայությունների համընդհանուր հասանելիության, մատչելիության ու կանխատեսելիության ապահովմանը, ինչպես նաև սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը,

գ. կստեղծի էներգետիկայի բնագավառում հատվող՝ ազգային անվտանգության, սպառողների և տնտեսվարող սուբյեկտների շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռություն՝ բացառելով այնպիսի իրավիճակները, որոնք կարող են վտանգել էներգետիկ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, էլեկտրամատակարարման շարունակականությունը կամ սպառողների լայն շրջանակի իրավունքներն ու օրինական շահերը,

դ. հնարավորություն կտա ապահովելու ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ արդյունավետ պետական վերահսկողություն.

3) հանրության գերակա շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման հավելվածում ներառված սեփականության օտարման, քանի որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության` էլեկտրական էներգիայի բաշխման գործունեություն իրականացնելու իրավական հիմքը՝ համապատասխան լիցենզիան, դադարեցվել է Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 17-ի թիվ N 377-Ա որոշմամբ, իսկ էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման իրավունքն ունի բացառիկ բնույթ։ Նշված պայմաններում համապատասխան էներգետիկ ենթակառուցվածքի նկատմամբ արդյունավետ վերահսկողության ապահովումն անհրաժեշտ է էլեկտրամատակարարման շարունակականությունն ու հուսալիությունը, հանրային ծառայության պատշաճ մատուցումը և հասարակական անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությանն առնչվող ռիսկերը կանխելու համար։ Էլեկտրամատակարարման անխափանությունն ու հուսալիությունը հանրության բնականոն կենսագործունեության և հանրային նշանակության ծառայությունների շարունակականության ապահովման կարևոր նախապայման են, իսկ էներգետիկ համակարգի անվտանգ և կայուն գործունեությունը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ կիրառված ժամանակավոր կառավարման միջոցը, իր իրավական բնույթից ելնելով, նախատեսված է որպես սպառողների շահերի պաշտպանության կանխարգելիչ ժամանակավոր միջոց և չի կարող փոխարինել համապատասխան էներգետիկ ենթակառուցվածքի նկատմամբ երկարաժամկետ և կայուն գույքային վերահսկողությանը.

4) սույն որոշման հավելվածում ներառված սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ էներգետիկ անվտանգությունը ազգային անվտանգության բաղադրիչ է, որի ապահովման համար հանրային իշխանությունը կարող է սահմանել սեփականության ներհատուկ սահմանափակումներ և ռազմավարական օբյեկտների պաշտպանության հատուկ ռեժիմ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ էլեկտրական էներգիայի բաշխման գործունեություն իրականացնելու իրավական հիմքը՝ համապատասխան լիցենզիան, դադարեցվել է։ Տվյալ դեպքում, օտարվող սեփականության նկատմամբ իրականացվող միջամտությունը սահմանված է օրենքով, իսկ սեփականության օտարումը կատարվելու է նախնական և համարժեք փոխհատուցմամբ՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով.

5) օտարման նպատակը ողջամտորեն իրագործելի է սահմանված վերջնաժամկետում` հաշվի առնելով դրա իրագործման համար առկա իրավական և կազմակերպական նախադրյալները, անհրաժեշտ գործողությունների իրականացման հնարավորությունը, ինչպես նաև ժամանակավոր կառավարման մեխանիզմի կիրառումը, որը նպաստում է համապատասխան գործընթացների արդյունավետ կազմակերպմանն ու համակարգմանը.

6) սույն որոշման հավելվածում ներառված սեփականության օտարումն ուղղակիորեն նպաստելու է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված օտարման նպատակի իրագործմանը և օգտագործվելու է բացառապես այդ նպատակով, քանի որ անհրաժեշտ իրավունքի ձեռքբերումը հնարավորություն է տալու ապահովել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ամբողջական և արդյունավետ տնօրինումը, կառավարումն ու դրանց հետ կապված անհրաժեշտ իրավական և կազմակերպական գործընթացների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության, էլեկտրամատակարարման հուսալիության և անխափանության ապահովման, ինչպես նաև հանրության կենսական նշանակության էներգետիկ շահերի պաշտպանության նպատակով։

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման հավելվածում ներառված բաժնետոմսերի ձեռք բերողն է Հայաստանի Հանրապետությունը․

2) օտարվող սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը` 2027 թվականի մայիսի 1-ն է,

4) օտարման նպատակի իրագործումը սկսելու վերջնաժամկետը 2027 թվականի հուլիսի 1-ն է, իսկ ավարտելու վերջնաժամկետը՝ 2027 թվականի հոկտեմբերի 1-ը.

5) սույն որոշման հավելվածում ներառված գույքի նկարագրության արձանագրության կազմումը կատարվում է դրանց վերաբերյալ իրավասու մարմիններում առկա գրանցումների և տեղեկությունների, վերաբերելի հաշվապահական և աուդիտորական փաստաղթղերի և հանրամատչելի ու հավաստի այլ տեղեկությունների ուսումնասիրություն իրականացնելու միջոցով։

3. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման հավելվածում ներառված գույքի նկարագրության արձանագրության կազմումը։ Սույն ենթակետով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մեկ անգամ՝ ոչ ավելի, քան երկամսյա ժամկետով.

2) գույքի նկարագրության արձանագրությունը կազմելուց և հաստատելուց հետո` եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշման հավելվածում ներառված օտարվող գույքի շուկայական արժեքի գնահատումը` Կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի 970-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող գնահատողի ներգրավմամբ:

4. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներառված գույքի սեփականատերերը կարող են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել իրենց կողմից ներգրավված` Կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի 970-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող անկախ գնահատողի կողմից իրականացված գնահատման հաշվետվությունը սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետում :

5. Նկարագրության արձանագրությունը առնվազն պետք է պարունակի ստորև նշված տեղեկատվությունը՝

1) բաժնետոմսերի թողարկողը.

2) բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկատվություն, որը պետք է բավարար լինի դրանց մասին գնահատական կազմելու համար, ներառյալ (առկայության դեպքում)՝

ա. դրանց տեսակները,

բ. դրանցով վերապահվող իրավունքները և պարտականությունները,

գ. դրանց նկատմամբ առկա ծանրաբեռնվածությունները,

դ. դրանցով նախատեսված պարտավորությունների երաշխավորների և երաշխավորվածությունների մասին տեղեկությունները,

ե. դրանց հետ կապված ռիսկերը.

3) բաժնետոմսերի թողարկողի վերաբերյալ տեղեկատվություն, որը պետք է բավարար լինի դրա մասին գնահատական կազմելու համար, ներառյալ՝

ա. դրա հաշվապահական գույքագրումը,

բ. դրա ստանձնած իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ դրանց որևէ եղանակով տրված ապահովվածությունները (առկայության դեպքում), ներառյալ` պատշաճ ձևով չձևակերպված ապահովությունները (պարտավորությունները),

գ. դրա գույքի կամ իրավունքների և պարտականությունների նկատմամբ առկա ծանրաբեռնվածությունները (առկայության դեպքում),

դ. դրա հետ կապված ռիսկերը,

4) թողարկողի նախկին վերակազմակերպումների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև դրա բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման մասին տեղեկությունները (պատմությունը)` սկսած մասնավորեցման պահից, ներառյալ՝ համատասխան գործարքների պայմանների վերաբերյալ տեղեկությունները (առկայության դեպքում),

5) թողարկողի կողմից հրապարակված հաշվետվությունների վերաբերյալ տեղեկությունները:

6. Նկարագրության արձանագրությունը կազմում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նկարագրության արձանագրությունը քննարկվում և հաստաստվում է նախարարության կողմից այդ նպատակով հրավիրված նիստում, որին հրավիրվում են և կարող են մասնակցել սույն որոշման հավելվածում ներառված գույքի սեփականատերերը կամ դրանք փաստացի տիրապետողները:

7. Նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկվում է սույն որոշման հավելվածում ներառված բաժնետոմսերի բաժնետերերին և այդ բաժնետոմսերի նկատմամբ գրանցված գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այն բողոքարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն կամ դատարան:

8. Նկարագրության արձանագրությունը, ինչպես նաև դրա կազմման ընթացքում ձեռք բերված բոլոր փաստաթղթերը և նյութերը էլեկտրոնային կրիչով ի պահ են հանձնվում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

9. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝

1) սույն որոշման ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով ապահովել սույն որոշման ծանուցումը նույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված անձանց.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, սույն որոշման հավելվածում ներառված բաժնետոմսերի վերաբերյալ համապատասխան տվյալները (տեղեկատվությունը) ներկայացնել իրավասու մարմնին՝ այդ տեղեկատվությունը համակարգում գրանցելու գործառնություն իրականացնելու համար: Սույն ենթակետի կատարման հետ կապված ծախսերը կատարվում են ձեռքբերողի հաշվին.

 

3) Հայաuտանի Հանրապետության վարչապետին կիսամյակային պարբերականությամբ տրամադրել տեղեկատվություն սույն որոշմամբ նախատեսված գործընթացի վերաբերյալ:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930