ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում ուրբաթ օրը տեղի ունեցած հրդեհը վտանգել էր տարեցների խնամքի հաստատության վեց բնակիչների կյանքը։ Սակայն երկու երիտասարդ հայ եղբայրները, չսպասելով հրշեջների ժամանմանը, մտել են այրվող շենք և մեկ առ մեկ դուրս բերել տարեցներին, գրում է New York Post-ը։
20-ամյա Ալեքս Բազինյանը և նրա 15-ամյա եղբայրը՝ Նարեկը, բնակվում են Գլենդեյլի Mountain Street-ի 1800-րդ թաղամասի հարևանությամբ, որտեղ գտնվում է տարեցների խնամքի հաստատությունը։ Հրդեհը բռնկվել է ժամը 16:45-ի սահմաններում։ Մինչ հրշեջների ժամանումը՝ շենքից արդեն դուրս էին գալիս կրակի բոցեր և թանձր ծուխ։
«Ես դուրս վազեցի և նայում էի մուտքի դռանը, երբ տեսա բուժքրոջը դրսում։ Նա օգնություն էր կանչում»,- պատմել է Ալեքսը՝ հիշելով այն պահը, երբ հասկացել է, որ շենքում մարդիկ են մնացել։
Նարեկը սկզբում վերցրել էր ջրատար խողովակը՝ փորձելով մարել կրակը, սակայն բոցերը գնալով ուժգին էին դառնում, իսկ ներսից օգնության ճիչեր էին լսվում։
Կարդացեք նաև
Այդ պահին եղբայրները որոշել են մտնել այրվող շենք։
Հաղորդվում է, որ շենքում ութ մարդ է եղել, այդ թվում՝ երկու բուժքույր։ Եղբայրների խոսքով՝ բուժքույրերը փորձում էին տարեց բնակիչներին հնարավորինս արագ տարհանել, սակայն իրավիճակը չափազանց վտանգավոր էր։
«Ես մտա մեծ սենյակ և տեսա հատակին պառկած այդ բոլոր տարեց մարդկանց՝ կաթետրներով։ Ոմանք վնասվածքներ ունեին, նրանց ոտքերին արյուն կար։ Մենք պարզապես բոլորին մեկ առ մեկ դուրս բերեցինք»,- պատմել է Ալեքսը։

















































