Լրահոս
Օրվա լրահոսը

«Չնայած թիրախավորմանն ու սպառնալիքներին՝ խաղաղությանն այլընտրանք չկա». ինչի՞ են բախվում հայ-ադրբեջանական երկխոսության մասնակից կանայք

Սեպտեմբեր 14,2026 11:40 Share

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումներն ընթանում են փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Այս մասին ընդգծում են նախաձեռնության հիմնադիր անդամ Նաիրա Սուլթանյանն ու ամենաերիտասարդ ներկայացուցիչ Էլեոնորա Սարգսյանը, բայց միևնույն ժամանակ շեշտում, որ իրենց հանրային գործունեության ընթացքում շատ հաճախ թիրախավորվում ու պիտակավորվում են:

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության օրակարգն ու երկխոսության ձևաչափը

Նախաձեռնությունը հայ-ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների, քաղաքական վերլուծաբանների, մեդիափորձագետների և լրագրողների միջև երկխոսության հարթակ է: Այս շրջանակում արդեն կազմակերպվել է 4 հանդիպում՝ երկուսը Հայաստանում, երկուսը՝ Ադրբեջանում:

Էլեոնորա Սարգսյան

Ադրբեջանական կողմի հետ վերջին երկու հանդիպումներին մասնակցած Էլեոնորա Սարգսյանը նշեց, որ թեպետ դրանք ունեն փորձագիտական ու հասարակական, այլ ոչ թե պաշտոնական բնույթ, իրենք հետևում են պետական մակարդակում բանակցությունների ընթացքին և ձգտում առավելապես օգտագործել այդ բանակցությունների տված հնարավորությունները` լուծումներ գտնելու համար:

Նա հավելեց նաև, որ հանդիպումների ժամանակ հայկական կողմի ուշադրության կենտրոնում հատկապես հումանիտար հարցերն են:

«Բաքվի գերության մեջ պահվող մեր հայրենակիցների, անհետ կորած անձանց հարցերն ենք քննարկում, նաև հասարակական-սոցիալական հարցերը, օրինակ, նարատիվների փոփոխությունը երկու երկրներում, մեդիայի, կրթության դերը հաշտեցման գործընթացում, ապաշրջափակման հարցը և այլն: Իրենց մոտ, գիտեք, կա ատելության խոսք և՛ մեդիայում, և՛ դասագրքերում, և այնպես չէ, որ դա հերքվում է իրենց կողմից։ Երկու կողմերն էլ այս հարցը բարձրացնում են որպես խնդիր։ Դժվար կլինի պատմության մեկնաբանության մեջ գալ փոխհամաձայնության։ Երկու կողմերն էլ արդարացիորեն չեն ուզում մոռանալ այն, ինչ, իրենց ընկալմամբ, եղել է իրենց հետ, բայց մենք պիտի փորձենք միմյանց մասին խոսույթում նվազեցնել ատելության խոսքը։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը սա դիտարկում է որպես կանխարգելման մեխանիզմ »,-ասաց Էլեոնորա Սարգսյանը, որը նախքան այս նախաձեռնությունը՝ դեռ 2021թ. սկսած երրորդ երկրներում մասնակցում է ադրբեջանցիների հետ երկխոսություններին, ինչպես նաև կազմակերպում ու մոդերացնում հայ և ադրբեջանցի երիտասարդների հանդիպումները:

Կա՞ արդյոք նկատելի արդյունք քննարկման առարկա դարձած որևէ հարցի շրջանակում: Ի պատասխան այս հարցի՝ ադրբեջանական կողմի հետ երկխոսող կանայք ընդգծեցին, որ ուղիղ, չմիջնորդավորված երկխոսությունն ինքնին մեծ ձեռքբերում է:

Ինչ վերաբերում է գերիների վերադարձին՝ Էլեոնորա Սարգսյանը նշեց, որ վերջին հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի արձագանքը դեռևս դրական չէր. «Մեր ընկալմամբ՝ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների հարցը ադրբեջանական կողմը դիտարկում է նաև խաղաղության գործընթացի և պատասխանատվության իր ընկալման այն շրջանակում, որտեղ հակամարտության ընթացքում որոշումներ կայացրած և գործընթացների համար պատասխանատու անձինք պետք է պատասխանատվություն կրեն»,-ասաց նա՝ միաժամանակ կարևորելով 2020թ. ի վեր ավելի քան 200 հայ գերիների վերադարձը Հայաստան. «Այսօր Ադրբեջանում պահվող անձանց թիվը 19 է։ Իհարկե, մարդկանց մասին թվերով խոսելը ճիշտ չէ․ նույնիսկ եթե խոսքը մեկ պահվող անձի մասին լիներ, նրա վերադարձը մեզ համար առաջնահերթություն էր լինելու։ Բայց կարելի է արձանագրել, որ այս հարցում առաջընթաց եղել է, և մենք հույս ունենք, որ այն կշարունակվի մինչև բոլոր պահվող անձանց վերադարձը»։

Նաիրա Սուլթանյան

Նաիրա Սուլթանյանն էլ հիշատակեց, որ 2026թ. հունվարին 4 գերի է վերադարձել Հայաստան. «2025թ․ նոյեմբերին Բաքու կատարած առաջին այցի ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ խոսել ենք նաև այն մասին, որ խաղաղության տրամաբանության հետ համադրելի չէ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը: Երկու ամիս չէր անցել, երբ 2026թ հունվարին ուրախությամբ տեղեկացանք չորս պահվող անձանց Հայաստան վերադարձի մասին։ Կարծում ենք, որ մեր շատ փոքր լուման ունեցել ենք սրանում»:

Ադրբեջանական կողմի հետ վերջին երկու հանդիպումները կայացել են 2026թ. փետրվարին՝ Ծաղկաձորում և ապրիլին՝ Գաբալայում: Նաիրա Սուլթանյանի խոսքով՝ երկու այցերի ժամանակ էլ հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համահիմնադրից հետաքրքրվեցինք՝ արդյոք ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով պարբերաբար հնչող 300 000 ադրբեջանցիների վերադարձի հարցը ևս քննարկվու՞մ է այդ երկխոսությունների ժամանակ:

«Իրենք նման հարց չեն բարձրացրել, բայց, իհարկե հետևել են նախընտրական լարված մթնոլորտում ակտիվորեն տարածվող այդ բովանդակությամբ նյութերին»,-արձագանքեց Նաիրա Սուլթանյանը:

Նաիրա Սուլթանյանն ավելի քան 25 տարի է, ինչ զբաղվում է խաղաղարարական ծրագրերով. «Պնդել եմ, որ հակամարտության փոխզիջումային լուծումն այլընտրանք չունի, ինչի համար տարիներ շարունակ արժանացել եմ քննադատության։»,-ասաց նա՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմի արձագանքներին միշտ չէ, որ համաձայն է եղել, բայց երկխոսության առաջնային նպատակը բարդ հարցերը բազմակողմանի քննարկելն ու կողմերի մոտեցումները փոխընկալելի դարձնելն է։

Էլեոնորա Սարգսյանի և Նաիրա Սուլթանյանի փոխանցմամբ՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունն է մշակում երկխոսության օրակարգը, ընտրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ու կարևոր թեմաներ և արգելված հարցեր չկան:

«Հայաստանի իշխանությունների հետ համակարգում ենք մեր գործունեությունը փոխայցերի կազմակերպման և դրանց անվտանգության ապահովման համատեքստում»,-ասաց Նաիրա Սուլթանյանը:

 

«Անձնական նամակներ եմ ստացել, որտեղ իմ և ընտանիքիս հասցեին մահվան սպառնալիքներ են եղել». թիրախավորում, վիրավորանքներ

 

Ադրբեջանական կողմի հետ հանդիպումներից հետո Նաիրա Սուլթանյանն ու Էլեոնորա Սարգսյանը հանրության որոշ շրջանակների կողմից ստիպված են լինում լսել սպառնալիքներ ու վիրավորանքներ:

«Որքան էլ բուն երկխոսությունը բարդ էր ու մարտահրավերներով լի, վերադառնալուց հետո ավելի բարդ էր մեդիադաշտը նավիգացնելը, որովհետև ընդհանուր խմբի նկատմամբ մեկնաբանություններում կար թիրախավորում տարատեսակ բառապաշարով՝ սկսած «հակահայ» որակումներից մինչև «դավաճան տականքներ»,-ասաց Էլեոնորա Սարգսյանը՝ հավելելով, որ նույնիսկ անձնական նամակներ է ստացել, որտեղ իր և ընտանիքի հասցեին մահվան սպառնալիքներ են հնչել. «Տարատեսակ տղամարդիկ սկսել են թիրախավորել իմ արարքը՝ Ադրբեջանում լինելը, և հասել են իմ՝ որպես կնոջ բարոյականությանը, թե արդյոք արժեր, որ որպես կին ես լինեի այնտեղ։ Գիտեք, այստեղ ես նկատում էի, որ որպես կին, հատկապես երիտասարդ կին, ավելի հեշտ թիրախ եմ, քան, գուցե ավելի ավագ կամ արական սեռի ներկայացուցիչները»:

Էլեոնորա Սարգսյանի խոսքով՝ որպես կին՝ ավելի շատ ուղղություններ կային իրեն թիրախավորելու՝ սկսած արտաքինից, աշխատանքից, արդյոք իր փորձառությունը համապատասխանում էր այդտեղ լինելու, թե ոչ և այլն. «Բնականաբար մեծ էմոցիոնալ դիմակայություն է ինձնից պահանջվել, որ կարողանամ շարունակել: Ես աշխատում եմ իմ էմոցիան և էներգիան չսպառել այդ մեկնաբանությունների և թիրախավորման վրա, բայց ամեն դեպքում այն ազդեցություն է ունենում իմ հետագա քայլերի ընտրության վրա, օրինակ, թե որքան հանրային պահեմ իմ աշխատանքը։ Նշեմ, որ աշխատանքի մեծ մասը ոչ հանրային ենք պահել այս տարիների ընթացքում՝ նորից հաշվի առնելով թիրախավորման վտանգը»:

Էլեոնորա Սարգսյանն իրեն ուղարկված անձնական նամակների ու սպառնալիքների հարցով իրավապահ մարմիններին չի դիմել. ընդգծեց, որ սոցիալական ցանցերում բացված այն էջերը, որոնցից ստացել է սպառնալիքները՝ իրական անձանց նկարագիր չունեին, ինչպես նաև իրավապահներին դիմելը ջանք պահանջող գործընթաց է, իսկ ինքը աշխատանքային հոսքի մեջ չէր ցանկանա դրան ժամանակ հատկացնել։

«Իսկ մամուլի հրապարակումների տակ ավելի շատ ընդհանրական մեկնաբանություններ էին։ Որոշ տեղերում էլ երևում էր, որ դրանք կեղծ էջերով արված մեկնաբանություններ են, որովհետև, օրինակ, կարծիքները համարակալված էին կամ տարբեր մամուլի հրապարակումների տակ նույն մեկնաբանություններն էին։ Դրանցից նաև ենթադրեցինք, որ մի մասն արհեստականորեն գեներացված են և կոնկրետ թիրախավորում են մեզ։ Օրինակ՝ ասում էին՝ «էս կանայք գնացել են, հիմա ադրբեջանցիներից հղի հետ են գալու»,-եզրափակեց նա:

Նաիրա Սուլթանյանն էլ հավելեց, որ ընդհանրապես, երբ չեն կարողանում լավ հարցեր տալ կամ տեղին քննադատել, անցնում են վիրավորանքների. «Կնոջ մասնագիտական գործունեությունը փորձում են ներկայացնել ոչ թե որպես գիտակցված մոտեցում և համոզմունք, այլ թիրախավորում են նրա անձնական կամ սեռով պայմանավորված հատկանիշները, կամ այդ կնոջ սոցիալական հարաբերությունները։ Ինձ, ինչպես նաև իմ տղամարդ գործընկերներին, իհարկե, թիրախավորել են, և, անշուշտ, դա տհաճ երևույթ է»:

«Ղարաբաղյան երկու պատերազմների ողբերգությունից հետո ավելի հաստատակամ եմ, որ խաղաղությանն այլընտրանք չկա». կանայք չեն նահանջում

Վիրավորանքն ու ատելության խոսքը Նաիրա Սուլթանյանին չեն ստիպի դուրս գալ խաղաղաշինական գործունեությունից: Նրա խոսքով՝ իր կյանքում եղել են դեպքեր, երբ իրեն ատողների և վիրավորողների հետ կապի է դուրս եկել, զրուցել, բացատրել ու արդյունքում հաստատել են նորմալ հարաբերություններ. «Ղարաբաղյան երկու պատերազմների մարդկային ողբերգությունը և ճակատագրական քաղաքական սխալների հետևանքը կրելուց հետո ավելի հաստատակամ եմ և պնդում եմ, որ խաղաղությանն այլընտրանք չկա։ Երբ ինձ համար ակնհայտ է վիրավորողի ու ատելության խոսք հնչեցնողի քաղաքական դրդապատճառը, ես դրանց նախընտրում եմ չանդրադառնալ։ Այդուհանդերձ, վերլուծում եմ վիրավորանքն ու ատելության խոսքն իմ և գործընկերներիս գործունեության վերաբերյալ, որպեսզի ավելի լավ հասկանամ մեր հասարակությանը հուզող ու տառապանք պատճառող խնդիրների խորքը»:

Նաիրա Սուլթանյանը ևս մինչ օրս չի դիմել իրավական պաշտպանության: Նրա խոսքով՝ այնքան է «նորմալացվել» ատելության խոսքը, որ դրա դրսևորումները դժվար է ողջամտորեն գնահատել որպես անվտանգային իրական կամ ոչ իրական սպառնալիք. «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը փորձում է կանխել ատելության խոսքը, ինչպես նաև անհիմն քննադատությունն իր թափանցիկ աշխատելաոճով․ մեր գործունեության մասին տեղեկացնում ենք մամուլի ասուլիսների, տեղեկատվական հանդիպումների, հարցազրույցների միջոցով»:

 

Ընդգծենք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում առաջիկայում նախատեսվում է նոր հանդիպում Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Նախաձեռնության հիմնադիր անդամ Նաիրա Սուլթանյանի խոսքով՝ ժամկետները և օրակարգը քննարկման փուլում են, և այս անգամ մտադիր են ավելի նեղ թեմատիկ քննարկումներ ունենալ։

 

«Իրավապահները պետք է կարողանան ճանաչել գենդերային հիմքով թիրախավորումը». պետության և մեդիայի դերը

 

Ի՞նչը պետք է փոխվի, որ վիրավորանքներ ու սպառնալիքներ չհնչեցվեն հանրային՝ հատկապես խաղաղաշինական գործունեություն ծավալող կանանց նկատմամբ: Արդյոք միայն մամուլն է դեր խաղալու: Ի՞նչ կոնկրետ քայլեր, իրավական կամ պաշտպանական մեխանիզմներ պետք է ներդնի պետությունը կանանց նկատմամբ քաղաքականապես մոտիվացված գենդերային բռնությունը և ատելության խոսքը կանխարգելելու համար։

Նաիրա Սուլթանյանը, անդրադառնալով այս հարցերին, կարևորեց իրավապահ և դատական համակարգի մասնագիտական կարողությունների զարգացումը. «Ոստիկանությունը, քննիչները, դատախազները և դատավորները պետք է կարողանան ճանաչել գենդերային հիմքով թիրախավորումը, այդ թվում՝ առցանց սպառնալիքները, համակարգված հետապնդումը, անձնական տվյալների հրապարակումը, սեռականացված վիրավորանքները և բռնության կոչերը։ Պետք է ունենալ հստակ ընթացակարգ՝ ռիսկի արագ և մասնագիտական գնահատման, ոստիկանության արձագանքի և, անհրաժեշտության դեպքում, ֆիզիկական պաշտպանության համար»:

Նրա մեկնաբանությամբ՝ պատասխանատու լրագրությունը պետք է կնոջը ներկայացնի նախ և առաջ որպես մասնագետ, փորձագետ, գործընթացի մասնակից և իր նյութի հիմքում դնի այդ կնոջ ասելիքը, դիրքորոշումը, կարծիքը, այլ ոչ թե նրա սեռը, անձնական կյանքը կամ սոցիալական հարաբերությունները. «Երբ կնոջ գործունեությունը օբյեկտիվորեն լուսաբանելու փոխարեն մեդիան ատելության խոսքն ու նվաստացուցիչ պիտակավորումները դարձնում է իր նյութի առանցքը կամ պարզապես վերարտադրում է դրանք, նպաստում է այդ խոսույթի նորմալացմանը և լեգիտիմացնում ավելի լայն լսարանի համար տվյալ կնոջ թիրախավորումը։»:

Էլեոնորա Սարգսյանի տեսանկյունից էլ մեր հանրությունը բևեռացված է՝ հատկապես խաղաղության օրակարգի հարցերում. «Խնդիրն այն է, որ խաղաղության օրակարգը չափազանց քաղաքականացված ու կուսակցականացված է։ Այսինքն՝ որևէ նախաձեռնություն կամ անհատ, որն աշխատում է այդ ուղղությամբ, միանգամից ասոցացվում է կոնկրետ կուսակցության հետ, և արդյունքում այն ամբողջ թիրախավորումը, որն ստանում է այդ կուսակցությունը, փոխանցվում է նաև նրանց։ Եվ այս խաղաղության օրակարգի չափազանց քաղաքականացված լինելու արդյունքում է, որ հասարակության կողմից ավելի շատ դիմադրություն կա, քան կարող էր լինել»։

Ինչ վերաբերում է մեդիադաշտին, նրա խոսքով՝ բացառությամբ որոշ լրատվամիջոցների՝ բանակցությունների վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկություններով մանիպուլյատիվ նյութեր հրապարակվեցին՝ թերի շեշտադրումներով, ինչն էլ ըստ Էլեոնորայի՝ բացասական արձագանքների տեղիք տվեց:

Նշենք, որ ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2025-2027թթ. գործողությունների ազգային երրորդ ծրագիրը, որը մշակվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից՝ մի շարք հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) հետ համագործակցությամբ, նպատակ ունի նաև նպաստելու քաղաքականության մեջ ու բանակցային գործընթացներում կանանց դերի ու մասնակցության ամրապնդմանը:

 

Ինչո՞ւ է կանանց մասնակցությունը կարևոր քաղաքական բանակցություններում և փորձագիտական երկխոսություններում: Արդյո՞ք առանց կանանց ներգրավվածության հնարավոր չէ հասնել խաղաղության, թե՞ սա միայն գենդերային հավասարություն ապահովելու ձևական պահանջ է։

 

«Կանանց օրակարգ» ՀԿ համահիմնադիր, «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի փորձագետ Քնարիկ Մկրտչյանը, որը մասնակցել է ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2025-2027թթ. գործողությունների ազգային երրորդ ծրագրի մշակմանը, անդրադառնալով այս հարցերին՝ ընդգծեց. «Հայաստանում կանայք կազմում են բնակչության 50 տոկոսից ավելին, և այն գործընթացը, որտեղ հասարակության կեսի կարիքներն ու շահերը ներկայացված չեն, չի կարող հաջողություն ունենալ»:

Քնարիկ Մկրտչյան

Նրա խոսքով՝ հասարակության մեջ տարածված է սխալ մոտեցում, թե կանանց ներգրավումը նշված գործընթացներում զուտ ձևական բնույթ է կրում կամ արհեստականորեն է արվում «գենդերային հավասարության» անվան տակ. «Ոմանք նույնիսկ պնդում են, թե տղամարդիկ էլ կարող են նույնն անել։ Սակայն սա սխալ ընկալում է։ Խոսքը ոչ թե զուտ կնոջ ներկայության, այլ կոնֆլիկտների հաղթահարման գործընթացում կանանց փորձառությունների, մարտահրավերների, կարիքների և շահերի հաշվառման մասին է»:

Քնարիկ Մկրտչյանի մեկնաբանությամբ՝ եթե ստեղծվում են փաստաթղթեր, որոնք անտեսում են տարբեր խմբերի, օրինակ, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, փոքրամասնությունների կարիքները, ապա այդ փաստաթղթերի իրագործումը չի կարող արդյունավետ լինել։

«Անհրաժեշտ է տարբերակել երկու հասկացություն՝ խաղաղաշինություն և խաղաղարարություն։ Խաղաղաշինությունը հասարակությանն անմիջականորեն նախապատրաստող լայն գործընթաց է, որտեղ ներգրավված են ՀԿ-ներ, անհատներ, համայնքներ։ Խաղաղարարությունը բարձր մակարդակի պաշտոնական բանակցություններն են (օրինակ՝ միջնորդ երկրների, պետության ներկայացուցիչների մասնակցությամբ), որոնք կողմերին բերում են սեղանի շուրջ»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ Հայաստանում պատմականորեն այնպես է ստացվել, որ ոչ պաշտոնական՝ խաղաղաշինության ոլորտում կանայք թվապես շատ ավելի մեծ ներգրավվածություն են ունեցել, քան տղամարդիկ:

Նրա խոսքով՝ այս իրավիճակի արդյունքում կանայք ձեռք են բերել ավելի մեծ փորձառություն և ինստիտուցիոնալ հիշողություն հենց համայնքային կարիքների վերաբերյալ։ Քնարիկ Մկրտչյանի դիտարկմամբ՝ կանայք պետք է ներգրավվեն նաև պաշտոնական բանակցություններում:

 

Նարա Մարտիրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930