Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ փորձագետները կրկնում են ադրբեջանական թեզերը

Ապրիլ 15,2026 10:00 Share

Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական գործիչները պարտադիր պետք է հանդիպեն եւ իրենց հասարակություններին փոխանցեն ուղերձներ, որոնք, անկախ բանակցություններից եւ քաղաքական այլ գործընթացներից, պիտի պարունակեն խաղաղության եւ հաշտության լիցքեր: Ես համաձայն չեմ այն ընդդիմադիրների հետ, որոնք դեմ են այդ տեսակի շփումներին:

Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջան այցելած հայ փորձագետները պետք է այստեղ՝ Հայաստանում, քարոզեն ադրբեջանա-թուրքական թեզերը: Մասնավորապես հետեւյալ գաղափարը. եթե մենք չխոսենք արցախցիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքից, ապա հակառակ կողմը չի խոսի 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» մասին:

Նախ ասենք, որ արցախցիների իրավունքների մասին ՀՀ իշխանությունը չի էլ խոսում: Իսկ այն, ինչ խոսվում է Ադրբեջանում, չի կարող պաշտոնական կարծիք չլինել: Այդպիսին է հարեւան երկրի ռեժիմը՝ «ոչ պաշտոնականները» կա՛մ բանտում են, կա՛մ Ադրբեջանից դուրս:

Իսկ ամենակարեւորն այն է, որ հայ փորձագետները մեկը մեկին վերարտադրում են թուրք-ադրբեջանական թեզերը, որոնց մեջ կա երկու խոշոր խեղաթյուրում:

1/ սիմետրիա չկա Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու քաղաքներում սպանված, խոշտանգված եւ այնտեղից վտարված հայերի ու Հայկական ԽՍՀ-ից գնացած ադրբեջանցիների միջեւ:

2/ Առավել եւս սիմետրիա չկա վերջիններիս եւ Արցախում 2023 թվականին էթնիկ զտման ենթարկված հայերի միջեւ: Իսկ գոյություն չունեցող «սիմետրիան» հասկանալի պատճառներով պետք է Թուրքիային եւ Ադրբեջանին ու քարոզվում է նրանց կողմից:

Այնուհետեւ պետք է հասկանալ, որ Ադրբեջանը պաշտոնապես, ամենաբարձր մակարդակով խոսում է ոչ թե իր քաղաքացիների իրավունքների, այլ Հայաստանի Հանրապետության՝ իրենց, ադրբեջանցիներին պատկանելու մասին: Այսինքն՝ կասկածի տակ է դրվում մեր պետության գոյության իրավունքը:

Այստեղից բխում է նաեւ այն անհերքելի իրականությունը, որ անկախ նրանից՝ մենք խոսելու ենք արցախցիների իրավունքներից, թե ոչ, Բաքուն շարունակելու է պահանջել Փաշինյանից 300 հազար ադրբեջանցիների վերադարձը: Առայժմ, այս նախընտրական վիճակում, Հայաստանի իշխանությունները կեսբերան ասում են, որ դրան համաձայն չեն: Բայց այս 8 տարիների ընթացքում այս իշխանություններն այնքա՜ն բան են ասել:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Արեգ Քոչինյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930