«Առավոտ»-ի զրուցակիցն է քրեակատարողական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը։
-Պարոն Գասպարյան, բանակում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերն աճում են։ ՀՔԱՎ հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված։ Իշխանությունները, անդրադառնալով բանակում մահացության դեպքերին, պատճառաբանում են, թե հասարակությունում առկա բարքերն են արտացոլված բանակում։ Դուք ի՞նչ խնդիրներ եք տեսնում, ի՞նչ աշխատանք պետք է տանել՝ բանակում ինքնասպանության եւ սպանության դեպքերը նվազեցնելու ուղղությամբ։
– Մահերի թիվը նվազեցնելու համար պիտի ունենալ հասցեական մոտեցման քաղաքականություն, այսինքն՝ ինչ-որ գործիքակազմ, որով հնարավոր է բացահայտել ռիսկերը, գնահատել այդ ռիսկերը, որոնք կարող են տարեցտարի փոփոխվել։ Ինչպես հանցավորության գործոններն են շատ պայմանավորված սոցիումի զարգացումներով, ռեգրեսներով, նոր ապրելակերպի ի հայտ գալով, նոր կենցաղավարությամբ, նույն կերպ էլ հատկապես փակ ու կիսափակ հաստատություններում են ինչ-որ իմաստով արտացոլվում նաև հասարակական վարքուբարքը։
Բայց պետության դերը հատկապես փակ ու կիսափակ հաստատություններում այլ է։ Անձը 24/7 ռեժիմով գտնվում է քո հսկողության տակ, և դրա համար անկարելի բան է փակ ու կիսափակ հաստատությունների շահառուներին համեմատել հասարակության անդամների հետ։
Ես չգիտեմ պետություններ, որոնք ընդհանրապես գլոբալ հասարակությունում ունեն ինքնասպանությունների կամ սպանությունների դեպքերը կանխարգելելու ռազմավարություններ։ Կան երկրներ, որոնք իրենց թույլ են տալիս ունենալ հոգեկան առողջության վերաբերյալ ռազմավարություն, որը, կարծեմ, մեր երկիրը ևս մասամբ ունի, և դա առողջապահության ոլորտի խնդիրն է։
Կարդացեք նաև
Բայց կառավարության խնդիրն է ոչ թե արձանագրել փաստը, որ հասարակությունում տիրող բարքն է մտնում բանակը, այլ առաջին հարցը պիտի լինի՝ իսկ ինչպե՞ս անել, որ հասարակությունում հանցավորության տանող կամ հանցավորություն ծնող բարքերը, այն է՝ կրիմինոգեն գործոնները, նվազեն։ Ինչպե՞ս անել, որ քո հանցավորության հետ աշխատեն ոչ միայն ոստիկանությունը և իրավապահ համակարգը, այլ նաեւ սոցապնախարարությունը, ԿԳՄՍ, առողջապահության նախարարությունները՝ հավասարազոր պատասխանատվությամբ։
Երկրում հանցավորության աճը կամ նվազումը, ընդհանրապես հանցավորությունը ոստիկանության մասին չէ, դա սոցիալական պաշտպանության քաղաքականության մասին է, դա կրթության մասին է, երիտասարդների ինքնազբաղվածության և ինքնիրացման մասին է, առողջապահության ոլորտն է, այդ թվում՝ հոգեկան առողջության, և վերջին 8-րդ տեղում նոր զանգվածային լրատվության միջոցներն ու ոստիկանությունն են։ Սա է հանցավորության կանխարգելման միջազգային ստանդարտը։
Գրեթե նույն բանը նաև բանակում է՝ որպես կիսափակ հաստատություն, որտեղ անձինք իրենց կամքով չեն կարող լքել այդ տարածքը։ Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ պետությունը պիտի ունենա սպանությունների, հանցավորության, ներքին հարաբերությունների, ինչը բանակում անվանվում է կանոնադրական հարաբերություններ, ինքնասպանությունների և դրանց տանող գործոնների գնահատման համակարգ։
–Ձեր նկարագրած համակարգը չի գործո՞ւմ այսօր բանակում։
-Իմ տեղեկություններով՝ այս գնահատման համակարգը չկա ներդրված, չկա քաղաքականություն, ինչպես նվազեցնել սա։
Բամբասանքի մակարդակում ինձ հասած տեղեկություններով՝ հենց այդ մոտեցումը կա նաեւ բանակի ղեկավարության մոտ, որ՝ դե ոնց երկիրդ է, այդպես էլ բանակն է։ Դա սխալ մոտեցում է, որովհետև երկրում ես եւ դուք, կուզենանք՝ կկախվենք, չենք ուզենա՝ չենք կախվի։ Եվ չկա ու չի կարող լինել որևէ մարմին, որը կհետևի մեր վարքին՝ մենք ուզում ենք մեր կյանքին վերջ տալ, թե ոչ։ Պետության գործն է անել այնպես, որ մեր մտքով չանցնի նման բան։ Իսկ կիսափակ և փակ հաստատությունների տարբերությունը հենց դա է, որ դու անընդհատ պետական հսկողության տակ ես՝ բանտերում՝ բանտապետերի տեղակալների և մնացած աշխատակիցների, հոգեբուժարաններում գլխավոր բժշկի և զսպաշապիկ հագցնողների, հոգեբույժների ու հոգեբանների ուշադրության կենտրոնում ես, բանակում՝ սպայական և ենթասպայական անձնակազմի։ Այսինքն՝ դու չունես րոպե, որը հսկվող չէ։ Հսկել չի նշանակում թույլատրել կամ ոչ, հսկել նշանակում է նաև կառավարելիության դաշտ, այսինքն՝ զինվորը, նաև սպան չունեն որևէ վայրկյան, որը պետական հսկողությունից կամ վերահսկողությունից դուրս է կամ կարող է լինել։
Եվ այստեղ է պետության պոզիտիվ ու նեգատիվ պատասխանատվությունը՝ պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, երբ դու ըստ էության անձին հարկադրաբար բերել ես քեզ մոտ։ Ասում եմ հարկադրաբար, որովհետեւ կան մարդիկ, որոնք շատ սիրով և նպատակասլաց գնում են բանակ, և կան մարդիկ, ովքեր չեն ուզում, բայց ուրիշ ճար չունեն։ Եվ այդ մարդկանց ինչ-որ տարածքում պահելը հենց այդ տրամաբանությամբ բերում է փակվածության, ՄԱԿ-ի ուղենիշների համաձայն՝ եթե մարդը չի կարողանում իր ուզած ժամանակ լքել այն տարածքը, որին պարտադրել է պետությունը, դա փակ հաստատություն է։
Պետությունը պիտի ունենա ռազմավարություն՝ ընդհանրապես տեսնելու, գնահատելու զինվորների վարքը։ Ինքնասպանությունը վերջնարդյունք է, ցավոք, ֆատալ, անդառնալի կորուստ։ Մեր խնդիրն է ունենալ զինվորների ներսում և զինվոր-սպա հարաբերությունների, սպա-սպա հարաբերությունների գնահատում։ Ինվենտարիզացիա պետք է անել ու հասկանալ՝ ի՞նչ ունենք, ինչո՞ւ ունենք և ինչպե՞ս կանխենք վնասակար վարքի ձևերը, այդ թվում՝ ինքնասպանության հարկադրելը, ծեծը, ծեծկռտուքը։
Այո, կարելի է կենցաղային լեզվով ասել, որ մեկ վայրում արական սեռի խումբ է, կարող են լինել նաև խժդժություններ։ Իհարկե, կարող են, աշխարհում չկա այնպիսի տեղ, որտեղ միասեռ խումբ լինի, և չլինեն խնդիրներ։ Բայց այդ փակ հաստատություններն ունեն գիտական հիմնավորված գործոններ, որոնք այս կամ այն չափով հետաճ են ապահովում։ Դա հարկադիր կերպով նույն տարածքում գտնվելն է, միացյալ խմբում գտնվելն է, անձնական տարածքի բացակայությունն է, շփման կոմպետենտության նվազեցումն է։ Ինչո՞ւ, որովհետև դու թեկուզ ինչ-որ մեծ տարածքում ես, բայց դու ստիպված ես շփվել կոնկրետ թվով և կոնկրետ տեսակի մարդկանց հետ, դու չունես քեզ համար ընկեր ընտրելու հնարավորություն։ Սա հաստատություն է, որտեղ դու գտնվում ես 1,5 տարի ժամկետով և պարտադրված ես շփվել մյուս զինվորի հետ։
Այս ամենն, իհարկե, նպաստում է նաև առողջության, այդ թվում՝ հոգեկան առողջության առանձնահատկությունների վրա, սոցիալական կապերի վրա։ Ճիշտ է, ծառայությունը 1,5 տարի է, և սա շատ կապված է անձի ներքին որակների հետ, թե ինչ արագությամբ հետաճ կլինի, բայց այս գործոններն արդեն իսկ նպաստում են։ Այսինքն՝ անգամ, եթե դու ունես տիեզերական չքնաղ սպայական անձնակազմ, միևնույն է՝ փակ հաստատությանը բնորոշ վեր նշված գործոնները բերում են նրան, որ մարդու մոտ նվազում է ուշադրությունը, հիշողությունը, երևակայությունը, մտածողությունը, զգայությունները։ Սա դեգրադացնող է, հատկապես բանակում, որտեղ կոնկրետ մեկ գործունեությամբ են զբաղվում, միայն ռազմական գործով են զբաղվում։
Դու ունես շատ կարճ ժամանակահատված ինքնազարգացման համար, ազատ ժամանակը, որը զինվորին տրվում է, դժվար է համարել ինքնուսուցման ժամանակաշրջան։ Եվ քանի որ միօրինակ գործունեությամբ են զբաղված՝ վազելը, քայլելը, կրակելը, սա նրանց պրոֆեսիոնալ է սարքում մի գործունեության մեջ, բայց դեգրադացնում է մնացած ուղղություններով, որովհետև սկսում են նվազ կարդալ, նվազ հետաքրքրվել, սոցիալական կապեր և այլն, որոնք կարևոր գործոններ են սոցիալական զարգացման համար։
Այսինքն՝ կարեւորը ներքին քաղաքականություններն են, որոնք նախ պետք է լինեն, որպեսզի կարողանաս վարքի անընդհատյա գնահատում անել։ Սա սպայի գործունեություն չէ, սա աութսորս արված ծառայության գործը պետք է լինի՝ հատկապես պետք է աշխատի հոգեբանների, վարքաբանների, սոցիալական աշխատողների, սոցիոլոգների, կրիմինոլոգների մի խումբ, որոնք կարող են նաև բացահայտել հանցավոր գործոնները, կրիմինոգեն կարիքները և ռիսկերը ու դրանք նվազեցնել, որովհետեւ դու ունենում ես մեկ հոգու 1,5 տարի ժամկետով, բայց դու՝ որպես սպա, ևս դեգրադացվում ես նույն տարածքում լինելով։
Այսինքն՝ այստեղ նաեւ պետք է խոսել սպայական անձնակազմի հոգեկան առողջության և նրանց որոշումների կայացման որակի մասին, նաև ունակության մասին, որովհետեւ որոշումների կայացումը, հատկապես ճգնաժամային իրադրություններում, հմտություն է, որին պիտի սովորես, սա ունակություն է, սա ի ծնե չի տրվում։ Դրա համար ունենք Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիան, մյուս ուսումնարանները, որոնք մեզ տալիս են զինվոր, բառի մեծ իմաստով, էական չէ՝ գեներալ կդառնա, թե շարքային, այդ զինվորն ունի իր ֆունկցիան, և բոլորն իրենց ոլորտում, ջոկի հրամանատարից մինչև պաշտպանության նախարար և Գլխավոր շտաբի պետ, իրենց մասով որոշումների կայացման պարտավորություն ունեն։
Եվ այստեղ ոչ միայն շարքային զինվորների մասին է խոսքը, այլ նաև հատկապես սպայական անձնակազմի, թե ինչպիսի որակում, կրթություն, պատրաստվածություն ունեն և ինչպիսի անընդհատյա սուպերվիզիա են անցնում հոգեբանների միջոցով ևս։ Սպան ևս անընդհատ տրավմատիկ գործընթացների մեջ է, անընդհատ որոշումների կայացման մեջ է և այդ որոշման համար պատասխանատվության ստանձնելու մեջ է։ Այդ մարդկանց նույնպես պետք է բերել է նորմալ հոգեկան առողջության դաշտ, որպեսզի չլինի մասնագիտական այրումը, որպեսզի չլինի հոգեկան այրումը, որպեսզի մարդիկ կարողանան իրենց գործունեությունը շարունակել։
Ես գիտեմ, որ այս համակարգը բանակում չկա ներդրված, եթե ես սխալվում եմ, կներեք։ Բանակում չկա ոչ հանցավորության կանխարգելման համակարգ, ոչ սպաների և զինվորների հոգեկան առողջության բարելավման համակարգ։ Ես անձամբ դեռեւս 2010 թվականից այդ հարցերն առաջ եմ քաշել, փորձել ենք այդ աշխատանքն անել հոգեբանական ծառայություններից մեկով՝ սպայակազմի հետ, բայց դա ինչ-որ պատճառներով այդպես էլ մնաց օդում։ Սա պետք է կյանքի կոչել և մեր սպաների ու զինվորների կյանքն ու առողջությունը փրկել գիտական մասնագիտացված ծառայությունների միջոցով և ոչ թե բացառապես միլիտարիզացված, ռազմականացված, «պիտի լինի և վերջ» սկզբունքով։ Այդպես չի լինում կարծես թե։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































