ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ մեթոդներով է իշխանությունը Սահմանադրության հարցում ճնշում գեներացնելու ընդդիմության նկատմամբ, ինչի մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
«Չգիտեմ՝ ինչպես է արտացոլվելու, բայց, ըստ իս, կա հանրային պահանջ, որ պետք է լինի խաղաղություն, հստակեցվի խաղաղությունը և կնքվի խաղաղության պայմանագիրը։ Եվ եթե փորձեն այդ գործընթացը վիժեցնել, դա հանրության զայրույթը կարթնացնի։ Չգիտեմ՝ ոնց կարտահայտվի, բայց հանրային ճնշում կլինի։ Հիմա հանրային ճնշում կա, որպեսզի խաղաղության պայմանագիրը րոպե առաջ կնքվի»,- ասաց Նարեկ Գրիգորյանը։
Հարցին, թե Կարապետյանների տներում իրականացվող խուզարկությունները ճնշման դրսևորո՞ւմ են, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Որևիցե խուզարկություն նման բանի համար չէ։ Եթե խուզարկություն է իրականացվում, իրականացվում է որևիցե հանցագործություն կատարելու պատրաստման համար։ Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, չեմ տիրապետում, բայց եթե մարդը հանցագործություն է արել կամ պատրաստվում է անել, դրա համար խուզարկություն է իրականացվում, դա փորձել կապել խաղաղության պայմանագրի հետ, իմ կարծիքով, լուրջ չէ»։
«Մենք ստացել ենք մեծամասնություն, հիմա էլ գնալու ենք, ՀՀ քաղաքացուն ասելու ենք՝ ցանկանո՞ւմ ես, որ ՀՀ Սահմանադրությունը փոխենք, թե՞ չէ։ Այլ հարց է, թե ով է դրան դեմ, որ մենք գնանք ՀՀ քաղաքացուն հարցնենք։ Փաշինյանը չի ասել՝ ճնշելու ենք, Փաշինյանն ասել է՝ ՀՀ ժողովուրդը պահանջելու է, և հանրային ճնշում է լինելու։ Եվ նաև մեր իշխանության վրա կա այդ հանրային ճնշումը՝ րոպե առաջ կնքելու խաղաղության պայմանագիր, ինչի՞ մասին է խոսքը»,- հայտարարեց Նարեկ Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































