Լրահոս
Օրվա լրահոսը

«Նշաններ կան, որ Երևանը փորձելու է անօրինական կերպով բռնագրավել Հայաստանում գտնվող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները». ՌԴ պաշտոնյա

Սեպտեմբեր 18,2026 13:25 Share

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովն այսօր, մեկնաբանելով ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի՝ սեպտեմբերի 17-ին արած հայտարարությունը՝ ՀՀ-ում ռուսական բիզնեսների «ռեյդերային բռնագրավման մասին», ասել է. «Նշաններ կան, որ Երևանը կարող է անօրինական կերպով բռնագրավել Հայաստանում գտնվող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները»։

Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Շևցովը հայտարարել է, որ Երևանում տեղեկություններ են տարածվում «թերֆինանսավորման, ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցության, ռուսական ընկերությունների գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի և ցածր աշխատավարձերի մասին»։ «Այդ ամենն արվում է ռուսական ակտիվները արժեզրկելու և սեփականատերերին՝ դրանք վաճառել ստիպելու համար», – ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը։

«Նման մարտավարությունը իսկական «հարված» կլինի Հայաստանի տնտեսության համար, հաշվի առնելով, որ ռուսական բիզնեսները տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծել հանրապետությունում և արդյունավետորեն օրինական կերպով կառավարում են իրենց ակտիվները՝ զգալի ներդրում ունենալով Հայաստանի ՀՆԱ-ում», – ընդգծել է Շևցովը։

Նա հայտարարել է, որ Երևանի ճնշումը ուղղված է ոչ միայն ռուսական բիզնեսների, այլև հայ ձեռնարկատերերի դեմ, ովքեր համաձայն չեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ։

«Ինչպես տեսնում ենք, տնտեսական «մտրակն ու կորպորատիվ ռեյդերը» դառնում են լիովին գործունակ գործիք Հայաստանի իշխանությունների համար, որոնք վարում են քաղաքականություն, որը նրանց օգուտ է բերում՝ վատթարացնելով ռուսական ընկերությունների և նրանց քաղաքացիների պայմանները, ինչպես նաև «մաքրելով» քաղաքական դաշտը իրենց հիմնական մրցակիցներից», – ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։

Սեպտեմբերի 17-ին Շոյգուն հայտնել էր, որ «Հայաստանում գործող ռուսական բիզնեսների նկատմամբ ցուցաբերվում է անբարյացակամ մոտեցում և ակնհայտ կրկնակի ստանդարտներ»։ «Այն, ինչ կատարվում է այն ձեռնարկությունների և ամբողջ ոլորտների հետ, որոնց մեջ Ռուսաստանը միլիարդներ է ներդրել, դժվար թե կարելի է բնութագրել այլ կերպ, քան «թշնամական զավթում», – կարծում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել