Լրահոս
Օրվա լրահոսը

Շոյգուի տեղակալը Հայաստանի ԱԲ գործարանում «արևմտյան հատուկ ծառայությունների շահերն» է փնտրում

Հոկտեմբեր 08,2026 19:55 Share
Աջակցեք aravot.am-ին

 

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը զգուշացրել է «Ռուսաստանի, Իրանի և այլ պետությունների դեմ արևմտյան հատուկ ծառայությունների» օգտին Հայաստանում տվյալների նոր կենտրոնի օգտագործման ենթադրյալ հնարավորության մասին:

«Նման կենտրոնները կարող են օգտագործվել ի շահ արևմտյան հատուկ ծառայությունների վերլուծական և հետախուզական աշխատանք կատարելու համար, մասնավորապես՝ Իրանի, Ռուսաստանի և Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ», – ТАСС-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Ալեքսեյ Շևցովը:

Այդպես է նա մեկնաբանել օգոստոսի սկզբին Հրազդանում Firebird ընկերության Արհեստական բանականության գործարանի բացումը, որն աշխատում է NVIDIA-ի պրոցեսորներով:

«Հաշվի առնելով, որ Firebird ընկերությունը ենթարկվում է ամերիկյան օրենսդրությանը, ԱՄՆ հատուկ ծառայություններին կարող են հասանելի դառնալ դրա սերվերների վրա մշակվող բոլոր տվյալները», – պնդել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի տեղակալը՝ եզրակացնելով. – «Դա նշանակում է, որ հայաստանյան պետական հաստատությունների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին առանց հայաստանյան իշխանությունների համաձայնության»:

ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը նաև պնդել է, թե այդ կենտրոնի հզորության մեծացումը սպառնում է էլեկտրաէներգիայի դեֆիցիտով:

Ռուսաստանցի պաշտոնյայի պնդումների վերաբերյալ մեկնաբանություններ Երևանից առայժմ չեն հնչել:

Firebird-ի Արհեստական բանականության գործարանը Հրազդանի մերձակայքում բացվել է օգոստոսի 8-ին: Մոտ 500 մլն դոլարի ներդրումներով և հազարից ավելի GPU-ներով կամ գրաֆիկական պրոցեսորներով Արհեստական բանականության տվյալների կենտրոնն արդեն գործարկվել է:

Ըստ Bloomberg-ի՝ գործարանի հզորությունների 20 տոկոսը նախատեսված է հայաստանյան, 80 տոկոսը՝ միջազգային ընկերությունների համար:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության այժմ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը վստահեցրել էր, որ Հայաստանում արտադրվող էլեկտրականությունը բավարար կլինի գործարանի համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել