«Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը «Հայելի» ակումբում խոսելով ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի սահմանը հատելու, Շաքի գյուղում երեք անչափահաս երեխաների մայր հայ կնոջը հրազենային վիրավորում հասցնելու մասին՝ անդրադարձավ նաեւ դրանից բխող անվտանգային խնդիրներին։
«Այս երեք օրը բոլորը քննարկում են այդ թեման ու յուրաքանչյուրը տարբեր գնահատականներ ու առաջարկներ է տալիս, ընդհոուպ՝ մինչեւ շուն պահելը։
Որպես արցախցի, ադրբեջանցու տեսակը լավ հասկացող մարդ, ասեմ իմ պատկերացումները։ Որ այդ զինվորը ավտոմատը ձեռքին 15-20 կիլոմետր ոտքով գա ու անունը դնեն, թե մոլորվել է, դա հեորինվածք է, հեքիաթ է։ Այդպիսի մարդու՝ Հայաստանի տարածքում գտնվելը ինձ համար հստակ գործողություն իրականացնել կամ նախապատրաստել է։ Կարծում եմ՝ դա առաջին անգամ չի։ Չգիտեմ՝ ինչպես այս անգամ պլանը չի ստացվել կամ այս մեկը մնացել է, արդեն սկսել են հորինել։ Նախ՝ Ադրբեջանի կողմից, հետո այստեղ։
Սա խայտառակություն է։ Երեկ Նիկոլ Փաշինյանին լսեցի, թե եթե մի գերու հետ փոխենք, վաղն էլ մերոնցից մեկը հայտնվի իրենց մոտ, մենք ո՞ւմ ենք տալու։ Պատասխանում եմ։ Իմ եղբայրը Բաքվի բանտում է։ Բոլորը տեղյակ են, որ նա առանց զենքի, քաղաքացիական հագուստով այն ժամանակ նույնպես մոլորվել ու հայտնվել է ադրբեջանցիների մոտ։ Ու նրան բռնել, 15 տարի դատել են։ Մոլորվել է իր Արցախում, իր մայր հողում՝ տեղյակ չլինելով, թե պատերազմի ժամանակ որ տարածքներում է հայտնվել թշնամին։ Առաջարկում եմ փոխանակել իմ եղբոր հետ։ Կամ ցանկացած այլ հայ գերու»,- ասաց արցախցի գործիչը։
Կարդացեք նաև
Անաստաս Իսրայելյանը կասկածի տակ դնելով ադրբեջանցի զինվորականի մոլորվելու թեզը՝ հիշեցրեց Արցախը։ «Զինված զինծառայողը ո՞նց կարող է մոլորված լինել ու տասնյակ կիլոմետրեր գա Հայաստանի տարածք։ Իր հետեւում հազար կիլոմետր ազատ տարածք կա։ Ինչո՞ւ այդ ուղղության վրա չի մոլորվել։ Իսկ եթե իսկապես մոլորվել էր, թող մոտենար մի մարդու, զենքը հանձներ, ասեր, որ մոլորվել է։ Այլ ոչ թե զենքով երեք-չորս օր ման գար։ Ո՞վ գիտե՝ ինչ գործողություններ է իրականացրել, ինչ տեղեկություններ է փոխանցել թշնամուն։ Ու զենք է կիրառել մեր հայրենակցուհու վրա։ Խայտառակություն է նաեւ, որ հանրության մեջ դրան պաշտպանողներ էլ կան, թե ձերբակալվելիս չի դիմադրել։
Կառավարության շենքը պիտի տեղափոխվի Սյունիք, իրավապահ մարմինները՝ սահմանամերձ գյուղեր։ Ու հերթապահությունով սահման պահեն։ Որտե՞ղ եք տեսել, որ թուրքը մենակ մտնի ու 15 կմ գնա։ Դուք չգիտե՞ք, որ թուրքը մենակ ոչ մի տեղ չի գնում։
Արցախցիներին եք ասում՝ երեխաներով, ընտանիքներով մնայիք, կռվեիք։ Արցախցին լավ գիտի՝ կռիվն ինչ է, կռվելն ինչ է, թշնամին ով է։ Անզեն մարդը ո՞նց կռվի։ Պայմաններն արդեն այնպիսին էին, որ մարդիկ փրկվելու ճանապարհ էին փնտրում։
Ադրբեջանցին այդ կնոջ տունը չի մտել։ Նա մտել է առաջին տունը։ Այն ժամանակ էի ասում, որ հերթով մտնելու են ձեր տուն։ Որ նրանց համար կարեւոր չէ՝ ընդդիմություն, թե իշխանություն։ Բոլորդ նրա համար մեկ թշնամի եք։ Նա մեռած հային է ուզում տեսնել։ Դա է նրա խաղաղությունը»,- ասաց Անաստաս Իսրայելյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































