Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը Նոստրադամուսը չէր, որ 2011-ին կանխատեսեր՝ Խաչատրյանների շահերը սպասարկելու այս «երկար շղթան». փաստաբան

Հոկտեմբեր 08,2026 13:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Մոտ 200 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով անցնող՝ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի և մյուսների գործով այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, դատական նիստի ընթացքում հանրային մեղադրողը հանդես եկավ բացման խոսքով։

Մանրամասն ներկայացնելով մեղադրանքի հիմնավորումները՝ հանրային մեղադրողը պնդեց, որ Աշոտյանը օժանդակել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, թաքցնելու ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Սահմանադրությամբ լիազորված լինելով խթանել մշակույթի, կրթության և գիտության զարգացմանը, 2011 թվականի փետրվար-հուլիս ամիսներին, շրջանցելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքը, համաձայնություն է տվել ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գտնվող «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Երևան քաղաքի Ե. Կողբացի 42 հասցեում գտնվող 450 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի վրա կառուցված երկհարկանի մարզադահլիճը փոխանակել Երևան քաղաքի Պուշկինի 38/1 շենքի թիվ 59 տարածքի հետ, որը ուսումնական նպատակներով օգտագործման համար ակնհայտորեն անհամապատասխան է եղել։

Հանրային մեղադրողի բացման խոսքը տևեց մոտ մեկ ժամ։ Դրանից հետո առաջադրված մեղադրանքի հակափաստարկներն ու, իր գնահատմամբ, դրա անտրամաբանական լինելու հանգամանքները ներկայացրեց Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ամեն դեպքում, ընդհանուր առմամբ գնահատելով՝ ուզում եմ սկսել մի պատմությամբ, որպեսզի մեր հանրությանը հասկանալի լինի, թե այս պատմությունը, որը ներկայացվեց, ինչ տպավորություն կարող է թողնել։

Նոստրադամուսը, երբ ծնվում է, միանգամից գուշակում է, որ ատամհատիկին սուրճի բաժակ է վերցնելու։ Այս տրամաբանությամբ, ըստ դատախազի նկարագրածի, տեսանք, որ Աշոտյանը դեռևս 2011-ին, փաստորեն, դեռ կառուցապատման փուլում դիտավորություն է ունեցել երրորդ անձանց՝ Խաչատրյանների շահերը սպասարկելու։

Դատախազի կողմից խմբային շահի արտահայտությունն է բերվում, անձնական շահագրգռվածություն։ Այսինքն՝ Աշոտյանը դիտավորություն է ունեցել, որ այդ տարածքը վերցնի ու ոչ համարժեք գույք հատկացվի, հետո դիտավորություն է ունեցել, որ արհեստականորեն ստեղծվի ֆինանսական ճգնաժամ, ինչի արդյունքում Խաչատրյանը օգուտներ կրի։

Սա իրավաբանության հետ չեմ ասում. տրամաբանության հետ առնչություն ունեցող պնդո՞ւմ է, թե ոչ։ Այս վարկածը կյանքի իրավունք ունեցո՞ղ վարկած է, թե՞ ոչ»։

Ըստ Մելիքյանի՝ հարց է առաջանում, թե ինչու պետք է այս մարդիկ դեռևս 2011 թվականին նման երկար շղթա կառուցեին, այն էլ՝ ինչ-որ մի անձի նյութական շահ ապահովելու համար։

«Այս մարդիկ շահագրգռվածություն ինչո՞ւ են դրսևորել։ Մեր վարկածը ներկայացնեմ։ Գործ ունենք սովորական աշխատանքային իրավիճակի հետ, գործ ունենք իրավիճակի հետ, երբ բուհում առաջացել է ֆինանսական ճգնաժամ։ Չունենք ապացույց, որ այդ ճգնաժամին Աշոտյանը մասնակցել է։ Ստեղծվել է ֆինանսական ճգնաժամ, և Աշոտյանը, որպես նախարար, ռեկտորի կողմից խնդիրը բարձրացնելուց հետո, օպերատիվ լուծում են գտել՝ վարկ տրամադրելու միջոցով, ու մտածել երկարաժամկետ լուծման մասին։ Լուծումը գտել են անշարժ գույքը վաճառելու միջոցով։ ԿԳ նախարարը չէ՞ այն մարդը, որը պետք է զբաղվի խնդրի լուծմամբ»։

Ըստ Մելիքյանի՝ դատախազի կողմից հստակ նշվեց, որ «Կրթության մասին» օրենքի՝ մինչ այդ պահը գործող 45-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա որևէ կրթական հաստատության կողմից գույքն օտարելն ապօրինի է, եթե այն պետք է օգտագործվի ոչ կրթական նպատակներով։

«Բազմաթիվ կրթական հաստատություններից վերջին տարիներին տարածքներ են օտարվել ոչ կրթական նպատակով օգտագործելու համար։ Այդտեղ հանրային մեղադրողը քրեական հետապնդո՞ւմ է հարուցել»։

Մելիքյանն ասաց, որ իրենք պնդում են՝ մեղադրանքը թե՛ իրավաբանական, թե՛ տրամաբանական առումով որևէ կերպ հիմնավորված չէ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել