Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Պուտինի ձեռքն ու Փաշինյանի մեջքը․ «կյանքի ու մահվան» փակուղին

Հոկտեմբեր 10,2026 10:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Այն, որ Պուտինը բարեկամաբար, թե մտերմաբար թփթփացնում է Նիկոլ Փաշինյանի մեջքին՝ նրա եւ Տոկաեւի հետ զրույցի ընթացքում, նրանց միջեւ ջերմ հարաբերության «նոտարական կնիք» չէ ամենեւին։ Այսօր թփթփացնում է մեջքին, վաղը կարող է շատ հանգիստ խփել այդ մեջքից։ Եվ դա չի վերաբերում միայն Պուտինին, վերաբերում է, ըստ էության, աշխարհաքաղաքական ուժային բոլոր կենտրոններին։ Հետեւաբար, այստեղ շատ էական է անել մի արձանագրում՝ քաղաքական անգիտություն կամ քաղաքական անմեղսունակություն է որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնի առաջնորդի կամ ղեկավարի ապավինելն ու նրա հետ մտերիմ հարաբերությամբ պարծենալը կամ դրա վրա քաղաքական որեւէ հաշվարկ կառուցելը։

Դա բացարձակ չի նշանակում, թե այդ մարդիկ չունեն մարդկային հարաբերություն կառուցելու կարողություն կամ հատկանիշ։ Հարցն այն է, որ այդ կենտրոնների ղեկավարի, առաջնորդողի կարգավիճակում հայտնված մարդիկ չունեն պարզապես մարդկային հարաբերությունների ուղենիշներով առաջնորդվելու հնարավորություն։ Որովհետեւ նրանց ազդեցության եւ պատասխանատվության, նրանց հանձնառությունների եւ պարտավորությունների ֆունկցիոնալ շրջանակը ներառում է այնպիսի տարածություն ու խորություն, այդ թվում, օրինակ, հազարավոր միջուկային մարտագլխիկներով եւ դրանց ճակատագրով, որ առանձին մարդկային գլուխները նրանց բոլորի համար շատ հանգիստ դառնում են երկրորդական։

Դա, ի դեպ, այդ դիրքին ու աստիճանին, այդ մասշտաբի հանձնառության ու պատասխանատվության շրջանակին հասնող մարդկանց՝ ինչ-որ իմաստով նույնիսկ մարդկային կամ անձնական ողբերգությունն է, առնվազն ծանրագույն հոգեբանական բեռը, թեեւ՝ նրանց միանգամայն կամովին ընտրությունը։ Դրա համար են այդ դիրքերում «կանչվածները շատ, իսկ ընտրյալները՝ սակավ»։ Հասկանալի է, որ այս պարագայում կանչվածն ու ընտրյալը խիստ փոխաբերական կիրառում է։

Այդպիսով, Պուտինի մտերիմ թփթփոցը Փաշինյանի համար ոչ մի երաշխիք չէ, ինչպես երկրորդ նախագահի համար որեւէ երաշխիք չէ Պուտինի հետ հարաբերության քիմիան, որի մասին նա խոսում էր տարիներ առաջ։ Մեծ հաշվով, այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է՝ պետական առաջնորդության կարգավիճակ ունեցող կամ ունեցած գործիչների ամենից ամուր երաշխիքը թերեւս իշխանության հարցը «կյանքի ու մահվան» դիլեմայի կամ կետի չհասցնելն է։ Ի դեպ, դա նաեւ պետության համար անվտանգության, կենսունակության, միջազգային քաղաքականության բարդ միջանցքներում՝ առավելագույն ճկունության նվազագույն երաշխիք է։

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել