Արհեստական բանականությունը՝ ԱԲ կամ AI, մեկ օրում ու միանգամից՝ ասենք մի գյուտով կամ հայտնագործությամբ չի ստեղծվել, այն տասնամյակների համառ աշխատանքի արդյունք է, որի ժամանակագրությունը մատչելի ու ընկալելի ձևով փորձենք ներկայացնել։
Մի բանում սկզբից պայմանավորվենք՝ այն մաթեմատիկայի, ֆիզիկայի, փիլիսոփայության, կենսաբանության և համակարգչային գիտությունների երկարատև ու խորքային զարգացումների արդյունք է։
Պետք է ասել, որ մինչև համակարգիչների՝ Էհմ-երի ի հայտ գալը, գիտնականները փորձում էին հասկանալ, թե հնարավո՞ր է, արդյոք, մարդկային մտածողությունը վերածել կամ փոխարկել մաթեմատիկական հաշվարկի։
Ալան Թյուրինգը հաճախ և իրավմամբ համարվում է «ԱԲ-ի հայրը»։ Իսկ ինչ է նա արել։ Պարզվում է, որ դեռևս 1936-ին նա նկարագրել է մի վիրտուալ մեքենա, որին հետագայում անվանեցին Թյուրինգի մեքենա և որը կարող էր կատարել ցանկացած մաթեմատիկական հաշվարկ, եթե դրա համար կա ալգորիթմ՝ իրականացվող քայլերի հաջորդականություն։ Փաստացի դա նոր եզրով ժամանակակից համակարգչի նախագիծն էր…
Կարդացեք նաև
1950 թվականին նա հրապարակեց մի հոդված, որտեղ հնչեց հանրահայտ միտքը՝ «կարող են մեքենաները մտածել» ու ներկայացրեց, այսպես կոչված՝ Թյուրինգի թեստը։
Ջորջ Բուլը 19-րդ դարում ստեղծեց «Բուլյան հանրահաշիվ»։ Նա ապացուցեց, որ տրամաբանական դատողությունները կարելի է արտահայտել 0-ների և 1-երի /Այո/ոչ/ միջոցով։ Հետագայում սա դարձավ համակարգչային պրոցեսորի աշխատանքի հիմքը։
Նեյրոկենսաբանությունը հաճախ համարվում է ուղեղի կրկնօրինակման կամ արհեստական ուղեղի ստեղծման մասին գիտական ուղղություն։
Ուորեն Մաքքալոկը և Ուոլտեր Փիթսը՝ նեյրոֆիզիոլոգն ու մաթեմատիկոսը, 1943 թվականին ստեղծեցին մարդու ուղեղի բջջի՝ նեյրոնի առաջին մաթեմատիկական մոդելը՝ արհեստական նեյրոնը։ Նրանք ցույց տվեցին, որ արհեստական նեյրոնները իրար միացնելով կարելի է կատարել տրամաբանական գործողություններ։
Ընթերցողը հավանաբար նկատեց, որ դա հենց այսօրվա ամենատարածված եզրերից՝ նեյրոնային ցանցի նախատիպն էր…
Ֆրենկ Ռոզենբլատը 1957 թվականին ստեղծեց, այսպես կոչված, «Պերսեպտրոնը», որը իրավմամբ համարվում է առաջին գործնական նեյրոնային ցանցը աշխարհում ու այն կարողանում էր ճանաչել պատկերներ՝ տարբերելով, օրինակ, եռանկյունին քառակուսուց։ Կարևոր է նշել, որ սա մեքենայական ուսուցման սկիզբն էր…
Իսկ ինչ էր կատարվում համակարգչային գիտության և կիբեռնետիկայի տիրույթում։ Բանն այն է, որ 1950-ականներին տեխնոլոգիաները հասան այնպիսի մակարդակի, որ գիտնականները պաշտոնապես ստիպված էին հիմնադրել ԱԲ ուղղություն։ Մասնավորապես Ջոն Մաքքարտին 1956-ին կազմակերպեց հայտնի Դարթմութի կոնֆերանսը, որտեղ էլ առաջին անգամ օգտագործեց ու հնչեցրեց «Արհեստական Բանականություն, Artificial Intelligence» եզրը։ Պետք է նշել, որ նա նաև ստեղծեց LISP ծրագրավորման լեզուն, որը տասնամյակներ շարունակ հանդիսանում էր ԱԲ մշակման գլխավոր գործիքը։
Մարվին Մինսկին ԱԲ-ի ստեղծման ամենաազդեցիկ դեմքերից է։ Նա մշակեց առաջին նեյրոնային ցանցով աշխատող սիմուլյատորը և հիմնեց ԱԲ լաբորատորիա։ Ըստ նրա՝ «Միտքը» բաղկացած է բազմաթիվ փոքր, ոչ բանական մասնիկների փոխազդեցությունից…
Այդ ժամանակահատվածում զարգանում էր նաև Ինֆորմատիկայի տեսությունը և կառավարումը։ Նորբերտ Վիները հիմնադրեց «Կիբեռնետիկան», որը գիտություն է մեքենաների և կենդանի օրգանիզմների կառավարման և ինֆորմացիայի փոխանակման մասին։ Նա առաջինը ներմուծեց «հետադարձ կապի» գաղափարը, որը թույլ է տալիս մեքենային սովորել սեփական սխալների վրա։
Կլոդ Շենոնը ստեղծեց «Ինֆորմացիայի տեսությունը» ու բացատրեց, թե ինչպես կարելի է ցանկացած տիպի տեղեկատվություն՝ ձայն, տեքստ, պատկեր՝ չափել, կոդավորել և փախանցել թվային եղանակով։ Այսօրվա իրողությունից, կարելի է եզրակացնել, որ առանց սրա ԱԲ-ն չէր ունենա «տվյալներ» սովորելու համար։
Անցած դարի 70-80-ականներին ԱԲ-ն ճգնաժամի մեջ էր ու այն հաճախ ներկայացվում է, որպես «ԱԲ-ի ձմեռ»։ Նման եզրով նկարագրվում է արհեստական բանականության պատմության այն ժամանակահատվածները, երբ այդ ուղղության նկատմամբ հանրային հետաքրքրությունը, վստահությունը և ֆինանսավորումը կտրուկ նվազել են։ Եղել են նմանատիպ երկու ձմեռներ՝ առաջինը՝ 1974-80 թվականներին, երբ մասնավորապես Մեծ Բրիտանիայի կառավարության պատվերով պատրաստվեց, այսպես կոչված, Լայթհիլի զեկույցը, որտեղ խիստ քննադատվում էր ԱԲ-ն։
Երկրորդ «ԱԲ ձմեռը» ՝ 1987-93 թվականներին էր, երբ մասնավորապես Ճապոնիայի կառավարության «5-րդ սերնդի համակարգիչների» հավակնոտ և թանկարժեք նախագիծը չտվեց սպասված արդյունքները, ինչը կրկին հանգեցրեց ներդրումների սառեցման։
Բայց աշխատանքներն այնուհանդերձ շարունակվում էին ու մեծապես դրանց արդյունքում ստեղծվեցին այսօրվա ChatGPT-ների ու ինքնավար մեքենաների հիմքերը։ Մասնավորապես Ջեֆրի Հինթոնը, ում «Խորը ուսուցման կնքահայր» են անվանում, 1986-ին համահեղինակեց, այսպես կոչված՝ «Հետադարձ տարածման» ալգորիթմը, որը թույլ տվեց նեյրոնային ցանցերին սովորել իրենց սխալներից և միլիարդավոր պարամետրեր ճշգրտել։ Արդյունքում 2012-ին նրա թիմը ցույց տվեց, որ բազմաշերտ նեյրոնային ցանցերը մեծ ճշգրտությամբ ճանաչում են պատկերները, որով էլ ըստ էության սկսվեց այն բումը, որը աշխարհում տիրում է ԱԲ-ի շուրջ։
Ի դեպ, վերջերս շատ է խոսվում ԱԲ-ն «Գերագույն բանականություն» վերանվանելու մասին (չգիտես ինչու, քաղաքական գործիչները իրենց գործ թողած՝ դրանով են զբաղվում) ու եթե նույնիսկ դա տեղի ունենա, միևնույն է, «Արհեստական բանականությունը» ավելի տեղին ու ճշգրիտ տերմին է՝ ու շատ ներդաշնակ է հնչում մարդկային՝ բնական բանականության կողքին ու որ կարևոր է՝ չի ճնշում նրան…
Ընթերցողը երևի նկատեց, որ ֆիզիկայի ու նրա զարգացումների մասին՝ կապված ԱԲ-ի հետ, չխոսվեց։ Մյուս զրույցը հենց դրա մասին էլ կլինի։
Կամո Աթայան
«Առավոտ» օրաթերթ
09.10.2026



















































