Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Արցախի պատմությունը փրկվում է Սփյուռքի մամուլի էջերում․ ինչ կարող էինք կորցնել ընդմիշտ

Հոկտեմբեր 10,2026 13:28 Share
Աջակցեք aravot.am-ին

Վերջերս մեդիահետազոտող Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել էր այն խնդրին, թե ինչպես է հայկական համացանցը կորցնում իր հիշողությունը, ինչի արդյունքում, ի թիվս այլնի, անհետանում է նաև Արցախի վերաբերյալ տեղեկատվությունը։ Այս առումով անչափ կարևորվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսյանի «Հայկական գաղթօջախների պարբերական մամուլի դերը Արցախի տպագիր ժառանգության պահպանության և հանրահռչակման գործում» ուսումնասիրությունը, որը ներկայացվել է վերջերս Հայաստանի ազգային գրադարանում կայացած «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովի ժամանակ։

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է Հովիկ Ավանեսովի հետ։

«Բարեբախտաբար, պարբերական մամուլը համացանցային տարբերակից բացի, հիմնական մասով նաև թղթային տարբերակով է հրատարակվում, թղթային բնօրինակները բավական երկար ժամանակ պահպանվում, փոխանցվում են տարբեր գրադարաններին, կառույցներին, այդ թվում՝ Հայաստանի ազգային գրադարանին, դրանով իսկ նպաստում ժառանգության պահպանմանը։ 2020 թ. բռնազավթված բնակավայրերի, նաև 2023 թ. Արցախի ամբողջական բռնազավթումից հետո բավականին գրադարաններ են մնացել բռնազավթված Արցախում՝ հարուստ գրականությամբ, հրատարակված գրքերով, և դրանցում տեղ գտած նյութերի զգալի մասը պահպանվել ու մեր հետազոտողներին է հասել Սփյուռքի պարբերական մամուլում վերահրատարակված լինելու շնորհիվ։

Կային դեպքեր, երբ հեղինակներն անձամբ էին որոշակի հատվածներ ուղարկում սփյուռքյան մամուլին՝ հրատարակելու համար, իսկ հիմնական մասը այդ լրատվամիջոցների նախաձեռնությունն էր, հատկապես որ տարբեր ժամանակահատվածներում Արցախում Սփյուռքի տարբեր լրատվամիջոցների մամուլի համագումարներ էին տեղի ունենում, նաև Սփյուռքում էին հրավիրվում համագումարներ, և այնտեղ համագործակցության մեխանիզմներ, գործիքներ էին ձևավորվում, ինչը ևս նպաստել է ժառանգության պահպանմանը։ Կան հոդվածներ, որոնք ոչ միայն ժամանակակից հեղինակների ուսումնասիրություններ, նյութեր են, այլև արտատպություններ՝ 19-րդ դարում Շուշիում հրատարակված պարբերական մամուլի էջերում տեղ գտած նյութերից։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին հրատարակված ահագին գրքեր, մամուլ, որոշակի առումով, թվայնացված տարբերակով էլ կա, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ կայքէջերն են փակվում, հղումները հասանելի չեն, սփյուռքի տպագիր մամուլը այդ բացը լրացնելու առումով անչափ կարևոր գործիք է, հայապահպանությանը միտված մեխանիզմ»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա ձևակերպմամբ՝ այդկերպ Սփյուռքի մեր հայրենակիցները հաղորդակից են լինում մեր պատմությանը, ժառանգությանը, տեղեկանում, թե ինչ գործեր են հրատարակվել, և դա նպաստում է հայապահպանմանը, լեզվամտածողության, ազգային ինքնության, ինքնագիտակցության պահպանման առումով բավականին մեծ նպաստ է բերում։

«Ժամանակին Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը կար, կարևոր էր այդ օղակներից մեկը հանդիսանալը, և չնայած Արցախը բռնազավթված է, բայց Սփյուռքի մամուլում եռամիասնության գաղափարի պահպանմանը հաճախ ենք հանդիպում։ Ցավոք սրտի, մեր հետազոտողների համար երբեմն եզակի աղբյուրը մնացել են մամուլում տեղ գտած նյութերը։ Կան անհատներ ևս, որոնք իրենց ունեցած անհատական գրադարանն են պեղել, բայց դա ընդհանուր հասանելիություն չի ապահովում։ Մեր ելույթի ժամանակ մի կարևոր շեշտադրում էլ արեցինք. այնպես էր ստացվել, որ գիտաժողովի մեկնարկը համընկել էր վեց տարի առաջ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման օրվա հետ։ Գիտաժողովի մասնակիցների և արտասահմանյան հյուրերի ուշադրությունը նաև այդ հանգամանքի վրա ուղղեցինք, որ երբ խոսում ենք մշակութային ժառանգության մասին, այս համատեքստում կարևոր է խոսել նաև այդ ժառանգությանը սպառնացող վտանգների մասին։ Նման գիտաժողովները շատ կարևոր հարթակ են Արցախի ժառանգությունը ներկայացնելու համար։ Նաև ուզում եմ նշել, որ այս թեման մեր տարիների ծավալուն հետազոտական աշխատանքն է, այս հետազոտական ծրագիրը Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի կողմից իրականացվող հետազոտական ծրագրի մաս է կազմում»,- հավելեց Հովիկ Ավանեսովը։

Ամփոփելով ասվածը՝ նա կրկին ընդգծեց, որ հայկական գաղթօջախների պարբերական մամուլը դիտարկվում է որպես առանցքային մշակութային ինստիտուտ, որն էական դերակատարություն ունի Արցախի տպագիր ժառանգության պահպանության, վերարտադրության և հանրայնացման գործընթացներում՝ հատկապես պատերազմների և բռնի տեղահանության պայմաններում։ Ավանեսովի խոսքով՝ այն գործում է որպես այլընտրանքային պահպանման հարթակ՝ ապահովելով կորստի վտանգի ենթարկված պարբերականների, գրքերի և վավերագրերի շրջանառությունն ու բովանդակային շարունակականությունը։ Միաժամանակ, Սփյուռքի մամուլը ձևավորում և վերարտադրում է համահայկական ինքնության դիսկուրս՝ իրականացնելով ներկայացուցչական և հաղորդակցական գործառույթներ։ Այն ունի նաև գիտական նշանակություն՝ հանդես գալով որպես սկզբնաղբյուր և նպաստելով պատմամշակութային հիշողության համակարգային պահպանմանը։

«Այսպիսով, հայկական գաղթօջախների պարբերական մամուլը կարելի է դիտարկել որպես բազմաֆունկցիոնալ համակարգ, որը միաժամանակ իրականացնում է պահպանման, հանրահռչակման, հաղորդակցության և գիտական միջնորդության դեր՝ ապահովելով Արցախի տպագիր ժառանգության շարունակականությունն ու կենսունակությունը համահայկական մշակութային տարածքում»,- ասում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031