Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսերվատորիան իր միջազգային գործունեությամբ ամրապնդում է վստահելի գործընկերոջ դիրքը՝ ընդլայնելով միջազգային համագործակցության շրջանակը. Արամ Հովհաննիսյան

Հոկտեմբեր 26,2026 15:43 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) հայտագրերը բուհի առօրյայի, աշխատանքային ու համերգային իրադարձությունների, հոբելյանների, նաև միջազգային համագործակցության խոսուն վավերագրերն են։

Կոնսերվատորիայում կայացած վարպետության դասերից

Նկատեցինք, որ վերջին շրջանում առանձնահատուկ շատացել են միջազգային մասնագետների այցերը կոնսերվատորիա։ Ինչո՞վ է պայմանավորված նման ակտիվությունը, ինչո՞վ է գրավում Երևանի կոնսերվատորիան օտարերկրյա դասախոսներին, երաժիշտներին։ Այս հարցերի շուրջ Aravot.am-ը զրուցեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանի հետ։

– Մեր դիտարկմամբ՝ 2026–2027 ուսումնական տարվա մեկնարկը նշանավորվեց Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող միջազգային ակադեմիական և ստեղծագործական համագործակցություններով։

– Իրավացի եք։ Ծրագրի շրջանակում Կոնսերվատորիան հյուրընկալեց Գերմանիայից, Խորվաթիայից, Իտալիայից և Իսպանիայից ժամանած մասնագետների, որոնք ուսանողների հետ կիսվեցին իրենց մասնագիտական փորձով՝ վարպետության դասերի, դասախոսությունների և համերգային ծրագրերի միջոցով։

Սեպտեմբերին ԵՊԿ-ում վարպետության դասեր անցկացրին Ռոստոկի երաժշտական բարձրագույն դպրոցի պրոֆեսորներ՝ ֆագոտահար Դավիդ Պետերսոնը և դաշնակահար Լիլիթ Գրիգորյանը։ Օրինակ, Լիլիթ Գրիգորյանը մեր կոնսերվատորիայի լավագույն շրջանավարտներից է, որը ուսումը շարունակեց Գերմանիայում, ներկայումս բնակվում և աշխատում է այնտեղ, ակտիվ համերգային գործունեություն է վարում, դասավանդում է։ Մի խոսքով, պահանջված, կայացած մասնագետ է։ Մեզ համար առանձնահատուկ կարևոր է, որ արտերկրում գտնվելով՝ մեր նախկին սաները չեն կորցնում կապը Մայր բուհի հետ, ավելին՝ իրենց ուժերի ներածին չափով աջակցում են սեփական փորձով, իրենց անձնական ստեղծագործական կապերով։ Ֆագոտահար Դավիդ Պետերսոնի հետ այցելությունը հենց այսպիսի համագործակցության օրինակ էր։ Նրանք աշխատեցին ինչպես մենակատար ուսանողների, այնպես էլ կամերային անսամբլների հետ։ Այցի շրջանակում երաժիշտները համերգով հանդես եկան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում, վարպետության դասեր անցկացրին նաև ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղում։

– Կարո՞ղ եք նշել վերջին շրջանի միջազգային փոխանակումների ծրագրերից առավել հաջողված ու շարունակականները։

– Այս ամսվա սկզբից՝ հոկտեմբերին, իրականացվեցին միջազգային դասախոսական փոխանակման չորս ծրագրեր, որոնցից երկուսը՝ Զագրեբի երաժշտական ակադեմիայի հետ համագործակցության շրջանակում։ Հոկտեմբերի 6–7-ը ակադեմիայի պրոֆեսոր Մարինա Մատոլիչը, իսկ հոկտեմբերի 19–23-ը՝ Մարիանա Կոմլիենովիչը, ԵՊԿ-ում անցկացրին նվագակցության վարպետության դասեր։

Զագրեբի երաժշտական ակադեմիայի հետ համագործակցությունն առանձնանում է իր շարունակականությամբ և արդյունավետությամբ։ Վերջին տարիներին իրականացված երկկողմ դասախոսական այցերն ու ուսանողների փոխանակման ծրագրերը նպաստել են մասնագիտական կապերի ամրապնդմանը և նոր համագործակցային նախաձեռնությունների ձևավորմանը։ Համագործակցության կարևոր արդյունքներից է նաև վերջին տարիներին ԵՊԿ վեց ուսանողի՝ մեկ ուսումնական տարի Զագրեբի երաժշտական ակադեմիայում ուսումնառությունը շարունակելու հնարավորությունը։ Դա լավագույնս կնպաստի երկու հաստատությունների միջև ակադեմիական կապերի հետագա զարգացմանը։

Նախորդ ուսումնական տարում ԵՊԿ երկու ուսանող Էրազմուս+ ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել է Ադրիայի կոնսերվատորիայում։ Ընթացիկ ուսումնական տարում նախատեսվում է ևս չորս ուսանողի մասնակցություն փոխանակման ծրագրին՝ շարունակելով և ընդլայնելով երկու հաստատությունների միջև ձևավորված համագործակցությունը։

– Հետաքրքիր է իմանալ՝ ինչպիսի՞ն է գործընկեր բուհերի ղեկավարների կարծիքը մեր կոնսերվատորիայի մասին՝ որպես գործընկեր։

– Կոնսերվատորիայի մասին կարծիքը ձևավորում են մեր ուսանողները, որոնք ներկայացնում են բուհը, մեր ավանդույթները, ձեռքբերումներն ու պոտենցիալ գործընկերային հնարավորությունները։ Վստահորեն կարող ենք ասել, որ մեր ուսանողների ցուցաբերած հաջողությունների շնորհիվ է, որ գործընկեր բուհերի ղեկավարներն անձամբ ցանկանում են այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ կոնսերվատորիային, նրա պրոֆեսորադասախոսական կազմին, քննարկել համագործակցության նոր ձևեր ու պայմաններ։

Երջանիկ պատահականությամբ՝ գրեթե նույն ժամանակահատվածում կոնսերվատորիան հյուրընկալեց Իտալիայի Ադրիայի կոնսերվատորիայի միջազգային հարաբերությունների պատասխանատու Դորիա Կանտատորեին և շեփորահար, պրոֆեսոր Պիեր Ջիորջիո Ռիչիին, ինչպես նաև Իսպանիայի Վիգոյի կոնսերվատորիայի տնօրեն, կլարնետահար Էստեբան Վալվերդեին և միջազգային կապերի պատասխանատու Խոսե Ֆերնանդեսին։

Վարպետության դասերից բացի, գործընկեր բուհերի ղեկավարների հետ կազմակերպվեցին աշխատանքային հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին նախորդ տարիների համագործակցության արդյունքները, առաջիկա համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունության և մասնագիտական փոխանակման հնարավորությունների ընդլայնմանն ու զարգացմանը։

Երևանի կոնսերվատորիայի ղեկավարության հետ հանդիպման շրջանակում կազմակերպվեց համերգ՝ ԵՊԿ տարբեր մասնագիտացումների ուսանողների մասնակցությամբ։

Կոնսերվատորիայում կայացած վարպետության դասերից

– Տարեցտարի ընդլայնվում է կոնսերվատորիայի միջազգային համագործակցության աշխարհագրությունը, ավելի բազմազան է մասնագիտացումների շրջանակը։ Ինչպե՞ս եք ընտրում միջազգային փոխանակման ծրագրերի մասնակից ուսանողներին։

– Հրավիրող կողմն ինքն է առաջարկում առկա կրթական ծրագրերն ու մասնագիտացումները։ Ստանալով հրավերը՝ համապատասխան ֆակուլտետների, ամբիոնների առաջարկով ընտրվում են այն ուսանողները, որոնք աչքի են ընկել բարձր առաջադիմությամբ և մասնագիտական հաջողություններով, և, իհարկե, առաջնահերթությունը տրվում է այն ուսանողներին, ովքեր բավարար չափով տիրապետում են օտար լեզվին, հիմնականում անգլերենին։

Կոնսերվատորիայում կայացած վարպետության դասերից

– Դուք Կոմպոզիցիայի ամբիոնի դասախոս եք և վերջերս եք վերադարձել Պորտուգալիայից…

– Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանի Կոմպոզիցիայի ամբիոնի հրավերով հոկտեմբերի 19–23-ը հանդես եկա վարպետության դասերով և ընդհանուր դասախոսությամբ։ Վերջին երեք տարիներին երկու բուհերի Կոմպոզիցիայի ամբիոնների միջև ձևավորված համագործակցությունը ձեռք է բերել առանձնահատուկ նշանակություն։ Ակտիվորեն զարգանում է նաև «Կատարողական արվեստ» մասնագիտությունների ուսանողների փոխանակումը։ Ավելի քան մեկ տասնյակ ԵՊԿ ուսանողներ արդեն հնարավորություն են ստացել փոխանակման ծրագրերի շրջանակում ուսանել Ավեյրոյի համալսարանում։ Կարելի է վստահորեն նշել, որ կոնսերվատորիան իր միջազգային գործունեությամբ ամրապնդում է վստահելի գործընկերոջ դիրքը՝ ընդլայնելով միջազգային համագործակցության շրջանակը և ստեղծելով նոր հնարավորություններ ակադեմիական ու ստեղծագործական փոխգործակցության համար։

 

Զրուցեց Սամվել Դանիելյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031