Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողի բազմոցից՝ մեղադրյալի աթոռին

Օգոստոս 30,1995 15:56

Թեեւ կոոպերատիվների «Հայաստան» միության նախագահ Աշոտ Աբրահամյանը երեք օր անընդմեջ հայկական հեռուստատեսությամբ բավականին հաջող հանդես եկավ մեղադրողի դերում, դա ամենեւին էլ չօգնեց նրան խուսափել մեղադրյալի աթոռին նստելուց։

Երեկ Գերագույն դատարանում լսվում էր նրա եւ միության եւս 11 անդամների նկատմամբ հարուցված քրեական գործը։ Հենց սկզբից նշենք, որ տարօրինակ էր աղմուկ հանած գործին տուժողների պասիվ մասնակցությունը՝ 136-ից ներկա էին ընդամենը 3-ը։ Նիստի սկզբում Աշոտ Աբրահամյանը պահանջեց դատարան հրավիրել Դաշնակցության ներկայացուցիչներին՝ պատճառաբանելով, որ իր ցուցմունքները մեծապես առնչվում են նրանց։ Քիչ անց նա հանդես եկավ մի հայտարարությամբ, որը կցվեց գործին եւ կդառնա քննության առարկա, ուր խիստ քննադատության ենթարկեց ՀՅԴ ԿԿ-ի եւ Բյուրոյի մի շարք անդամների, նշելով, որ մեղադրյալներից եւ ոչ մեկը մեղավոր չէ, եւ հնարավոր է վերականգնել «ավանդատուներին եւ պետությանը հասցված վնասը»։

Ի դեպ, ըստ դատախազի, հայտարարության նպատակը «պրոցեսը քաղաքականացնելը եւ բարոյական ճնշում գործադրելն էր տուժողների եւ մյուս մեղադրյալների վրա»։ Այնուհետեւ կարդացվեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի Աշոտ Աբրահամյանին մեղադրանք է ներկայացված ՀՀ քրդատօրի 155 հոդվածի 2-րդ մասով (առանց համապատասխան գրանցման լիցենզավորման գործունեություն), 90 հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի յուրացում), 232 հոդվածի 1-ին մասով (ապօրինի ռազմամթերքի ձեռքբերում): Ըստ մեղադրական եզրակացության, Ա. Աբրահամյանը ավանդատուներին չի վճարել մոտ 9,5 մլն ռուսական ռուբլի, մոտ 450 հազար ԱՄՆ դոլար, 11 հազար գերմանական մարկ եւ 600 ֆունտ ստեռլինգ։ Աբրահամյանն իրեն մեղավոր ճանաչեց միայն 232 հոդվածի 1-ին մասով եւ 155-ի 2-րդ մասով։ Մյուս ամբաստանյալները իր անմեղ, իսկ մի քանիսը՝ «անփույթ» համարեցին։

Երեկվա նիստում որոշվեց նաեւ ապացույցների հետազոտման կարգը՝ ընտրելով ցուցմունքներ տալու տուժողներ-ամբաստանյալներ (1-ը Ա. Աբրահամյան)- վկաներ հերթականությունը։ Լսվեցին նաեւ երեք տուժողների ցուցմունքները։ Նրանք ամբաստանյալներից ճանաչելով միայն Աբրահամյանին՝ «մնացածից մի քանիսին տեսել են իրենց գրասենյակում», պահանջում էին վերադարձնել գոնե ներդրված փողը՝ առանց տոկոսադրույքները հաշվելու, եւ հեռանում էին դատարանի դահլիճից կատարված պարտքի գիտակցումով:

Նիստը կշարունակվի օգոստոսի 31-ին:

ՓԱՍՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031