Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ 4․

Հոկտեմբեր 31,1998 00:00
arzan

Հեղափոխությունը եւ արձանները

Որ 1988-ին սկսված Շարժումը Ղարաբաղից բացի այլ հարցերի էլ էր առնչվում՝ հիշում ենք։ Եվ որ մեր միջից Շարժմանը հակադրվողներ էլ կային՝ դարձյալ հիշում ենք։ Եվ շատերս այս Շարժումից շատ ավելի սարսափելի արդյունքներ էինք սպասում, քան այսօրվա մեր ունեցած արդյունքներն են։ Իսկ որ 1988-ի հորձանքին հակադրվելն իսկապես հաճախ իմաստ ուներ՝ կասկածից վեր է, քանզի, ինչպես բոլոր հեղափոխությունները, այս մեկն էլ էր հիմնականում ուղեկցվում հիմար ու անհեթեթ ձայնարկություններով, որոնց անմիջապես արձագանքում էր հարյուր հազարանոց մշտական երգչախումբը։

Եվ եթե չըմբռնեիր ու չշեփորեիր համազգային գործադուլի հույժ կարեւորությունը, կնշանակեր՝ ոչ մի բանի ու ոչ ոքի պետք չես։ Եվ եթե չգոռայիր ու չձայնակցեիր, որ կաթողիկոսը ՊԱԿ-ի գործակալ է, վերստին կնշանակեր, որ անպիտան ես։ Եվ երկրաշարժից հետո անպայման պիտի ղժղժալով երգեիր «Մեր տունը միմիայն մեր ձեռքերով սարքենք» երգը, նաեւ պիտի ճվճվայիր առ այն, որ Մոսկվան կերավ Ազնավուրի ուղարկած ողջ օգնությունները, ու նաեւ պիտի հիստերիկ բարձրաձայնեիր, որ ռուսները, ղազախները, ուկրաինացիք ու բոլորը առեւանգում են աղետի գոտու մեր երեխաներին, որովհետեւ, հասկանալի է, վերոնշյալ ու մյուս բոլոր ազգերից վաղուց արդեն նորմալ սերունդ չի ծնվում ու չի առաջանում։

Այս եւ էլի այլ բաներ, ուրեմն, պիտի գոռգոռայիր ու բարձրաձայնեիր, եթե, իհարկե, չէիր ուզում հայրենիքիդ կյանքից ու առօրյայից դուրս մնալ։ Բայց, այսուհանդերձ, ճշմարիտ ու լիարժեք հայ օծվելու համար հարկ էր, որ առնվազն մեկ անգամ պառկեիր «Նաիրիտի» ռելսերի լայնքով կամ երկայնքով։ Յուրատեսակ հայրենասիրության եւ սպեցիֆիկ ազնվության բազմազան դրսեւորումների ու զեղումների արտահայտման հիմնական եղանակը հիստերիան էր, որի վառ դրսեւորումներից մեկն էլ մեր գլխավոր հրապարակում տեւականորեն կանգնած Լենինի արձանի ապամոնտաժումն էր։

Հիշեցման կարգով ասենք, որ արձանը տվյալ տեղում հայտնվել էր ոչ թե Լենինի կամքով (նա մինչ այդ հասցրել էր մեռնել), այլ՝ մեր, եւ ոչ թե Լենինը, այլ մենք էինք տարիներ շարունակ հպարտանալով պարծենում, թե սույն արձանը ողջ Միության տարածքում ամենամեծն ու ամենաընտիրն է։ Այսինքն՝ բոլոր հնարավորություններն ունեինք թաքուն, գիշերով ու անաղմուկ կատարել ապամոնտաժումը վերոհիշյալ արձանի, որը, փաստորեն, մեր ազգովի ստրկամտության վառ արտահայտությունն էր։ Երբ տարիներ առաջ հայերս Մոնումենտի բարձունքից իջեցրինք մեր հերթական կուռքի արձանը (Ստալինի երեւանյան արձանը նույնպես Միության տարածքում ամենաբարձրը, ամենամեծն ու ամենաերեւելին էր), դա, ի տարբերություն Լենինի դեպքի, չվերածվեց յուրատեսակ ծեսի։

Ըստ տրամաբանության՝ Լենինի արձանը նույնպես անաղմուկ պիտի մեզանից հեռանար, ճիշտ այնպես, ինչպես դրանից ամիսներ առաջ հեռացել էր Ազիզբեկովի արձանը։ Երբ Ազիզբեկովի արձանն արդեն ոչ եւս էր, ես առաջարկությամբ (բանավոր եւ գրավոր) դիմեցի «անկախ» Երեւանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանին, հորդորելով, որ Ազիզզբեկովի արձանի տեղում նպատակահարմար դիտի Դրոյի (Դրաստամատ Կանայան) արձանի տեղադրումը (մինչ այդ ԱԻՄ-ը պնդել էր Ստեփան Զատիկյանի արձանի տարբերակը, որը նույնպես ընդունելի տարբերակ էր)։

Համբարձում Գալստյանը, Դրոյի կապակցությամբ իմ առաջարկությունը «տրամաբանական» որակելուց հետո, այն մերժեց հեռակա կերպով ու յուրովի (այդ օրերին վախճանվեց ակադեմիկոս Սախարովը, եւ Հ. Գալստյանն անմիջապես հայտարարեց, որ վերոհիշյալ հրապարակը կկոչվի ակադեմիկոսի անունով, ինչպես նաեւ՝ այնտեղ կտեղադրվի վերջինիս արձանը)։ Այսինքն՝ չխրատվելով ու բոլորից առաջ ընկնելով, մենք եւս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեցինք սույն հրապարակը դարձյալ տրամադրել օտարին։

Ինչեւէ, վերադառնանք Ստալինի եւ Լենինի արձաններին։ Ստալինին ոչ միայն անաղմուկ իջեցրին, այլեւ խնայեցին պատվանդանը, եւ եթե այնուհետեւ պատվանդանը զբաղեցրած Մայր Հայաստանը գեղարվեստորեն ավելի կատարյալ լիներ, պատվանդանի պահպանման իմաստն առավել եւս էր արդարացվելու։ Լենինի պարագայում մեր գեղարվեստական-ճարտարապետական երեւակայությունը բացակայեց, եւ մենք չկարողացանք տվյալ շքեղ պատվանդանին առընթեր մեզ հոգեհարազատ մի խորհրդանիշ պատկերացնել։ Մեր մայրաքաղաքի արձաններին առնչվող այլ անհեթեթություններն էլ կան (օրինակ՝ Նժդեհի անունը կրող հրապարակում կանգնած է բոլորովին այլ մարդու արձան), բայց հանգամանքները ստիպում են, որ վերստին վերադառնանք Հանրապետության հրապարակ ու տեւականորեն մնանք այնտեղ, որովհետեւ, ինչպես պարզվում է, վտանգ կա, որ հենց ոտներս այնտեղից քաշենք, կարող են Լենինի տեղում մեկ այլ անտրամաբանական բան դնել։

Խոսքս որոշ չափով առնչվում է իմ կողմից հարգված եւ իր կողմից մեր հեռուստաեթերը բավականին ազատականացրած «Ար» հեռուստաընկերության՝ իմ կարծիքով անտեղի մի քարոզարշավին, համաձայն որի՝ Լենինի արձանի տեղում նպատակահարմար է դնել Մենուայի որդի Արգիշտիի արձանը։ Շտապեմ ասել, որ անձամբ Արգիշտիի դեմ ոչինչ չունեմ, մանավանդ որ, ի տարբերություն այլ ամենագետ հայերի, նրա մասին գրեթե ոչինչ չգիտեմ եւ արտաքին պատկերացում էլ չունեմ (գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի հետ ծանոթությունս չհաշված)։ Այսուամենայնիվ, կարծում եմ, որ «Ար»-ի առաջարկած տարբերակը լավագույնը չէ։ Արդյո՞ք Հանրապետության հրապարակին ավելի չեն սազի Հայկ Նահապետին, Սասունցի Դավթին, Տիգրան Մեծին (պարզապես ամոթ է, որ առ այսօր մեր մայրաքաղաքից բացակայում է Տիգրան Մեծի մեծադիր արձանը) մարմնավորող արձանները։ Եվ կամ՝ նպատակահարմար չէ՞ արդյոք այդ տեղում կառուցել մի շքեղ ու պատկառելի հաղթակամար, որը համապատասխան խորաքանդակներով կխորհրդանշի մեր ռազմական բոլոր հաղթանակները։

Մի խոսքով՝ խելքի մոտ տարբերակները քիչ չեն, բայց, այդուհանդերձ, արձանագրությանս բուն նպատակն անզուսպ ցանկությունս է, որպեսզի մի գեղեցիկ օր Երվանդ Քոչարի Սասունցի Դավիթը կայարանամերձ հրապարակից տեղափոխվի Հանրապետության հրապարակ։ Փորձեմ թվարկել այն հանգամանքները, որոնք ինձ ստիպել եւ ստիպում են այդպես մտածել։

ա) Հիմնավորապես արդեն Սասունցի Դավթի արձանը հանդիսանում է մեր մայրաքաղաքի խորհրդանիշը։

բ) Ժամանակին, երբ Դավթի արձանը դրվեց կայարանամերձ հրապարակում, Երեւանն օդանավակայան չուներ, եւ երկաթուղային կայարանը համարվում էր մայրաքաղաքի մուտքը, եւ այն տարիների համար արձանի տեղը ճիշտ էր, իսկ այսօր տվյալ տարածքն ամենասովորական արվարձան է՝ հետին առեւտրական մթնոլորտով, եւ որեւէ զբոսաշրջիկ, հյուրընկալվելով Երեւանում, դժվար թե առիթ ունենա տեսնել մեր փառահեղ արձանը։

գ) Իր գեղարվեստական արժանիքներով, սա անվիճելիորեն մեր լավագույն արձանն է, եւ միանգամայն արժանի է մեր լավագույն հրապարակին, մանավանդ որ՝ ճարտարապետական իմաստով էլ (որոշ մասնագետների կարծիքով եւս) իր նոր տեղում հրաշալի կդիտվի։

դ) Սասունցի Դավիթը մեր ուժի, հերոսականության եւ բարոյականության խորհրդանիշն է։

ե) Երվանդ Քոչարն իր բանավոր զրույցներում (որոնցից մեկին ինքս եմ ներկա եղել, եւ մեծ արվեստագետի որդին՝ Հայկազ Քոչարն էլ հավանաբար կհաստատի), բազմիցս ասել է, որ «Սասունցի Դավթի իսկական տեղը Լենինի տեղն էր»։

զ) Այս արձանի տեղափոխումն անհամեմատ էժան կնստի մեր ոչ հարուստ պետության վրա, քան՝ յուրաքանչյուր նոր նախաձեռնություն։

Մենք աշխարհի լավագույն ձիարձաններից ահա այս մեկը բրախել ենք այդ անլույս արվարձանում ու աղմկում-գոռգոռում ենք, թե արձանի թասը գողացել են։ Համոզված եղեք, որ վաղն էլ մթության մեջ կորսված այդ գլուխգործոցի գլուխն ու թուրն են գողանալու. իսկապես մանրից, փուլ առ փուլ առեւանգելու են, որովհետեւ պղնձագողերը մեզնից շատ ավելի լավ են տեսնում ու զգում այս մենավոր ձիավորի լքվածությունն ու անպաշտպանությունը։ Ինչեւէ, Էրեբունու տոնակատարությունը եւս տասը տարով անցյալ դարձավ, եւ առ Արգիշտին տածած անզուսպ սերը, կարծում եմ, լրագրողների սրտերից էլ կամաց-կամաց կպակասի, եւ շատերը (ինչպես նաեւ «Ար»-ի իմ հարգելի գործընկերները) լրջորեն կսատարեն այս մտահղացմանը, եւ մեր ամեն ինչի մարմնացում Սասունցի Դավիթը մի գեղեցիկ օր բարեհաջող կհանգրվանի մեր ուշադրության կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031