Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԵՎՄՏՅԱՆ» ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ «ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ»

Մարտ 31,1999 00:00
Nato

Նպատակը կամ դիտավորությունը չեն սրբագործում միջոցը։

ՀԵԳԵԼ

Քաղաքակրթությունը տվյալ ժամանակաշրջանում հասարակության պատմության բնութագրական՝ բարոյական նորմերի, նյութական եւ հոգեւոր կուլտուրայի ներդաշնակ զարգացման տրամաբանական արտահայտիչն է։ Իսկ բարոյականությունն ինքնին բանականության հավերժական օրենքն է։

Պետք չէ տրամաբանություն փնտրել Բալկանները «սրբագրելու» Արեւմուտքի գործողություններում, քանզի եթե այն գոյություն ունի, ապա չափազանց մերկ է։ Այնքան «մերկ», որ շփոթեցրել է անգամ Եվրոպայի բազմափորձ մոլագարներին։

Իրաք, Բոսնիա, Կոսովո… Ցավոք, դեռեւս «կհաջողվի» լրացնել հիշյալ ցանկը, բայց պատմության անիվը, միեւնույն է, շրջել չի լինի։ Եթե ավելի մատչելի, ապա՝ ռազմաքաղաքական, ֆինանսատնտեսական յուրահատուկ կառույցները, որոնք հիմնականում ձեւավորվել էին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ կոչված էին կարգավորելու հակամարտ համակարգերի համատեղ գոյակցության կենսական բարոմետրը, անխուսափելիորեն կորցնելու են իրենց պատմական նշանակությունը։ Բնականորեն, կառաջանա սույն կառույցների կառուցվածքային եւ ֆունկցիոնալ տրանսֆորմացիայի օբյեկտիվ անհրաժեշտություն։ Այս համալիրում առանձնակի է Հյուսիս-ատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հավանական փոխակերպումը, քանզի հենց նա է, ինչպես եվրոպական գերտերությունների միասնական հակազդեցության, լոկալ պրոբլեմների խթանման ու հաղթահարման, այնպես էլ, Եվրոպայում եւ ընդհանրապես, մոլորակի արեւելյան կիսագնդում ԱՄՆ-ի ռեալ ազդեցությունն ապահովող հիմնական մեխանիզմը։

Դաշինքի ռազմաքաղաքական նշանակությունը, որն առաջնային էր սոցիալիստական համակարգի առկայության պայմաններում, թելադրում էր (է) նրա հիմնական անդամի՝ ԱՄՆ-ի, ակտիվ մասնակցությունը Եվրասիայում ծավալվող հասարակական պրոցեսների, նաեւ այլ ռազմավարական ոլորտներում։ Սոցիալիզմի փլուզումով վերացավ հակամարտության առանցքային՝ գաղափարական բաղադրիչը եւ, ինչպիսին էլ լինի Ռուսաստանի ու մնացած նախկին խորհրդային հանրապետությունների հետագա ճակատագիրը, բնական է, վերադարձ՝ վարկաբեկված ամբողջատիրական-կոմունիստական հարթություն, ուղղակի բացառվում է։ Սույն հիպոթեզը վաղ թե ուշ կփաստվի առայժմ զգուշավորություն ցուցաբերող ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական տերությունների կողմից եւ, բնականաբար, դաշինքի վերաիմաստավորման անհրաժեշտությունը կմղվի առաջին պլան։ Նոր կառույցները, որպես առավել այժմեական, բովանդակ իրողություն կպայմանավորեն «Արեւմուտք-Արեւելք» հարաբերություններում՝ քաղաքակիրթ տնտեսական լծակների գերակայությունը։

Ամեն դեպքում, հուսալի քաղաքատնտեսական կառույցներով, դեմոկրատական Ռուսաստանի առկայության պայմաններում ՆԱՏՕ-ն Եվրոպայում այլեւս անելիք չի ունենա, իսկ մնացած տարածաշրջաններում հարկ կլինի գործել այլ ֆունկցիոնալ պարամետրերով։ Թերեւս, դեմոկրատական Ռուսաստանի անգամ նպատակային ձեւավորումն ու ամրապնդումը, ըստ էության, ունի պատմական նշանակություն, եւ հենց եվրոպական տերությունների համար ամենատրամաբանական միջոցն է ձերբազատվելու աշխարհաքաղաքական հարաբերությունների կարգավորման ուրվագծվող միաբեւեռ համակարգի տրոյական պտուղներից։

Պրոցեսների զարգացման նման ընթացքի հնարավորությունը հստակ գիտակցում են ամերիկյան քաղաքական տեսաբանները։ Հավանաբար, նրանց ձեռնարկով է իրականացվում «եվրոպական» ռազմավարական պլացդարմների ձեւավորումը, որոնք անհրաժեշտության դեպքում կուղղվեն նաեւ այսօրվա դաշնակիցների դեմ։ Այլ տրամաբանություն բոսնիական, կոսովյան կամ կիպրական անոմալ պրոցեսներում (իհարկե, «պատահաբար»՝ բնույթով մուսուլմանական (՞)) փնտրելն անիմաստ է։ Ցավոք, այս ամենն իրականացվում է «քաղաքակիրթ» Եվրոպայի անմիջական մասնակցությամբ, որին թերեւս «խեղել» է այսօրվա անորոշ Ռուսաստանի գոյության փաստը կամ սեպարատիզմով համեմված տարածաշրջանային մասնակի շահը։

Հյուսիս-ատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի դեպի Արեւելք ընդարձակման ձգտումն ու միացյալ սերբական հզոր պետության կազմավորմանն ամեն կերպ խոչընդոտումը լիովին համապատասխանում են հիշյալ պաթոլոգիային։ Ինչեւէ, ապավինենք հակազդեցության ձեւավորման բնական մղման տրամաբանությանը եւ հուսանք, որ Ռուսաստանն ու ընդամենը բուֆերների դերերում հայտնված մնացած նախկին Խորհրդային հանրապետություններն անպայմանորեն կվերանայեն իրենց ռազմավարական հենքերը։ Ի հակադրություն բելովեժսկյան աճպարարների, որոնք չկարողացան տարբերակել «միություն» եւ «համակարգ» կատեգորիաները, հարկ է որդեգրել առավել ճկուն մարտավարություն, քանզի պետական կամ ազգային միացյալ անվտանգության համակարգերի կայացման գերխնդիրը յուրաքանչյուրի (սուբյեկտների) կենսական պահանջն է։ Դույզն իսկ չվտանգելով կորցնել անկախ պետականության միջազգային նորմերով ամրագրված կարգավիճակը, պնդենք, որ ԱՊՀ համակարգի կառուցվածքային եւ ֆունկցիոնալ վերաձեւումն այսօր միակ իրական միջավայրն է, որի շրջանակներում կարող են ամրակայվել պետական եւ ազգային անվտանգության, դեմոկրատական հասարակարգի կայացման պրոցեսները։

Որոշակի պարամետրերում համալիրը կարող է ընդարձակվել սլավոնական, իսկ հեռանկարում՝ նաեւ հարավ-ասիական տերությունների ներգրավումով։ Եթե հանրապետության ռազմաքաղաքական դոկտրինայի մշակողները անվտանգության համակարգի հիմնառանցքում դիտարկում են միմիայն ներկա Ռուսաստանի գործոնը, եւ չեն հիմնավորում նրանում (Ռուսաստանում) քաղաքատնտեսական եւ դեմոկրատական բարեփոխումների, պետական կառուցվածքի անշրջելիությունը, ապա կարող են իրենց «շեդեւրը» նետել աղբարկղը։

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031