Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբում ենք, կեղծում, թաքցնում, որը… կործանարար է

Հուլիս 31,1999 00:00

Խաբում ենք, կեղծում, թաքցնում, որը… կործանարար է Տնտեսություն չունենալով խաբում ենք, կեղծում, թաքցնում իրական վիճակը, օդից վերցված թվեր, ցուցանիշներ շրջանառության մեջ դնում։ Իսկ դրանք կործանարար կարող են լինել երկրի համար։ Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը քայքայեցինք, անդունդի եզրին հասցրինք։ Ձեռնարկությունների թանկարժեք սարքավորումները, հաստոցները, մեքենաները, ոսկու գնի մետաղը փոշիացրինք, մի զգալի մասը քամու «թեւերով» հասցրինք արտերկիր, հզորացրինք նրա տնտեսությունը՝ ոչնչացնելով մերը։ Վիճակը վատանալու, վատթարանալու հետ, մեր իշխանավորներն առավել «հնարամիտ ու շրջահայաց են» դարձել, նոր ուժգնությամբ սկսել կեղծ թվերի, փաստերի խաղը՝ օգտագործելով ռադիոն, հեռուստացույցը, մամուլը։ Նրանք նույնիսկ չեն խորշել ասելու, որ տնտեսության կայունություն, աճ կա եւ այդ տեսակետից նախկին ԽՍՀՄ հանրապետություններում մրցակից չունեն։ Տնտեսություն չկա, բայց աճը, կայունությունը ստեպ172ստեպ «սավառնել» են հանրապետության ամբողջ տարածքով ու «մեղմացրել» անելանելի իրավիճակը։ Պետական այրերից եւ ոչ մեկը համարձակություն, քաջություն չի ունեցել ընդդիմանալու, ասելու, որ խաբելով ավերակված երկիր ոտքի կանգնեցնել չենք կարող, որ ստի «ոտքերը» կարճ են, եւ օրերից մի օր երկրի աղավաղված, թանձր վարագուրված ողորմելի պատկերն արդեն իսկական հայելու մեջ կարտացոլվի։ Բարձրաստիճան չինովնիկները նույնիսկ ճիգ ու ջանք չէին խնայում ապացուցելու, հավատացնելու, որ ռուսաստանյան ճգնաժամը ոչ մի կերպ չի կարող բացասական հետեւանքներ թողնել Հայաստանում։ Ամենայն հավանականությամբ, նրանց շփոթեցրել էր իրենց անձնական քսակների ճոխ պարունակությունը։ Ինչքան խորանում է երկրի բյուջեի ճեղքվածքը, այնքան տնտեսության կայունության, աճի «տեմպերը» մեծանում են։ Հակառակի պես այդ «տեմպերին» համընթաց չեն «քայլում» պետբյուջեի կողմից ֆինանսավորվող հատուկենտ, մատների վրա հաշվվող շինարարությունները։ Դրանցում կամ երկար լռում է շինարարի մուրճը կամ աշխատանքն առաջ է տարվում կրիայի քայլերով։ Սեւանը տկարանում, ցամաքում է։ Նրա աչքը «ջուր կտրեց» Որոտան172Արփա թունելի ճանապարհին։ Տարիներ շարունակ այդ կարեւոր կառույցը դուրս հանվեց շինարարական ցուցակից։ Երկու տարի առաջ շինարարությունը վերսկսվեց, եւ նախատեսված է թունելը գործարկել 2000 թվականին։ Դա կարո՞ղ է տեղի ունենալ։ Խիստ կասկածում եմ, որովհետեւ օբյեկտը ֆինանսավորվում է ուշացումներով, նախատեսվածից պակաս չափով։ Օրինակ, այս տարվա յոթ ամսում շինարարները ստացել են 545 միլիոն դրամ (մի մասը 1998172ի պարտքից)՝ տարվա համար բյուջեով հատկացված 1 միլիարդ 200 միլիոնի դիմաց։ Մետրոյի Աջափնյակ գնացող հորատանցված թունելն արդեն բավական վաղեմություն ունի։ Դրա մի հատվածը տակավին մնում է առանց բետոնապատելու եւ… փլուզումներ, խցանումներ, ավելորդ ծախսեր ու աշխատանք։ Մի քանի տասնյակ միլիոն դրամ էլ այդ շինարարությանն էր տրամադրված։ Տարվա ութերորդ ամիսը մոտենում է եւ մետրոշինարարները դեռեւս մեկ լումա չեն ստացել։ Էլ չասենք նախորդ տարվա պարտքերի մասին։ Ֆինանսավորման առումով ձախորդություններն անվերջ հետեւում են նաեւ Դավիթաշենի կամրջի շինարարներին։ Այն պիտի շարք մտնի այս տարի։ Այդպես են խոստացել գնացող ու եկող բարձրաստիճան իշխանավորները։ Նրանք խոստանում են, բայց ֆինանսավորումը համառորեն կատարվում է անկանոն։ Երկու շինարարական կազմակերպություններն այդպես էլ չեն կարող աշխատանքային ճակատը մեծացնել, որովհետեւ գրպանները դատարկ են. իրենց ստացած գումարը տարվա համար սահմանվածի չնչին տոկոսն է կազմում։ Այդ այն պահին, երբ ամռանը ընդամենը մեկ ամիս է մնում։ Ավելին, տեխնոլոգիական գործընթացներ կան, որոնք մեկ172երկու ամսում լուծվել չեն կարող, դրանք ժամանակ ու սառնասրտություն են պահանջում։ Այսքանից հետո ուզում եմ մեր իշխանավորներին հարցնել. ո՞ւր մնացին տնտեսության ձեր ասած կայունությունն ու աճը, երբ մի ամբողջ երկիր ի վիճակի չի ընդամենը 31724 կառույց ֆինանսավորել, երբ բուժաշխատողները, ուսուցիչները եւ բյուջետային այլ հիմնարկ172ձեռնարկությունների աշխատողները իրենց չնչին, հազիվ օրվա ցամաք հացին բավարարող աշխատավարձը ամիսներով չեն ստանում։ ԾՈՎԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել