Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբաթվա ռոմանտիկները

Հունիս 10,2000 15:56
mardik

Ռաֆայել Ղազարյանը
«Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության վերաբերյալ պաշտոնական վարկածին զարմանալիորեն համապատասխան կարծիք արտահայտեց ռոմանտիկ ակադեմիկոսը: Ըստ նրա, խորհրդարանում սպանդը կազմակերպած ահաբեկիչները պարզապես ռոմանտիկներ են (հավանաբար, իր նման): Իշխող «դուետի» բազմաթիվ խոսնակներից մեկն այդպիսով երկու նապաստակ է խփում՝ ակնարկելով, թե. ա) ահաբեկիչների հետեւում ոչ ոք չկար եւ բ) սպանությունները, ընդհանուր առմամբ, «բարի նպատակներ» էին հետապնդում: Իսկապես, պրն Ղազարյանի «շեֆերի» համար այդ «ռոմանտիզմի» հետեւանքները չափազանց բարենպաստ էին:
ՀՀ կառավարությունը
«Էշ մի սատկի, գարուն կգա»՝ այդպիսի ռոմանտիկ սկզբունքով էր ղեկավարվում մեր կառավարությունը՝ խոստանալով մինչեւ 2003 թվականը կրկնապատկել բյուջետային աշխատավարձերն ու թոշակները: Իմ կողմից էլ ես խոստանում եմ, որ ուղիղ 60 տարի հետո պահեստապետ Մուրադը կնվագի Պագանինիի բոլոր կապրիսները: Եթե 2003 թվականին այս կառավարության անդամներից որեւէ մեկը մնա իր պաշտոնին, ապա նա հանգիստ կարող է հիշյալ խոստման չկատարումը բացատրել «նախորդ իշխանության թալանով» եւ «հոկտեմբերի 27-ով»:

Արամ Սարգսյանը
ԼՂՀ-ի գլխավոր պաշտպանը, սոցիալ-դեմոկրատներին հատուկ նուրբ ռոմանտիզմ դրսեւորելով, կարծիք հայտնեց, թե քննարկումը ավելի արդյունավետ կլինի, եթե մենք բացառենք ԼՂՀ-ի անկախությունից ավելի ցածր կարգավիճակի քննարկում: Հետաքրքիր է, եթե մենք ճանաչում ենք ԼՂՀ-ն որպես անկախ երկիր, ապա էլ ինչ ենք ընդհանրապես պատրաստվում քննարկել թե Հայաստանի ներսում եւ թե Ադրբեջանի հետ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930