Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստի հետ միասին՝ համակարգիչ

Փետրվար 28,2001 00:00

Արվեստի հետ միասին՝ համակարգիչ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով ԱՄՆ-ի դեսպանատան որոշմամբ՝ 2000-ի հոկտեմբերի 25-ին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում բացվեց Միքայել Քոթանյանի անունը կրող համակարգչային դասարան։ Տեղի ընտրությունը զոհված ակադեմիկոսի ընտանիքինն էր։ Ինչպես ասաց Մ. Քոթանյանի դուստրը՝ Հասմիկ Քոթանյանը. «Որոշ դժվարություններից հետո միայն ուսումնարանում բացվեց այս դասարանը, քանի որ սա բացառապես դպրոցական ծրագիր է, իսկ տեղի ընտրությունն արվել է մի քանի նկատառումներով. նախ, քանի որ հին կրթական օջախ է եւ ապա՝ ուսումնարան են ընդունվում հիմնականում 8-ամյա կրթությամբ դեռահասներ»։ Այս ամենին, իհարկե, գումարվում է պրն Քոթանյանի հատուկ վերաբերմունքն արվեստի ու հատկապես՝ կերպարվեստի հանդեպ. «Աշխարհում շատ չէ այն ազգերի թիվը, որոնք արվեստի բնագավառում բնատուր ստեղծագործական ձիրք ունեն։ Կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, կիրառական արվեստի ինդուստրիայի ստեղծումը Հայաստանում կարող է համաշխարհային շուկա ուղղակի ելքի ճանապարհ լինել»,- ակադեմիկոսի այս միտքը փակցված է համակարգչային դասարանում։ Ուսուցումն այստեղ մեկամսյա է, որի ընթացքում ուսանողներին տալիս են բավարար գիտելիքներ ու ծանոթացնում ինտերնետ-ցանցի ծառայություններին։ Խմբերը փոքր են՝ չորս հոգուց կազմված, ուսուցումն անվճար է։ Մինչ օրս դասընթացներին մասնակցել եւ համակարգչային գիտելիքներ է ստացել 50 ուսանող։ Դասարանն ունի երեք համակարգիչ, եւ թերեւս դրանով է պայմանավորված դիմումների կուտակումը։ Շուտով ինտերնետում կբացվի ուսումնարանի էջը, որում կպարունակվեն տեղեկություններ ուսումնարանի պատմության, ցուցահանդեսների մասին, նկարներ։ Նախատեսվում է նաեւ երեկոյան վճարովի դասընթացներ կազմակերպել, որից գոյացած ողջ գումարը կտրամադրվի այս ծրագրի հետագա ֆինանսավորմանը, քանի որ ԱՄՆ դեսպանատունը պարտավորվել է ծրագրի ծախսերն իր վրա վերցնել 1 տարի ժամկետով։ Այստեղ դասավանդում են բանիմաց ուսուցիչներ, որոնք մասնակցել են դեսպանատան կազմակերպած վերապատրաստման հատուկ դասընթացներին եւ ընտրվել քննության միջոցով։ Ուսանողները եւս մեծ խանդավառությամբ են մասնակցում ծրագրին. Գայանե Հակոբյանը (IV կուրս, ձեւավորման բաժին) ասաց. «Հուսով եմ, որ այս ծրագիրը երկար ընթացք կունենա, քանի որ միայն դասավանդողների ստեղծած ջերմ, անմիջական մթնոլորտն արդեն տրամադրում է սովորելու եւ ավելի շատ բան համակարգչի մասին իմանալու»։ ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել