Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱԾՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Սեպտեմբեր 29,2001 00:00

ԱՐԱԾՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ Արդեն մեկ ամիս է, ինչ ավարտվել են «Համահայկական 2-րդ խաղերը»։ Սակայն մարզասերների հիշողությունում դեռ թարմ են Հայաստանի մարզական կառույցներում ծավալված պայքարների մանրամասները։ Խաղերը ծառայեցին իրենց նպատակին։ Եվ այդ գործում անչափ մեծ դեր խաղացին մարզական կազմակերպությունները, մարզակառույցների ղեկավարները, առանց որոնց գործնական աջակցության որեւէ հաջողություն ակնկալել անհնար էր։ Խաղերի կազմկոմիտեն անցած մեկ ամսվա ընթացքում պարբերաբար անդրադառնում է համալիր միջոցառման կայացման գործում արժանի դեր ունեցած կազմակերպություններին ու անհատներին՝ նրանց մատուցած ծառայությունները գնահատելով պատվոգրերով, «Համահայկական երկրորդ խաղերի» կրծքանշաններով։ Երեկ ՀՀ սպորտվարչությունում մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը, շնորհակալություն հայտնելով մի խումբ մարզական կազմակերպությունների ու դրանց ղեկավարներին, հանդիսավոր պայմաններում նրանց հանձնեց պատվոգրերը։ Վերջում նա հույս հայտնեց, որ երկու տարի հետո նորից Երեւանում կայանալիք Երրորդ խաղերին կմասնակցեն ավելի մեծ թվով մարզիկներ եւ հյուրեր։ Դրա համար հիմք է ծառայում այս տարի Հայաստան ժամանած սփյուռքահայերի արտահայտած ցանկությունը՝ կրկին հայրենիք գալու եւ այդ գեղեցիկ միջոցառմանը մասնակցելու։ Սակայն փոխնախարարն ուշադրություն հրավիրեց նաեւ այն բանի վրա, որ Երկրորդ խաղերում տեղ էին գտել կազմակերպչական մի շարք վրիպումներ եւ թերություններ։ Ճիշտ է, նա դա համարեց անխուսափելի, քանի որ Հայաստանում դեռեւս նման խոշորամասշտաբ համալիր մարզական միջոցառման կազմակերպած փորձ չկա։ Սակայն դա արդարացում չէ եւ հարկավոր է համապատասխան հետեւություններ անել ու հաջորդ խաղերում նվազագույնի հասցնել նման երեւույթները։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել